2024.08.02,

Քննադատ

Փարիզյան խաղեր

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

2024–ի Օլիմպիական խաղերի բացումը դարձավ ամենաքննարկվող իրադարձություններից մեկը աշխարհում։ Իրոք քննարկվող, այլ ոչ թե սոսկ մերկ ու բարձր հիացմունքի արժանացած։

Հիանալը միշտ հեշտ է, քննարկելն է բարդ, քանի որ պետք է մտնել մշակութային խորշեր ու երեխայի պես համառորեն կազմաքանդել արդեն հավաքված ու նույնիսկ սրբադասված կարծր պատկերացումները։

Փարիզը առաջարկեց ունիկալ մտահղացում, որտեղ բեմը ոչ թե ավանդական մարզադաշտն էր, այլ ողջ քաղաքի կենտրոնը՝ Սենայով, կատակոմբներով, շենքերի տանիքներով։ Հետևաբար՝ հանդիսատես էին բոլորը։ Բոլորը ու քիչ–քիչ, քանի որ գործողության հարթակները սփռված էին, ողողված անձրևով ու անհարթ ռիթմով։

Հեղինակություններն ու չափման միավորները (երգերում, պարերում, սյուժետային պտույտներում, արձաններում, նորաձև կամ հնաոճ լինելու մղումներում, մարզիկների դերակատարումներում) սկսեցին տարուբերվել, ուռճանալ ու թարմանալ, ինչպեսև կոդավորված է ֆրանսիական մշակույթում։

Երևի կարելի է ասել, որ Օլիմպիական խաղերի արարողության առանցքը հենց ուճռացումն էր ու ինքնահեգնանքը, որը կարող են իրենց թույլ տալ այն հասարակությունները, որոնք իրապես իրենց մշակույթի տերն են։

Տերն են, հետևաբար՝ լիակատար ազատ անելու նորը։

Դրա լավ օրինակներից է «Շարլի Էբդոյի» սկզբունքը, որն իր հերթին ձգվում է Ռաբլեից ու հասնում մինչև փարիզյան բարձր նորաձևություն ու վիդեո խաղերի էսթետիկա։ Սեփական պատմությունն անընդհատ փորձության ենթարկելու ու գլխիվայր շրջելու առողջարար բնազդը աշխատում է չափերի հետ։

Սպորտը հստակ է (կան թվեր, վայրկյանների, միլիմետրեր և այլն), բայց անգամ սպորտն էր Ֆրանսիան դարձրել մշակութային խառնարան՝ ներկայացնելով իր սեփական մշակույթի օրենքներով։

Բնականաբար, այդ արարողությունը մեկնաբանելը եթերում բարդ էր։ Հատկապես հայաստանցի մեկնաբանների համար, որոնք սովորաբար սիրում են կրքով գոռալ «Գոոոլ» ու արագ ներկայացնել թվեր ու ազգանուններ։ Այս դեպքում «Գոոոլ» գոռալ, իհարկե, փորձեցին, բայց դա արագորեն անհետացավ, քանի որ տեղի ունեցող նյութն էր այլ որակ պահանջում։ Այլ չափման գործիքներ։

Մեկնաբանները, որոնք երկուսն էին, մեր Հանրային հեռուստաընկերության եթերում միանգամից սկսեցին խոսել չափերի մասին։ Զարմանում էին, թե ինչպես և ինչու են այս կամ այն ազգային հավաքականների մարզիկները ստանում առանձին նավ (շքերթը Սենայով էր՝ նավերով) կամ ընդհակառակը՝ քիպլիկ տեղավորվում մյուս թիմերի կողքին։ Մեծ հավաքականը փոքր նավով էր, փոքրը՝ մեծ։ Հայտնին՝ անհայտների շարքերում, ոչ հայտնին՝ նավում միայնակ։ Եվ այլն, և այդպես շարունակ։

Դա այնքան դուրս էր մեր մեկնաբանների հիերարխիկ պատկերացումից, որ միանգամից պարզ դարձավ՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը հենց խաղ է՝ կլիշեներից ազատվելու համար։

Օլիմպիական ջահի ողջ ընթացքը մի առանձին սյուժե էր, որտեղ աշխատում էր նույն տրամաբանությունը՝ մեկը պահում էր ջահը մի քանի վայրկյան, մյուսը՝ տասը րոպե, իսկ երրորդը հենց վերցնում էր, միանգամից փոխանցում էր։ Ջահակիրները կարող էին վազել, դանդաղ քայլել, գլորվել, սահել, նժույգ հեծնել, երկուսով, երեքով, խմբով, նորից՝ միայնակ։

Չկա կանոն ու ժամանակացույց, լուրջ մի ընդունեք չափելու ձեր գործիքները… Սրա մասին էին հաճույքով մեզ հուշում ֆրանսիացիները։

