Առջևում 2026-ի ընտրություններն են։ Դեռ նոր սկսած՝ 2025-ը դարձել է նախընտրական պայքարի հրապարակ։ Հայաստանյան քաղաքական միտքն ու կամքը, որպես գործիքակազմ, հիմնականում օգտագործում են մամուլը, սոցցանցերը և փողոցային պայքարը։ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ փողոցային պայքարը չի աշխատում, հետևաբար որպես երակարաժամկետ գործիք՝ մեծ դեր է տրվում տեղեկատվական պայաքարին։ Սա էլ նշանակում է, որ տեղեկատվական դաշտում սպասվում են մեծ իրադարձություններ։
Եվ այսպես, ինչ որակական կամ քանակական փոփոխությունների կարելի է սպասել։
Կան մի շարք ակնհայտ երևույթներ, որոնք կանխատեսելու համար պետք չէ մասնագետ լինել։ Հասկանալի է, որ դեպի մեդիադաշտ լուրջ ֆինանսական ներհոսք կլինի։ Կաճի քաղաքական լրահոսի չափաբաժինը։ Թռիչքային աճ կունենան ատելության խոսքը, հայհոյանքն ու զրպարտությունը, ապատեղեկատվությունը։ Հիմա էլ դրանց պակասը չկա, բայց ամենայն հավանականությամբ, մենք ականատես կլինենք քանակի և որակի լրջագույն խտացման, թանձրացման։
Սա կունենա իր հետագա ազդեցությունը ընդհանուր լրագրության որակի անկման գործում։ Մի կողմից, քանի որ հայաստանյան քաղաքական պայքարում ցածրորակ լրագրությունը փորձված զինամթերք է, այն հաճախ գիտակցաբար առաջ է մղվելու։ Մյուս կողմից, ֆինանսական ներարկումները, կադրային սովի ֆոնի վրա նորանոր հարթակներ ստեղծելու մոլուցքը ոլորտ կբերեն առավել անընդունակ, էվոլոյուցիոն հակառակ շարժման ներկայացուցիչների։ Եվ հետևանքները դեռ ավելի երկար կզգացվեն, քան ընտրական արշավը կընթանա։
Կարելի է սպասել նաև ավելի հետաքրքիր զարգացումների.
Այս անգամ մենք կտեսնենք քաղաքական քարոզչության մեջ սոցցանցերում մեծ լսարան ունեցող ինֆլյուենսերների ավելի լայն ներգրավան։ Դա կլինի ինչպես բացահայտ՝ կուսակցական ընտրական ցուցակներում ներգրավելուց, մինչև ծածուկ վճարովի գովազդը։
Գովազդը սոցցանցերում նույնպես ակտիվ կկիրառվի։ Ընդ որում, այս անգամ կարևոր գործոններից մեկը կլինի նաև այն, որ Մետան հրաժարվել է քաղաքական գովազդի սահմանափակումներից և փաստերի ստուգման ցանցի կիրառումից։ Այսինքն, քաղաքական ուժերը էլ ավելի ազատ ու անվերահսկելի կլինեն ոչ միայն իրենց լեգիտիմ հարթակները տարածելու հարցում, այլև անխոչընդոտ կկարողանան կեղծիքները գովազդի անվան տակ տարածել։
Սպասելի է՝ կեղծիքների շրջանակում կտրուկ կաճի ֆեյքաբուծարանների ֆինանսավորումը։ Ֆեյքերը կծլեն ու կծաղկեն՝ և՛ որպես անհայտ կայքեր ու էջեր սոցցանցերում, և՛ որպես մեծ քանակի կեղծ օգտատերեր, որոնց միջոցով կստեղծվի տպավորություն, թե լայն հասարակական զանգվածները կողմ են կամ դեմ այս կամ այն անձին, գաղափարին, ուժին, կոնկրետ գրառմանը։
Եվ պարզ է, որ աճելու է նաև արտաքին ազդեցությունը։ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը լինելու են տեսանելի, իսկ շատ հաճախ՝թաքնված մեդիա գործոններ։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին և Եվրամիությանը, ապա այս պահին իրենք էլ տեղյակ չեն, արդյոք կներգրավվե՞ն իրենց մեդիագործիքներով, թե՞ կզբաղվեն նոր աշխարհաքաղաքական օրակարգով։
Ինչևէ, 2026-ի ընտրությունների «հոտ»-ն արդեն զգացվում է մամուլում ու սոցցանցերում, փոդքասթներում և վերլուծական մտքի փայլատակումներում։ Բայց սա դեռ միայն խաղից առաջ մկանների տաքացում է։