2024.05.17,

Քննադատ

Լավ նոր սերիալներ, որտեղ մեդիա մթնոլորտը գրեթե գործող անձ է

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Վերջին տարիների սերիալային հսկայական առաջարկից ընտրել ենք երեքը, որտեղ սցենարական որակն ու թարմ արկածների մեջ թափանցելու հաճույքը առաջին հերթին կապված են հաղորդակցության հետ։

Մեկը դասական ու խիստ ճապոնական լրագրության,  յակուձայի ու պատվի մասին է, մյուսը՝ մեդիա դիմակների վրա կառուցված գրեթե փիլիսոփայական դրամա, իսկ երրորդը՝ միֆերի, մոգության, կրոնի ու արհեստական բանականության միախառնում՝ հետագա ուրախ կազմաքանդմամբ։

Տոկիոյի ոստիկանություն, Tokyo Vice

Տոկիո, 1990–ականներ, քաղաքի սնդուսափայլ ու մութ շերտեր, յակուձա և դասական լրագրության ստանդարտներ, որոնք ճապոնական կրիմինալ քրոնիկոնը պահպանում է սրբորեն ու ջանասիրաբար։ Դեռ չկա ինտերնետ, բայց կա մնացած ամեն ինչը՝ հանցագործներ, ոստիկաններ, ստվերային պայմանավորվածություններ, լրագրողական էթիկայի որոնումներ, իշխանություն ունեցողների ամենթողություն, կամքի ուժ, խղճի խայթ, ընկերություն, սեր և այլն։

«Տոկիոյի ոստիկանությունը» երկու սեզոնանոց սերիալը ընկղմում է դիտողին էկզոտիկ միջավայրի մեջ, որտեղ եռում է քաղաքային կյանքն ու գեղեցիկ մարդիկ դիմակայում են մարտահրավերներին։

Ամերիկացի երիտասարդը դառնում է առաջին օտար լրագրողը, որը ստանում է աշխատանք ճապոնական թերթում և դանդաղորեն սուզվում իրեն զարմացնող մշակույթի, կարգուկանոնի ու լրագրողական պահանջների մեջ։ Ընդունում է, որ չի կարող գրել սպանության մասին, եթե անգամ մահացածի որովայնում խրված է դաշույն, քանի դեռ սպանության փաստը չի հաստատել ոստիկանությունը կամ չի հայտնվել սպանության որևէ վկա։

Ու թեև սերիալում կան չար ու բարի ուժեր, օրինապահներ և յակուձա, կոռուպցիայի մեջ թաղված ոստիակններ ու լրագրողներ և ազնիվ հանցագործներ, բայց պատումի առանցքում նրանց բախումը չէ, այլ ոչ միանշանակ, ծորացող ու զուսպ միջավայրը։

Կյանքը ծես է, ապրելը՝ ծիսակարգ։ Մասնագետ լինելը նույնպես ծեսի մաս է, անգամ եթե վտանգավոր գործ ես անում։ Ասենք, հոդված ես գրում, ծախված գործընկերոջը կամ ոստիկանին հանում ջրի երես, գիշերային ակումբում ընդունում հյուրեր կամ պայքարում յակուձայի մյուս խմբերի հետ՝ հանուն իշխանության։ Պատվի հարցը առաջնային է․․․

Եվ դա է այս սերիալին հաղորդում սքանչելի հմայք։ Գումարած դրան՝ այն նաև գովք է հինավուրց լրագրությանը, որտեղ խիստ սահմաններ են (ավանդական ճապոնական բծախնդրությամբ) և անսահման ռոմանտիկա (երբ քո տեքստը տեղ է գտնում թերթի համարում ու դա ստանում է արձագանք, դու երջանիկ ես)։

Էմոցիոնալ կենտրոնը քաղաքն է, որը շնչում է, ճյուղավորվում, ներքաշում մարդկանց իր ռիթմի մեջ։ Ոստիկանությունը ասուլիս է հրավիրում ու մինչ հայտարարելը գլուխ խոնարհում լրագրողների առջև, հետո լրագրողներն են գլուխ խոնարհում և միայն դրանից հետո են հարց տալիս։

Իսկ երբ հոդվածը հրապարակվում է, գլխավոր խմբագիրները հետևում են, որ չխախտվի տեքստի ընդհանուր հարմոնիան։

