2024.10.05,

Քննադատ

Սրբազան պայքարը «հաղթեց» Հ1-ին՝ հօգուտ իշխանության

author_posts/mariam-barseghyan
Մարիամ Բարսեղյան

Լրագրող

Հոկտեմբերի 2-ին, նաև դրան նախորդած օրերին երկրում ավելի արտակարգ մի բան, քան վերջին տարվա մեր ընթացքն է, տեղի չէր ունեցել։ Նախօրեին Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 2-ին տրվելու է իրենց պայքարի հույսի և հաղթանակի փուլի մեկնարկը, ու Հանրապետության հրապարակում անցկացվել էր հերթական հանրահավաքը՝ երկամսյա դադարից հետո։

Այդ հանրահավաքի անցկացման վայրում, նաև դրա հարակից տարածքում, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» աէրոնկարահանման միջոցով իրականացված հաշվարկի՝ ժամը 19.13-ի դրությամբ եղել էր շուրջ 1905 մարդ։ Հանրահավաքի սկիզբը 18։30-ն էր։ Հարակից տարածքն էլ, ենթադրաբար, ներառում է հրապարակին կից այգին և հրապարակից դուրս եկող փողոցների սկզբի հատվածները՝ իրենց անցորդներով։ Ու եթե նույնիսկ ԻՔՄ-ի թիվը՝ 1905-ը վիճարկվի ու արժանահավատ չհամարվի՝ ինչը սովորաբար արվում է, միևնույն է՝ հոկտեմբերի 2-ին հրապարակում կրիտիկական զանգված չկար՝ սովորական հանրահավաք էր, սովորական ելույթներով, որոնց բովանդակությանը ծանոթ ենք Սրբազան պայքարի մասնակիցների ամենօրյա հարցազրույցներից։

Հանրահավաքից հետո քանի՞ մարդ բարձրացավ Նորք՝ Հ1-ից ուղիղ եթերի պահանջով՝ դժվար է ասել, բայց ակնհայտ էր, որ տեսախցիկները ջանում էին ընդհանուր պլաններ ու սակավամարդ կադրեր ցույց չտալ։ Արդեն Հ1-ի մուտքի մոտ պարզ էր՝ շարժման մասնակիցներն ավելի շատ չեն, քան շենքը շրջապատած ոստիկանները։

Բագրատ Սրբազանի կողմնակիցները պետական տարբեր շենքեր պահպանող ոստիկանների հետ «մոտիկից շփվելու» առիթներ ունեցել են, բայց այս անգամ բախումներ չեղան։ Հ1-ն ուղիղ եթեր տրամադրելու պայմանով բացեց դռները Բագրատ սրբազանի առաջ, ու նա անցավ ոստիկանական շարքերի միջով՝ ոստիկանապետին սպառնալով՝ «տրորելու եմ»։

Ոչ շատ հեռու անցյալում՝ ընտրություններին նախորդող կամ հաջորդող շրջաններում, երբ հրապարակները լցված են եղել հազարավոր մարդկանցով, ընդդիմության լիդերները ուղիղ եթեր են պահանջել Հ1–ից ու չեն ստացել, բայց Բագրատ Սրբազանին այդ հնարավորությունը տրվեց։ Դրա համար բավական էր միայն , որ նա մի քանի հարյուր մարդով բարձրանար Հ1։

Հոկտեմբերի 2-ին Հանրային հեռուստաընկերությունում ամեն բան արտակարգ էր՝ ոստիկանական խիտ շարքերը՝ Հ1-ի մուտքի մոտ, Պետրոս Ղազարյանի հաղորդմանը ժամանակը՝ կեսգիշերն անց, նրա հանդիպումը՝ Բագրատ սրբազանի հետ, ու հատկապես այդ հանդիպման ձևաչափը՝ կեսը՝ հարցազրույց, կեսը՝ ուղերձ։ Ընդ որում՝ «սրբազան» շարժման ներկայացուցիչների առաջարկած այդ ձևաչափը Հանրայինի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն ընդունել էր՝ մերժելով ուղերձի առաջարկը։ Նա ասել էր, թե ուղերձի ֆորմատ Հանրային հեռուստաընկերւթյունում չկա, կարծես կես ուղերձ-կես հարցազրույցը Հ1-ում ամենատարածված ֆորմատն է։

Ուղիղ եթերում Բագրատ Սրբազանն ասաց, որ ընտրված ձևաչափը հարգում է։ Մի քանի անգամ կրկնեց՝ «Ես այստեղ եմ, որովհետև զուտ հարգել եմ էս ձևաչափը», «Ես այստեղ եմ առ ի հարգանս էս ձևաչափի»։ Բայց Պետրոս Ղազարյանի հարցերին նա ընդգծված անհարգալից պատասխաններ էր տալիս՝ «Ձեր գործը չի», «չեմ եկել հարցաքննության», «եթե հարց տվող կա, ես եմ», «դա մեր իմանալու բանն ա», «Ձեզ չի վերաբերում»։

Ուղերձի հատվածում սրբազանը դիմել էր «սիրելի ժողովրդին»՝ նշելով, որ Հ1-ից ուղիղ եթեր են պահանջել, որովհետև Հ1-ի հասանելիությունը մեծ է, իսկ իրենցը՝ «որպես սրբազան պայքարի առաջնորդներ՝ սահմանափակ»։ Սրբազանը միայն մասամբ օգտագործեց այդ հնարավորությունը՝ իրենց կոնկրետ գործողությունների մասին խոսելու փոխարեն լեզվակռիվ անելով Պետրոսի հետ։ Ուղերձից հետո՝ հարցազրույցի հատվածում նա, կարծես, մոռացել էր «սիրելի ժողովրդին»։ Կարևոր հարցը՝ չեղարկելո՞ւ է նոյեմբերի 9-ի հայտարարությունը իշխանության գալու դեպքում՝ մնաց անպատասխան։

Կիրանցից Երևան հասնելուց հետո՝ մայիսի 9-ից սկսած, Բագրատ Սրբազանն ու նրա կողմնակիցները բողոքի ակցիաներ են արել տարբեր պետական շենքերի դիմաց։ Կառավարության դիմաց պահանջել են, որ վարչապետը դուրս գա, ԱԳՆ–ի դիմաց՝ նախարարը, Քննչական կոմիտեի դիմաց՝ Քյարամյանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց՝ Պաշտպանը, ԵՊՀ–ի դիմաց՝ ռեկտորը․ նրանք դուրս չեն եկել։

Երթերից մեկի ժամանակ էլ Բագրատ Սրբազանը մի քանի րոպե նստել էր Հանրային ռադիոյի մուտքի մոտ՝ հանգստանալու։ Հ1-ը ռազմավարական նշանակության երևի վերջին պետական կառույցն էր, ուր Սրբազան պայքարի մասնակիցները չէին գնացել։ Գնացին, և իշխանությունն ու Հ1-ը դա օգտագործեցին լավագույն կերպով՝ սկսած Հանրային տնօրեն Հովհաննես Մովսիսյանի բարեհաճ ընդունելությունից։

Հ1–ից դուրս գալուց հետո Բագրատ Սրբազանը շենքի դիմաց հայտարարեց՝ մեր առջև փակ դռներ չեն լինելու։ Բայց էլ շենք մնա՞ց, որի դիմաց Սրբազան պայքարի մասնակիցները պիտի հավաքվեն ու պահանջել բացել։ Հ1-ը Սրբազան պայքարի վերջին չկրակված փամփուշտն էր, որը կրակեց Հ1-ը՝ հօգուտ իշխանությունների։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *