Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու ՔՊ–ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը փետրվարի 21-ին չտեսնված լավություն արեցին «Ազատություն» ռադիոկայանին։ 10 րոպե տարբերությամբ նրանք ֆեյսբուքում գրեցին, թե «Ազատությունը» «ֆեյք» ու «կիսաճշմարտություն» է տարածում։
««Ազատություն» ռադիոկայանը իր ռեպորտաժում առերևույթ կիսաճշմարտություններ է ներկայացրել ԵԱՀԿ ԽՎ հայկական և թուրքական պատվիրակությունների հանդիպման մասին»․ իր գրառումն այսպես էր սկսել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Արայիկ Հարությունյանն էլ գրել էր․ ««Ազատությունն» սկսեց ֆեյք էլ տարածել»։ Հետո բացատրել էր, թե որ ռեպորտաժում և ինչն է «ֆեյք» եղել։
ՔՊ–ականները այս գրառումներով «Ազատությանը» «պաշտոնապես» իրենցից պոկեցին ու դրեցին իրենց դեմ–հանդիման, համարյա ընդդիմադիր կարգավիճակում։ Պատահական չէ, որ Արայիկ Հարությունյանը գրառման մեջ նշում է․ «Մի քանի օր առաջ հեռախոսով լսում էի «Ազատության» ռեպորտաժը: Ընկերս, ով էկրանը չէր տեսնում, բայց լսում էր լրագրողի ձայնը, հարցրեց՝ 5-րդ ալի՞քն է»։
«Ազատությունը» միշտ է բարձր ռեյտինգ ունեցել, բայց 2018-ի իշխանափոխության օրերին, երբ ուղիղ եթեր բերեց իշխանափոխության ողջ ընթացքը, այդ ռեյտինգը հասավ պիկին, այնպես, ինչպես պիկին էր հասել Փաշինյանի ռեյտինգը։ Իշխանություն փոխողները դարձան իշխանություն, ու «Ազատությունը» հայտնվեց մի անսովոր՝ իշխանության սիրելի ու վստահելի լրատվամիջոցի կարգավիճակում, գրեթե յուրային՝ ինչպես Հ1-ը։
Դատելով վերջին շրջանում «Ազատության» եթերում հայտնվող վերնագրերից ու փոքրիկ ռիլերից՝ ռադիոկայանը չի ուզում, որ հանրությունն իրեն ընկալի որպես իշխանության յուրային լրատվամիջոց, և վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու ՔՊ–ական պատգամավորը իրենց գրառումներով, թերևս, մի քիչ օգնեցին, որ այդ ընկալումները փոխվեն։ Նրանց դժգոհությունը նշանակում է, որ կուլիսներում «Ազատության» հետ լեզու գտնել չի ստացվում, ու դժգոհությունը դառնում է հրապարակային։ Արժանանալ իշխանության հրապարակային քննադատությանը՝ մինչև վերջերս նրա վստահելի լրատվամիջոցը լինելուց հետո, նշանակում է դառնալ նախկին «Ազատությունը»։
«Նախկին «Ազատությանն» իր գրառման մեջ հիշել էր նաև Արայիկ Հարությունյանը՝ չմասնավորեցնելով, թե հատկապես որ «Ազատությանը» նկատի ունի․ օրինակ՝ 2018–ից հետոյի՞ «Ազատությանը», երբ իրենք իշխանության գալու ճանապարհին էին, թե՞ 2008-ի «Ազատությանը», երբ իրենց լիդեր Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր էր։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գրառման առիթ դարձած տեսանյութին, այդ գրառման շեշտադրումներին այս հոդվածում չենք անդրադառնա․ առատ ձյան, կաթվածահար տրանսպորտի ու այդ ամենին իշխանության ներկայացուցիչների արձագանքի մասին շատ գրվեց։ Ստորև անդրադառնալու ենք Արթուր Հովհաննիսյանի գրառմանը, որի առիթը «Ազատության» տեսանյութն է՝ Վիեննայում հայկական և թուրքական պատվիրակությունների հանդիպման մասին։ Հանդիպման վերաբերյալ խիստ սահմանափակ ինֆորմացիա տարածվեց՝ ընդհանուր ձևակերպումներով։
Արթուր Հովհաննիսյանն ընդդեմ Լիլիթ Գալստյանի
Եթե դիտել եք 5-րդ ալիքի փետրվարի 21-ի թողարկումը, ուրեմն, կիմանաք, որ փետրվարի 20-ին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստայնը ելույթ է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում ու խոսել է Բաքվում պահվող հայ գերիների մասին։ Ասել է, որ դատավարությունը շինծու է, ընթանում է միջազգային իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումներով, ու հորդորել է մոնիտորինգային առաքելություն ուղարկել Բաքու՝ դատավարության ընթացքին հետևելու։ Պատգամավորի ելույթն ու Բաքվում ընթացող դատավարությունը ներկայացվեցին մեկ տեսանյութով։
ԵԱՀԿ վեհաժողովից ուրիշ որևէ ինֆորմացիա 5-րդ ալիքի «Հայլուրը» չներկայացրեց, ու տպավորություն էր, թե ընդդիմադիր պատգամավորը միայնակ է գնացել Վիեննա՝ առանց պատվիրակության, իսկ Վեհաժողովում, նրա ելույթից բացի, Հայաստանին առնչվող ուրիշ ոչինչ չի եղել։
Մինչդեռ ԵԱՀԿ վեհաժողովի ձմեռային նստաշրջանին մասնակցելու համար Վիեննա էր մեկնել ԱԺ պատվիրակություն՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ղեկավարությամբ, ու ելույթ էին ունեցել պատվիրակության բոլոր ՔՊ–ական անդամները։
«Ազատությունը» նստաշրջանի մասին ռեպորտաժը պատրաստել է՝ խոսելով դարձյալ Լիլիթ Գալստյանի հետ, գործածել է հատվածներ նրա և Սարգիս Խանդանյանի ելույթներից, մեջբերել Խանդանյանի ֆեյսբուքյան գրառումից։ Խանդանյանը տեղեկացնում էր, որ ԵԱՀԿ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի պատվիրակնությունները, «քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Երկկողմ կարևորվել է տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումը եւ տնտեսական հարաբերությունների զարգացումը»:
Թուրք պատվիրակների հետ հանդիպման մասին մանրամասներ ճշտելու համար նյութի հեղինակը զանգել է հայկական պատվիրակության անդամներին, բայց «նրանք օրվա ընթացքում զանգերին այդպես էլ չպատասխանեցին»,–գրել է լրագրողը։ Ու սա առիթ է դարձել, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը գրի, թե «լրագրողը իր ռեպորտաժում առերևույթ կիսաճշմարտություններ է ներկայացրել ԵԱՀԿ ԽՎ հայկական և թուրքական պատվիրակությունների հանդիպման մասին»:
«Լրագրողը նշում է, որ չի հաջողվել կապ հաստատել հայկական պատվիրակության անդամներից և ոչ մեկի հետ, այն դեպքում, երբ ինձ հետ օրինակ, որպես պատվիրակության անդամ, որևէ մեկը չի կապվել»:
Լրագրող Շողիկ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Փորձել եմ կապվել Սարգիս Խանդանյանի և Լիլիթ Մինասյանի հետ, նրանցից որևէ մեկը չի արձագանքել։ Արթուր Հովհաննիսյանին չեմ զանգել, որովհետև ինքը սովորաբար զանգերին չի պատասխանում և հեռախոսով մեկնաբանություններ չի տալիս»։ Շողիկը նշեց, որ պատվիրակության անդամներից չի զանգել նաև Մարիա Կարապետյանին, քանի որ «խորհրդարանական լրագրողները գիտեն, որ նա ռեպորտաժի համար մեկնաբանություններ չի տալիս, համաձայնում է միայն ամբողջական հարցազրույցներին»։
Ինչու է «Ազատության» լրագրողը զանգել Լիլիթ Գալստյանին՝ հասկանալի է․ նա պատվիրակության միակ ընդդիմադիր պատգամավորն էր Վիեննայում, և նրա ելույթի ասելիքը տարբեր է եղել ՔՊ–ականների ասելիքից։ Գալստյանը խոսել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրից, իշխող թիմի պատգամավորները՝ միով բանիվ, տարածաշրջանի խաղաղությունից ու խաղաղության խաչմերուկից։
Ինչու է Արթուր Հովհաննիսյանին զայրացրել Լիլիթ Գալստյանի խոսքը, դարձյալ հասկանալի է․ իրենք խոսում են խաղաղությունից, իսկ դաշնակցական պատգամավորը Ադրբեջանին ու Թուրքիային անվանում է «ագրեսոր ու ցեղասպան»։
«Ազատություն» ռ/կ-ն պատրաստում է միակողմանի ռեպորտաժ միայն դաշնակ Լիլիթ Գալստյանի խոսքի հիման վրա, իսկ դե դաշնակը պարզ է, թե ինչեր պետք է ասեր», –գրել է Արթուր Հովհաննիսյանը:
Հիմա վերադառնանք նրա գրառման սկզբին։ «Լրագրողը իր ռեպորտաժում առերևույթ կիսաճշմարտություններ է ներկայացրել ԵԱՀԿ ԽՎ հայկական և թուրքական պատվիրակությունների հանդիպման մասին»։ Եվ սա այն դեպքում, երբ հանդիպման մասին միակ ինֆորմացիան եղել է ՔՊ–ական Սարգիս Խանդանյանի գրառումը, որը լրագրողը մեջբերել է բառացի։ Նույն այդ գրառումն է Արթուր Հովհաննիսյանը դրել մեկնաբանություններում՝ որպես հանդիպման վերաբերյալ հղում։ Այդ հղման բառացի բովանդակությունն է ներկայացվել ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանի մասին պատմող ԱԺ պաշտոնական կայքում և «Հայկական ժամանակում»։ Այսինքն, հայկական և թուրքական պատվիրակությունների հանդիպման մասին այլ ինֆորմացիա, քան Սարգիս Խանդանյանի գրառումն է, այս օրերին չի հրապարակվել, չի եղել։ Ի՞նչ պիտի ասեր Արթուր Հովհաննիսյանը, եթե լրագրողը զանգեր նրան, ու նա էլ պատասխաներ լրագրողի զանգին․ առավելագույնը՝ հակադարձեր «դաշնակ Լիլիթ Գալստյանին»։