Ամեն ինչը՝ կրոնը, սեռը, սերը, հագուստը, երաժշտությունը, արձանախմբերը, հեղափոխություններն ու ազատությունները, բոլորը միասին ու առանձին–առանձին կազմաքանդվում էին, անգամ եթե ոչ բոլորին էր դա դուր գալիս։

Հանրայինի մեկնաբանները, իհարկե, մեկնաբանում էին այն, ինչը կարող էին, մանավանդ, որ անձրևի պատճառով հընթացս փոփոխվում էր սցենարը։ Մի մեկնաբանն ասաց, որ անկասկած շքեղ դրվագներ կային ու դա հիացնում է։ Մյուսն էլ ավելացրեց, որ անկասկած, շատերի համար որոշ դրվագներ հիասթափեցնող էին։

Բայց խնդիրն այն է, որ միայն այդպես ճաշակով ու խելամտրորեն սադրելով է տեղի ունենում արվեստի միջամտությունը։

Գլխատված թագուհու գլխով ու մետալ երաժշտությամբ, բյուրեղապակյա առագաստով հեղափոխության սիմվոլիկայով ու կապույտ մաշկով դրագ–քվինի երգով՝ մրգերով սկուտեղում, պատերազմների ակնարկներով ու դասական լուսային լազերային շոուով։

Սենայի պղտոր ջրերում ապրող անիմացված մինյոնները գողանում էին «Ջոկոնդայի» կտավը ու աչքով անում զանգվածային մշակույթի անունից, երկաթյա ձիով ջրի վրա երկար (շատ երկար) սահում էր ձիավորը, իսկ Փարիզի տանիքներում սրընթաց պառկուրն էր։

Այդ ամեն մեջ կար շլացուցիչ ինքնահեգնանք, որը միանգամից լռեցնում էր պաթետիկն ու միանշանակը։ Բացում դաշտ մեկնաբանելու համար։ Եթե իհարկե, ուժ ու ցանկություն ունես մեկնաբանելու…

Ոչ լիարժեք իրենց մշակութային տեղը գիտակցող հասարակությունները կարծես միշտ փորձել են իրենց բոլոր լավը հանել ու փռել օտարի առաջ, որ հիանան միանգամից ու աներկբա։ Այդ պատճառով էլ չեն կարող ընդունել խաղի նախաստեղծ իմաստը, երբ հարկ չկա նույնացնել էթիկականն ու սակրալը (սուրբը), հատկապես սիմվոլների ու նշանների դաշտում։

Անձեռնմխելի համարվող սիմվոլները (կրոնից սկսած, դասական պոեզիայով անցնող, վերամբարձ քաղաքական ճառերով կամ դպրոցական տրաֆարետային շարադրություններով վերջացրած) ենթադրում են միանշանակություն։

Ասենք, եթե խոսքը պայմանական «Ջոկոնդայի» մասին է, ուրեմն այն մինանշանակ արժեք է, որին ձեռ տալ պետք չէ։ Որ եթե Ջոկանդային կամ «Խորհրդավոր ընթրիքի» պատկերը խաղարկում ես, տրանսֆորմացնում, ուրեմն հեգնում ես ու ծաղրում, հետևաբար՝ անարգում ես։

Այս մոտեցումը, որը (ի՞նչ թաքցնենք) կա մեր ուղեղում, միշտ վկայելու է թույլ ու խոցելի լինելու մասին, քանի որ միշտ երկյուղելու ենք, որ այդպես խլելու են մեզնից մեր դարավոր մշակույթը, մեր ինքնությունը, նույնիսկ երբ ինքնրես դրանք լավ չենք ճանաչում։

Իսկ Ֆրանսիան Օլիմպիական խաղերի բացման ընթացքում այնքան ակնառու ցույց տվեց, որ իր մշակութային կոդերի տերը լինելը նշանակում է լինել բաց, հակասական ու խիզախ, որ բնականաբար դա աշխատեց։

Իհարկե, մեր Հանրայինի մեկնաբանները կարող են շարունակել խուսափել եթերում ասել՝ Թուրքիա կամ Ադրբեջան բառերը ու հմտորեն օլիմպիական թիմերի շարքից դրանք հանել՝ համարելով որ խիզախ քաղաքական կեցվածք ունեն։ Դա միանշանակորեն կարող է ոմանց դուր գալ (Հանրայինի՞ն), բայց մեր սիրելի ու սքանչելի Ֆրանսիան նաև նրանց է հուշում (Հանրայինի՞ն), որ էթիկան պաթետիկայի հետ կապ չունի։

Էթիկան ներքին ազատությունն է, ոչ թե ձևական կաղապարը։ Եվ եթե ներքուստ ազատ ես, դոգմաների հետ խաղալուց չես խուսափում։ Առավելևս, երկրների անունները եթերում հնչեցնելուց։

Փարիզը ցույց տվեց (հենց մեզ), որ ինքը ոչ միանշանակ է, հակասական ու այնքան հարուստ գործիքներով է մեկնաբանում իր հարուստ պատմությունը, որ վերահաստատում է չափ դնելու իր ներուժը։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *