2024.11.15,

Քննադատ

Քաղաքական կանխատեսումներ՝ սափրված մորուքի շուրջ

author_posts/mariam-barseghyan
Մարիամ Բարսեղյան

Լրագրող

Համացանցում հանդիպած կլինեք, թե ինչպես են փոքր երեխաները արձագանքում, երբ տեսնում են, որ հայրիկը սափրել է մորուքը։ Նրանք մի պահ կանգ են առնում, զարմացած նայում հոր անմազ դեմքին, փորձում են ճանաչել, հասկանալ, թե ինչն է փոխվել, չեն հասկանում, սկսում են բարձաձայն լացել ու փախչել հորից։ Մեր հանրության արձագանքը` Նիկոլ Փաշինյանի սափրված դեմքին, ճիշտ այդպես եղավ․ ուզում ենք հասկանալ, թե ինչու է վարչապետը սափրել թավշյա հեղափոխության խորհրդանիշներից մեկը դարձած իր մորուքը։ 

Նախօրեին, երբ լրագրողները վարչապետի աներորդի, պատգամավոր Հրաչ Հակոբյանին վրդովված հիշեցրել էին Նիկոլ Փաշինյանի հեծանիվ քշելու մասին, նա պատասխանել էր․ «Պատկերացնո՞ւմ եք՝ հաց էլ է ուտում։ Որ գործից հետո գնում է տուն, քնում էլ է, պատկերացնո՞ւմ եք»։  

Ահա այդպես՝ հեծանիվ քշելու, հաց ուտելու և քնելու նման Նիկոլ Փաշինյանն ունի նաև սափրվելու իրավունք։ Դա խիստ անձնական հարց է, ինչպես մազերը կտրել–չկտրելը, ներկել–չներկելը, քիթը վիրահատելը կամ այս կարգի ցանկացած բան։   

Վերջին անգամ Փաշինյանին սափրված տեսել էինք 2018թվի մարտի 31-ին՝  Գյումրի-Երևան քայլերթի սկզբում։ Երևան նա հասավ ապրիլի 13-ին, հետո հաջորդեցին թավշյա հեղափոխության զարգացումները, իշխանափոխությունը, ու դրանից հետո վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը շուրջ վեց տարի մորուքով էր՝ մինչև երեկ։ Երեկ նա դարձավ այնպիսին, ինչպիսն ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր՝ ուղղակի նկատելի սպիտակած մազերով։  

Նիկոլ Փաշինյանը սափրվելու իրավունք ունի, բայց երբ նա ի ցույց է դնում իր սափրված դեմքը ու հետն էլ աչքով անում, մարդկանց լիիրավ իրավունք է տալիս իր սափրվելը քննարկելու։   

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտե, որ իր սափրվելը քննարկվելու է, ու նա ուզում է, որ այդպես լինի։ Սափրված դեմքով իր տեսանյութում նրա աչքով տալը դա է նշանակում։ Կարծես ասում է՝ դե, սկսեք, դե, ձեզ տեսնեմ։ Տպավորութjուն է, թե Փաշինյանը սափրվել է՝ տեսնելու համար, թե ով ինչպես է արձագանքում դրան։ 

Նոյեմբերի 14-ին, ժամը 19:00-ի մերձակայքում  Նիկոլ Փաշինյանը տարածած կարճ տեսանյութով հայտնեց, որ սափրել է մորուքը։ Նույն օրը նա Ազգային ժողովում մասնակցել էր 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ու արել աննախադեպ հայտարարություն՝ Հայաստանի Անկախության հռչակագրի վերաբերյալ։ Նա ասել էր․ «Տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը, տասնյակ անգամներով։ Եվ եկել եմ մի սարսափելի եզրակացության․ էդ Անկախության հռչակագիրը, բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ»։ 

Հիմա հանրությունը փորձում է հասկանալ կապը՝ վարչապետի այդ հայտարարության և մորուքը սափրելու միջև։ Քննարկվող տարբերակները շատ են, դրանցից հիմնականը երկուսն են։ Առաջինը, որ սափրվելով վարչապետը փորձում է շեղել ուշադրությունը Հռչակագրի մասին հայտարարույթունից, երկրորդը՝ որ նա սափրված, նոր դեմքով պատրաստվում է անել մի նոր՝ երկրի համար ճակատագրական գործողություն։ 

Փաշինյանը ոչ առաջին, ոչ էլ վերջին հանրային դեմքն է, որը նախ բեղ–մորուքով էր, հետո առանց դրանց կամ հակառակը։ Նախադեպային օրինակ է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը․  2011–ի մարտին նա երկու շաբաթ հացադուլ հայտարարեց, հետո, երբ դուրս եկավ հացադուլից ու հանդիպեց լրագրողներին, տեսանք, որ սափրել է դիմագիծ դարձած իր բեղերը։ Նա հայտարարեց, որ իր նոր իմիջը Հայաստանի նոր փոփոխությունների գնալու սկիզբը կլինի։ Այդ փոփոխությունները, սակայն, տեղի ունեցան դրանից շուրջ 7 տարի հետո միայն՝ 2018-ին։ 

Նոր իմիջով նոր փոփոխություններ Նիկոլ Փաշինյանն արեց 6 տարի առաջ, ի՞նչ նոր բան է անելու հին իմիջին վերադարձով։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *