Գոռ Մադոյան
Սյունակագիր, փոդքասթեր, մեդիայի և հաղորդակցության մագիստրոս

1999թ.: Հունիսի 29֊ին կարճատև գահակալությունից հետո մահացավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն։ Հոկտեմբերի 26֊31֊ը սպասվում էին նոր ընտրություններ։ Կազմակերպիչը կաթողիկոսական տեղապահ ընտրված Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանն էր լինելու։ Մամուլը գրում էր իշխանությունների «սիրելի» թեկնածուի, դրա դեմ պայքարող «ապստամբ» եպիսկոպոսների մասին։ Դեռևս թարմ էին 1995թ․ կաթողիկոսական ընտրությունների տպավորությունները, երբ նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանը իր ուղղակի աջակցությունն էր հայտնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ֊ին, որն էլ, ի վերջո, ընտրվեց։

1999թ֊ի մամուլը գրում էր, որ նոր իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանը, ունի իր թեկնածուն։ Կաթողիկոսի հավանական թեկնածուների մասին «Առավոտը» գրեց առաջիններից մեկը՝ վերատպելով Ստամբուլի «Մարմարա» թերթի հոդվածը։

Ըստ դրա՝ «…թեկնածու Սրբազանների մեջ նա (Ներսես Արք. Պոզապալյան) ամենատարեցն է, երկար տարիներ աշխատել է որպես Մայր Աթոռի դիվանապետ, լավ է ճանաչում շրջանակն ու գործը, ունի լայն փորձառություն, լուրջ ու գիտակից հոգևորական է,   և վերջապես կարելի է մտածել, թե հենց նա առաջին իրավունքն ունի ընտրվել Ամենայն Հայոց կաթողիկոս»։ Բացի Պոզապալյանից, հիմնական հավակնորդ էին Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին Արք. Ներսիսյանը (Գարեգին Բ), Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանը   և Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանը։

Մամուլում ակտիվ քննարկվում էր «դրսի ու ներսի» կաթողիկոսների թեման։ Մասնավորապես․ «…Նրանք ցանկանում են, որ նոր կաթողիկոսն անպայման Հայաստանի ներսից ընտրվի։ Բայց այս մարդիկ հաշվի չեն առնում, որ կաթողիկոսը Ամենայն Հայոց կաթողիկոս է   և ոչ թե Հայաստանի Հայոց կաթողիկոս»,- գրում էր թերթը։ 

Սեպտեմբերի 17֊ին առաջին կասկածը հայտնում է 1995թ. կաթողիկոսական ընտրություններում պարտված Արցախի թեմակալ Պարգև սրբազանը՝ «Ազգ»֊ի էջերում։

«Բացահայտ միջամտության նշաններ չկան: Ասեմ ավելին, ոչ մի բան չի նկատվում դեռ, ժամանակը կգա, ամեն ինչ առավել պարզված կնկատվի», ֊ մեկնաբանում է սրբազանը։

Նույն օրը վարչապետ Վազգեն Սարգսյանը հրավիրում է նիստ՝ քննարկելու  քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակը։ Զեկուցում է կառավարության կրոնի գործերի պետական խորհրդի նախագահի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը (այն ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար)։ 

Լրահոսը «պայթեց» հաջորդ շաբաթ։ Կիրակի՝ սեպտեմբերի 26֊ին, մի խումբ արքեպիսկոպոսներ հայտարարություն տարածեցին՝ մեղադրելով իշխանություններին միջամտելու համար։ «Առավոտը» այդ հայտարարությունը հրապարակեց սեպտեմբերի 28֊ին՝ առաջին էջում՝ «Արքեպիսկոպոսներն ընդվզում են» վերտառությամբ։ Գրված էր. «Ցավոք, վերջին օրերի զարգացումները հստակորեն ցույց են տալիս, որ պետական ավագանին կարծիք է կայացրել և դիրքորոշվել է ի նպաստ թեկնածուներից մեկի և աշխատանք է կատարում նրա կաթողիկոսացման համար»։ Հայտարարությունը ստորագրել էին 6 արքեպիսկոպոս՝ Ներսես Պոզապալյանը, Երուսաղեմի պատրիարք Թորգոմ Մանուկյանը, Պոլսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, Ռուսաստանի թեմակալ Տիրան Կյուրեղյանը, Արցախի թեմակալ Պարգև Մարտիրոսյանն ու ԱՄՆ Արևելյան թեմակալ Խաժակ Պարսամյանը։ 

Իշխանական մամուլը լուռ էր: Պետական «Հայաստանի Հանրապետությունը» այդ օրվա համարում գրում է, որ Կիլիկիո պատիրարք Արամ Ա-ն հանդիպել է  նախագահ Քոչարյանին, իսկ Պոզապալյանի գլխավորած պատվիրակությունը՝ ԼՂՀ նախագահ Ղուկասյանին։ «Ազգը»֊ը, չանդրադառնալով «6»֊ի հայտարարությանը, տեղադրում է Ռ․ Քոչարյանի մամլո քարտուղար Վահե Գաբրիելյանի հավաստիացումները, որ «պետական միջամտություն չի լինի»։ 

Հաջորդ օրը «Ազգի» խմբագիր Հակոբ Ավետիքյանը հակադարձում է 6 եպիսկոպոսներին՝ գրելով՝ «Հարցականի տակ է դրվել Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությունների բարոյական ու օրինական գործընթացը՝ այստեղից բխող անկանխատեսելի բոլոր հետևանքներով»։ Ընտրությունների թեման մամուլում գնալով «թեժանում» է։ Հոկտեմբերի սկզբին «Առավոտի» Սաթիկ Սեյրանյանը հարցազրույց է անում եպիսկոպոսների հայտարարության հասցեատեր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ

Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ, հեգնելով՝ ընտրություններում «կրակոցներ չե՞ն լինի»։ Նա էլ պատասխանում է՝ «Սերը կհաղթի»։ 

Հոկտեմբերի 7֊ին Ներսիսյանը հարցազրույց է տալիս «Ինտերֆաքսի» հայկական թղթակցին՝ նշելով որ «6»-ի կոչը. «մտահոգության արտահայտման լավագույն ձևը չէ»։ Նա ասում է,  որ մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ հանդիպել են Ռ․ Քոչարյանին, և «ընտրություններին պետության միջամտություն չի լինի»։ Մամուլում «էկզոտիկ» կոչեր էլ կային։ Ոմն ամերիկահայ բարերար՝ Կառլ Սողոյանը, առաջարկում էր «սահմանել կաթողիկոսության պաշտոնի առավելագույն 10֊ամյա շրջան՝ հնարավորություն ընձեռելով ավելի շատ հոգևորականների զբաղեցնել այդ պաշտոնը»։ 

«Ազգը» շարունակում է խաչակրաց արշավանքը 6 եպիսկոպոսների  դեմ՝ մեղադրելով նրանց եկեղեցին պառակտելու մեջ։ «Առավոտն» այդ օրերին ուսումնասիրում էր պատվիրակների ցուցակները և պարզել էր, որ, օրինակ, Արարատի մարզից կաթողիկոս են ընտրելու մարզպետ Հովիկ Աբրահամյանն ու ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը, Կոտայքից՝ Գագիկ Ծառուկյանը, Երևանից՝ քաղաքապետ Բազեյանը և այլ հայտնիներ։ Վերջում Սաթիկ Սեյրանյանը, հեգնախառն նկատում է, որ «…հնարավոր է՝ մի թեթև բացառություն կլինի Սփյուռքի թեմերի պատվիրակների ցուցակում, քանի որ ոստիկանապետ դժվար թե ունենան»։

Հեռակա «պատերազմը» «Առավոտի» և «Ազգի» միջև շարունակվում էր։ «Առավոտը» հրապարակում է Աշոտ Պետրոսյան անունով հեղինակի ջախջախիչ սյունակը, որը Հակոբ Ավետիքյանին մեղադրում էր իշխանության պատվերը կատարելու համար։ Նշվում էր, որ նախորդ ընտրություններին Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն աշխատել է հօգուտ իշխանության՝ կիսելով Գարեգին Ա֊ին դեմ ձայները, ապա դրանք «նվիրել է» նրան՝ ձեռք բերելով «պետության կամքը կատարող մարդու համբավ»։ Հոդվածագիրը նաև ցնցող բացահայտում է անում, թե «Պետական անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել հօգուտ Ներսիսյանի։ Մայր Աթոռ է ուղարկել իր մարդկանց՝ պարտադրելու այդ որոշումը տեղապահին և Կ. Պոլսի պատրիարքին»։ 

Զուգահեռաբար, դատ է սկսվում Արմավիրի թեմակալ Ասողիկ Արիստակեսյանի դեմ։ Նա մեղադրվում է 250.000$ յուրացնելու մեջ։ Վերջինս մեկուսարանից նամակով Քոչարյանին անվանում է «Տրդատ թագավորի հետնորդ» և կոչ անում իր «հոգածությամբ ու պետական խնամքով» միջամտել ու մասնակցել կաթողիկոսի ընտրություններին։ «Ազգը» մեղադրում է նաև Պոլսի պատրիարք Մութաֆյանին՝ գրելով, թե նրա միջոցով Թուրքիան միջամտում է կաթողիկոսի ընտրություններին։ Պարույր Հայրիկյանը՝ իր ԱԻՄ֊ով, Դաշնակցությունն ու Սիլվա Կապուտիկյանը դիմում են ընտրությունների հետաձգման առաջարկով։ Ընտրություններից օրեր առաջ, «Առավոտը» հայտնում է, որ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանն ու Լևոն Մկրտչյանը ճնշում են եպիսկոպոսներին։

1999թ. հոկտեմբերի 27֊ին ձայների 276/163 հարաբերակցությամբ  Գարեգին Ներսիսյանն առաջին փուլում հաղթում է Ներսես Պոզապալյանին ու ընտրվում Ամենայն հայոց 132֊րդ կաթողիկոս։