Ճիշտ այնպես, ինչպես ոստիկաններ են փորձում պահպանել յակուձայի միավորումների հավասարակշռությունը։

Այս սերիալը արժե նայել բազմաթիվ պատճառներով, թեկուզ հետևելու համար, թե ինչպես են «նախնադարյան» համակարգչի վրա շարվում ճապոնական հիերոգլիֆներն ու դառնում լրագրողական հոդված՝ ամենադասական իմաստով։

Անեծք, The Curse

Ադամանդ հիշեցնող այս սերիալը սկսվում է մի դրվագից, որը երևի ամենից լավն է բնութագրում մեդիայի պրեզենտացիոն բնույթը։

Կադրում ամերիկյան հողի ընչազուրկ բնիկներն են, որոնց հատուկ օգնության ծրագրով առաջարկում են տուն, աշխատանք և մեդիա ուշադրություն։ Անգործունակ որդին ու քաղցկեղից մահացող մայրը տեսախցիկի առջև պետք է երևան գրավիչ շարքային հեռուստադիտողի համար ու արտահայտեն էմոցիաներ։ Եվ այդ պատճառով ռեալիթի շոուհի հեղինակները մի քիչ արցունք են ավելացնում մոր աչքերին, մի քիչ հունից հանում են որդուն, ու շատ–շատ ջանք են թափում, որ հեռուստատեսային ստանդարտները լինեն։

Եվ այդ ամենը անում են անկեղծորեն ու սիրով՝ իրենց գործի հանդեպ։

«Անեծքը» ինքնին կառուցված է ինչպես ռեալիթի շոու։ Բայց ռեալն ու շոուն այնքան են միահյուսվում, որ բարդ է հասկանալ, թե որն է առաջնայինը՝ դիմակը՞, թե՞ դեմքը։

Երիտասարդ, գեղեցիիկ, սպիտակ, հարուստ ամերիկացիների զույգը  (Էմմա Սթոուն, Նյեթան Ֆիլդեր) կարծես դառնում են այն փորձադաշտը, որտեղ այս ծայրահեղ խելացի ու պրովոկացիոն սերիալի հեղինակները փորձարկում են բոլոր հասարակական կլիշեները՝ ռասայական, դասակարգային, էկոլոգիական, սեռական դերաբաշխման, գավառական ու գաղութային պատկերացումների և այլն։

Կա նաև միստիկա, անեծք ու զարմանահրաշ ֆինալ։

Տներ կառուցող ու այդ մասին հեռուստաշոու նկարահանող զույգը ամեն գնով ուզում է երևալ լավը։ Ասենք, գիտակից սպառող, պատասխանատու կառուցող, ըմբռնող զուգընկեր, ազնիվ քաղաքացի, որի համար առաջնային են ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Համոզում են իրենց, որ լավ ու ճիշտ գործ են անում ու թաղվում այդ բեռի տակ։

Դիտելով այս սերիալը՝ անպայման կզգաք անհանգստություն, հարմարավետ զոնայից բռնի ուժով դուրս շպտրված լինելու զգացում։

Որոշ դրվագներ կարող են թվալ ձանձրալի, դանդաղ, ոչինչ չասող դիալոգներով լեցուն։ Տեսախցիկը հաճախ է սահում արտացոլվող մակերեսներով, նեղ դռների արանքից, ծուռ, փոշոտ, թաց ապակիներով՝ ցույց տալով ստվերի ստվերը, անգամ ժանրից ժանր անցումը։

Դիտողը կարծես հետևում է հերոսներին ակամայից, որոշակի դիստանցիայից։ Եվ դրանով խաբում հանդիսատեսի սպասելիքները (միգուցե դա է պատճառը, որ սերիալը չստացավ բարձր վարկանիշներ, թեև արժանի է)։

Այդ ամենը այնքան գեղեցիկ են համադրվում, հատկապես՝ ֆինալում, որ «Անեծքը» կարելի է համարել գեղարվեստական ապտակ կանոնավոր դարձած սերիալային պատումին։

Այստեղ կարևորը մանրուքներում է, կադրի անկյունում, չասվածում, չափազանց ընդգրկուն դիմակում կամ էլ պարզապես տագնապալի լռության մեջ։ Թվում է, որ դու ես նկարում շոու, բայց իրականում շոուն է նկարում քեզ։ Սկզբից քեզնից ստեղծում է հանրային կերպար, հետո վավերագրում։

Անեծք կա, բայց դա սևամորթ աղջկա դասական անեծքը չէ, ավելի սարսափելի է։

Կյանքդ, տունդ, ամուսնությունդ ու գործդ փշրվուն են, բայց քանի որ գիտես, որ ճիշտ ու լավ մարդ ես, ուրեմն շարունակում ես ժպտալ, որ կադրը լինի ազդեցիկ, իսկ շոուն՝ պահանջված։

Եվ ավելի սարսափելի բան, քան այդ հավերժ ժպիտն է, երևի բարդ է գտնել։

Միսիս Դեյվիս, Mrs. Davis

Այս շռայլորեն ուրախ ու ծայրահեղ աբսուրդային սերիալի հիմքում արհեստական բանականությունն է, որը տեղ է գտել անխտիր բոլորի ականջակալերում՝ կառավարելով ու հաճույք պարգևելով։ Այն կյանքը թեթևացնում է՝ առաջարկելով խաղալ գլուխկոտրուկ։ Եվ որպես մրցանակ՝ շնորհում հրեշտակի ճերմակ թևեր։

Արհեստականորեն վերահսկվում է ամեն ինչը և այդ վերահսկող ալգորիթմը կոչվում է «Միսիս Դեյվիս»։ Այո, այն ունի կանացի դեմք, բայց անսեռ է (she չէ, it է)։ Եվ այո, դա վատ է։

Միսիս Դեյվիսը չար ուժերի տիրույթում է։ Իսկ բարի ուժերի խտացումը միանձնուհի Քույր Սիմոնան է, որը չունի թվային ոչ մի հետք, փոխարենը ծանոթ է մոգական հնարքներին, ամուսնցած է Աստծո որդի Հիսուս Քրիստոսի հետ ու պարբերաբար նրա երկնային ռեստորանում ուտում է ֆալաֆել, տիրապետում է մարտարվեստներին ու գովազդային խարդախությունների տրամաբանությանը ազդելու կամքին։

Եվ որպես կիզակետ՝ կարողանում է գտնել միֆական համարվող, բայց նյութական դարձած Սուրբ Գրաալը ու չեզոքացնել կույր հավատը առ միսիս Դեյվիս։

Հավատը ընդհանրպես այս սերիալում այնքան հնարամտորեն է ենթարկվում ապակառուցմանը, որ հնարավոր է դառնում միացնել դավադրապաշտական տեսությունները սպորտային կոշիկի գովազդի հետ, կամակոր ու նարցիսական Բարձրյալի հրահանգները պրոֆեսիոնալ աճպարարների ընտանիքում մեծանալու տրավմատիկ փորձի հետ։ Դիտելով այս սերիալը կարծես դառնում ես գլոբալ շոուի հանդիսատես։

Եվ միակ բանը, որը կարելի է անել այս սյուռեալիստական միջավայրում, գործի դնելն է այն, ինչը կոչվում է քննադատական հայացք։ Եվ բարձրաձայն ծիծաղել սյուժեի անսպասելի հանգույցների վրա։

Այս սերիալի հեղինակը Դեյվիդ Լինգելոֆֆն է, որը սցենարի ու իմաստների վերնայման մեծ վարպետ է (անպայման դիտեք նրա Leftovers և Watchmen սերիալները ևս)։

«Միսիս Դեյվիսը» խաղում է միֆերի հետ։ Եվ ոչ միայն քրիստոնեական կամ մինչքրիստոնեական, այլև ժամանակակից, որոնցից առաջինը գաջեթների իշխանությունն է (գրեթե աստվածային համարվող)։

Սերիալը նման է գաղտիքներով լի զարդատուփի, որտեղ որոշ սյուժետային պտույտներ կարող են համարվել ոչ զարդ, իսկ որոշ պտույտներ վայրենի և անսպասելի։ Բայց հումորը ապահովված է։

Իսկ հումորի տակից աչքով են անում հանդիսատեսին հավերժ հարցերը գիտության ու կրոնի, մարմնի ու ոգու, բնածնի ու արհեստածնի, պարտիզանականի ու գաղափարախոսականի մասին։

Անհեթեթություններն են վերադարձնում նախնական կետին։ Այդ թվում՝ հավատին։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *