2024.10.15,

Քննադատ

Բրեժնևի մասին հիշեցնում ենք ամերիկյան Օսկարին, ինքներս էլ չիմանալով, թե ինչու

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

2025 թվականի Օսկար մրցանակաբաշխությանը Հայաստանը ներկայանալու է շատ տարակուսելի ֆիլմով, որի թեման, ընդհանուր ուղերձն ու անգամ վերնագիրը հուշում են, որ հայաստանյան կինոյի քաղաքականությունը ոչ միայն լուրջ վերանայման կարիք ունի, այլև պարզապես այն կարելի է համարել տապալված։ Քաղաքականությունը զրոյական է, քանի որ դա մեր շահերից բխող քաղաքականություն չէ։

«Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը, որը Հայաստանի կինոակադեմիան համարել է այս պահին Հայասատանի մասին պատմող լավագույն տարբերակը, համատեղ ռուս–հայկական արտադրություն է, որը տևել է մի քանի տարի՝ հաշվի առնելով նաև Ռուսաստանի դեմ միջազգային կինոհամայնքի պատժամիջոցները։ Ֆիլմի համար անհրաժեշտ գումարների հարցը ձգձգվել է ու նաև պարզ դարձել, որ ֆիլմը դժվար թե մուտք գործի համաշխարհային կինոփառատոնների քարտեզ՝ ավելի շատ մնալով ռուսաստանյան ներքին շուկային հարմար (այն էլ վերապահումով) պրոդուկտ։

Ի վերջո, այն ավելի շատ պատմում է Ռուսաստանի մասին, բայց մեր միջոցով։

Չնայած, որ ֆիլմի գործողությունը տեղի է ունենում Հայաստանում ու հայ հերոսներով, այն շարունակում է ժամանակակից Ռուսաստանի հիմնական քարոզչական գիծը․ ինչպե՞ս կործանեցինք մեծ երկիրն ու հայտնվեցինք կոտրած տաշտակի առջև…

Ֆիլմի առանցքում համակրելի հայ թոշակառու ծերուկ է, որի համար Սովետի փլուզումը մի իրականություն է, որի հետ նա չի կարողանում հաշտվել ու անընդհատ իր իղձերում-տեսլիքներում մարմնավորում ու զրուցում է ԽՍՀՄ առաջնորդի հետ, այդպիսով իրեն զգալով պետքական։

Կարոտաբաղձությունը ուղղակի դուրս է շպրտում բարի ու միամիտ Յաշային ներկա իրականությունից, որտեղ տհաճ է, գարշահոտ, անորոշ, անապոհով, աղքատիկ ու անգաղափար։ Բրեժնևից բացի ֆիլմում հայտնվում են տարբեր օդիոզ պատմական կերպարներ՝ Սովետական Ռումինիայի առաջնորդ Չաուշեսկուն ու նրա կինը, Գերմանիայի Սովետական հատվածի առաջնորդ Խոնեկերը, Չե Գեվարան, գնչուներ, ռուս աղջիկ՝ սարաֆանով, բալետային կարապներ և այլն։

Ֆիլմում շատ է երաժշտությունը և հեղինակային օմաժները (նմանակումը՝ հարգանքով և սիրով) հայտնի ռեժիսորներին՝ Կուստուրիցայից մինչև Տարանտինո։ Այդ ուրախ շերտերը իրականում թողնում են ոչ թե տրագիկոմեդիայի տպավորություն, այս տրագեդիայի։ Բարի Յաշան իրեն չի գտնում ներկայում։ Իսկ դա միշտ ողբերգական է թե՛ հերոսի, թե՛ իր շրջապատի համար։ Թե՛ այն երկրի, որտեղ ապրում է։

Ի դեպ՝ Էդգար Բաղդասարյանն իր ֆիլմը նկարահանել է շատ պրոֆեսիոնալ՝ լավ դիալոգներով, բազմամարդ տեսարաններով ու հստակ։ Հստակ է, որ նախկինում պետքական մարդն այսօր իր տեղի չի գտնում ու մտովի վերադառնում է անցյալ, որտեղ լավ էր, ապահով ու ծանոթ։ Ֆիլմն այդ նոտայով էլ ավարտվում է։ Մարդը ինչպես իրեն չէր գտնում, այդպես էլ չի գտնում։ Միայն սպասում է, թե երբ իր հետ կխոսի միակ հարազատը՝ անհետացած կայսրության վերջին առաջնորդը։

«Յաշան շարունակում է ապրել մի երկրում, որն այլևս գոյություն չունի։ Մեռածները շարունակում են թաղել ապրողներին»,– սա հատված է ֆիլմի անոնսից, որը շատ ճիշտ փոխանցում է ֆիլմի իմաստային ուղերձը։

Բայց կա մի կարևոր հարց՝ իսկ եթե փորձենք փողոցում հարցում անցկացնել հայաստանցիների շրջանում, քանի՞ մարդ կասի, թե ով էր Չաուշեսկուն, Խոնեկերը և, ի վերջո, Բրեժնևը, որոնց գոյություն մասին սիրով հիշեցնող այս ֆիլմը նկարահանվել է։ Իհարկե, ռուսաստանյան փողերն ու համաարտադրողները կուզեին, որ հայ Յաշան (ի դեպ՝ ոչ թե Հակոբը, այլ հենց Յաշան) շարունակեր ապավինել ուժեղ երկրի ուժեղ առաջնորդի հետ հաղորդակցվելու հաճույքին։ Բայց կա նաև այլ հարց՝ իսկ ի՞նչ ենք ուզում մենք։

Մենք-ը այս դեպքում խառը հասկացություն է։ Մենք-ը Հայաստանի Կինոակադեմիան է, որի կազմում բավականին շատ են Ռուսաստանի քաղաքացիները ու ռուսական կինոդաշտում մեծ ներդրում ունեցողները։ Ի դեպ՝ «ներդրում» բառը բնավ էլ հաճոյախոսություն չէ։

Կարելի թերթել անդամներին ներկայացնող էջը ու տեսնել, թե ովքեր են ներկայանում հայաստանյան կինոյի անունից։

Որպես հիշեցում հենց այդ նույն մեր Կինոակադեմիային․ 2016–ին Հայաստանը փորձեց Օսկարի լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում առաջադրել Սարիկ Անդրեասյանի «Zemletryaseniye» («Երկրաշարժ») ֆիլմը, բայց Օսկարի կազմակերպիչներից ստացավ մերժում հենց մեծամասամբ ռուսական արտադրություն լինելու պատճառով։

Բարեբախտաբար, ֆիլմն այդպես էլ չներկայացրեց Հայաստանը, քանի որ որակազրկվեց տեխնիկական պատճառներով։ Թեև իհարկե, այդ ֆիլմը բոլոր առումներով է զուրկ որակից։

Եվ առաջին հերթին իր կառուցվածքով, որով մարդիկ ոչ այնքան պայքարում են աղետի դեմ, որքան միմյանց՝ կողոպտնելով ունեցվածքը ու փորձելով նաև սպանել իրար։ Բայց իհարկե, գալիս են ազնիվ ռուս փրկարարները ու հաստատում հայոց հողի վրա արդարություն։

Հիմա անցել են տարիներ ու Հայաստանի Կինոակադեմիան որոշել է կրկին փորձել, թերևս ավելի լուրջ պատրաստվելով (ստեղծագործական թիմում հայաստանցիները շատ  են)։ Բայց մոտեցումը մնացել է նույնը։

Կարծես օգնում ենք, որ մեր միջոցով Ռուսաստանը կինոդաշտում պահպանի իր դեմքը ու որոշ մարդիկ կարողանան գումար վաստակել՝ ամրացնելով իրենց ֆիլմին «հավակնում է Օսկարին» բրենդային պիտակը։

Մի պարզ բացատրություն, թե ինչու է այդ հավակնությունը թանկ․

Օսկարի «օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգն ի տարբերություն մնացածների, հեղինակային չէ, այլ ներկայացնում է արտադրող պետությանը։

Դրանով իսկ ֆիլմը ստանում է շանս ոչ միայն ավելի ճանաչելի դառնալու, այլ դրամարկղային հաղոջություն ակնկալելու։ Անգամ եթե չանցնի շորթ-լիսթ։

Այժմ Հայաստանում բավականին մեծ մեդիա աղմուկ է, թե ինչ կանոններով է ուղղորդվում մեր Կինոակադեմիան՝ քվեարկելով այս կամ այն ֆիլմի օգտին և ինչպես է տեղի ունեցել այդ 43 անդամների ընտրությունն ընդհանրապես։

Հիանալի է, որ նման հարցեր են ծագել, քանի որ կինոն այնքան ենք տեղայնացրել ու մանրացրել, շահարկել ու ինքնահիացումով փողի աղբյուր դարձրել, որ այլևս ամոթ է։

2025-ի Օսկարի մեր հայտին էլի կարող էինք մատների արանքով նայել՝ մտածելով, որ դժվար թե Բրեժնևի ու Յաշայի մասին ֆիլմը անգամ հայտնվի շորթ-լիսթում (ինչպես տեղի ունեցավ անցյալ տարի «Ամերիկացի» հայ-ամերիկյան ֆիլմի դեպքում), եթե չլիներ մեկ այլ հավակնորդ ֆիլմ՝ Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրությունը։

Փաստացի և արդարացի, «1489»-ը լավագույնն է անկախ Հայաստանի պատմության մեջ։ Եվ խոսքը ոչ միայն բուն ֆիլմի ու նրա բացառիկ հաղթանակների մասին է, այլև մտածողության։

«1489»-ը 21-րդ դարի ֆիլմ է, իսկ «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը»-ը անհուսալիորեն մնացել է 20-րդ դարում։

Այդ երկու ֆիլմերը նախանշում են երկու հակադիր ճանապարհներ պետության համար։ Այդ թվում նաև կինոարտադրության տրամաբանության։

«1489»-ը իսկապես անկախ ֆիլմ է, զուրկ որևէ ներդրողի քմահաճույքից ու ճնշումից, բացի հեղինակային բծախնդիր մոտեցումը, իսկ «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը»-ը ոտքից գլուխ կոմպրոմիս է, այդ թվում` հեղինակային։

Հայաստանն ունի հնարավորություն (անգամ հնարավորություն չէ, իսկական նվեր), որին ստացվում է արժանի չէ։

Ինքնուրույն ու ինքնաբավ առաջնային կինոարտադրանքը՝ լուրջ հումանիստական ծիսակարգի կանոններով ստեղծած, անտեսում ենք, որ երրորդ ու չորրորդ մաղերով անցած ֆիլմով ոմանց փող վաստակելու աննշան շանս տանք։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Բրեժնևի մասին հիշեցնում ենք ամերիկյան Օսկարին, ինքներս էլ չիմանալով, թե ինչու”
  1. Аревик Арутюнян says:

    Լիովին կիսում եմ նյութում արտահայտված մտքերը ու տեսակետը ,վերջապես երբ պետք է թոթափենք մեր արվեստի տարբեր բնագավառներում ռուսական ստվերը ու պարտադրանքը :

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *