2024.05.17,

Քննադատ

Բիշիմբաևը, հայաստանյան մեդիան և վերջինիս լռությունը  

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Հետխորհրդային երկրներում մեծ աղմուկ է բարձրացրել «Բիշիմբաևի գործը»․ Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևը ծեծելով սպանել է իր կնոջը։ 

Մայիսի 13-ին Ղազախստանի դատարանը կնոջ սպանության համար 24 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին պաշտոնյային։  Բիշիմբաևը մեղավոր է ճանաչվել ծայրահեղ դաժանությամբ և խոշտանգումներով սպանության հոդվածներով։  

Դատական պրոցեսի ընթացքն ու սպանության դետալները անտարբեր չեն թողել սոցցանցերի հայ օգտատերերին։ Հատկապես Ինստագրում հայ բլոգերները ակտիվորեն տարածում էին դատական նիստից հատվածներ, վիդեոկադրեր՝ կնոջը բռնության ենթարկելու տեսարաններով, ընտանիքի անդամների մեջբերումները և այլն։  

Հայ օգտատերերին, և ոչ միայն, վրդովեցրել էր այն փաստը, որ կնոջը ծեծի ենթարկելու վերջին դրվագից հետո Բիշիմբաևը դեպքի վայրից հեռացել էր սնվելու ու կնոջն այդպես թողել գետնին մի քանի ժամ, ինչի արդյունքում էլ նա մահացել էր։ Դատական նիստի ժամանակ էլ հայտարարել էր, որ տեղի ունեցածի մեջ մեղավորը կինն է, քանի որ իրեն հասցրել էր այդ վիճակին և իր պահվածքով հրահրել էր դիմել այդ քայլին։  

Ինչո՞ւ և ինչպե՞ս Ղազախստանում տեղի ունեցած ընտանեկան բռնության ողբերգական միջադեպը Հայաստանում դարձավ հանրային քննարկման առարկա։ Մի հասարակության մեջ, որտեղ ընտանեկան բռնության դեպքերի պակաս չկա։  

-Առաջին պատճառն այն է, որ Բիշիմբաևը բարձրաստիճան պաշտոնյա էր։ Նա ծնվել և մեծացել է մի ընտանիքում, որտեղ պապն ու հայրը ևս պաշտոնյա էին ու իշխանություն է ստացել, ըստ էության, ժառանգաբար։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելուց մի քանի ամիս հետո նրան մեղադրել են կոռուպցիայի մեջ, դատապարտել են 10 տարվա ազատազրկման, բայց 1.5 տարի անց պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել։ Մարդիկ ուշի ուշով հետևում էին դատական պրոցեսին՝ մտահոգություն ունենալով, որ կկրկնվի նույնը, որ գուցե արժանի պատիժ չստանա և այս անգամ էլ, ընտանիքն, օգտվելով իշխանության լծակներից, ամեն ինչ կանի՝ նրան մեղավոր չճանաչելու համար։  

-«Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ուշադրությունը հրավիրում այն հանգամանքի վրա, որ տեղի ունեցածը ակտիվորեն լուսաբանվեց ռուսալեզու մամուլում, որից ազդվում է հայաստանյան մեդիա տիրույթը։ Ղարիբյանն ասում է, որ միջադեպի այսչափ տարածման պատճառը նաև այն է, որ հայ հասարակության մի ստվար հատված շարունակում է կարդալ ռուսական մեդիա միջոցները՝ լեզվական խոչընդոտ չունենալու պատճառով, և ընդօրինակում է ռուսալեզու մամուլում առկա թրենդներն ու օրակարգերը։ Նույնն էլ անում են ինֆլյուենսերները։ Նրանք հետևում են իրենց ռուս գործընկերներին, ովքեր ակտիվորեն խոսում էին այդ թեմայով։  

Ըստ նրա՝ թեև ընտանեկան սկանդալները, վիճաբանությունները, հույզերը, միշտ էլ հետաքրքիր են մարդկանց, բայց ռուսական լրատվամիջոցները կարողանում են դրանք առավել սուր ու սենսացիոն ներկայացնել, ինչը, բնականաբար, չէր կարող չազդել նաև հայ օգտատերերի վրա։  

Հետաքրքրական է, որ միջադեպը քի չլուսաբանվեց հայաստանյան լրատվամիջոցներում։ Տարածվեց միայն լուրն այն մասին, որ Բիշիմբաևը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման և միայն մեկ-երկու մեդիա միջոց բացատրեցին՝ ինչու և ինչպես։ 

Արման Ղարիբյանն ասում է, որ այս երևույթն էլ բացատրելի է, քանի որ հայաստանյան լրատվամիջոցների համար ընտանեկան բռնության թեման երբեք էլ օրակարագային չի եղել՝ «քաղաքական շահերից ելնելով»։ 

«Հայաստանյան մամուլը ստեղծում է տպավորություն, որ ընտանեկան բռնություն Հայաստանում առհասարակ չկա էլ։ Բայց դա իհարկե այդպես չէ։ Ավելին, մարդկանց այս թեման շատ է հուզում, ինչի վկայությունը ոչ միայն Բիշիմբաևի գործն էր, այլև՝ «Կիսաբաց լուսամուտները», որի ռեյտինգը նեղ անձնական, հուզական պատմությունների շնորհիվ ամենաբարձրն է։ Մեր մամուլում երբեք առաջնային չեն կնոջ սպանության, ծեծի, ընտանիքում բռնության թեմաները։ Դրանք միշտ ստորադասված են քաղաքական նորություններին»,- նշում է Արման Ղարիբյանը։

-Երրորդ պատճառը՝ կոտրվող միֆերն են։ Կա տարածված կարծիք, որ ընտանեկան բռնությունը հատուկ է սոցիալապես անապահով խավերին, սոցիալապես անպատասխանատու վարք ցուցաբերող ընտանիքներին, որտեղ օգտագործում է ալկոհոլ, թմրանյութեր, իսկ այս ողբերգությունը գալիս է ապացուցելու հակառակը․ հարուստ և ապահով մարդիկ ևս կարող են լինել բռնարար ու ենթարկվել բռնության։  

Կոտրվում է նաև այն միֆը, որը ստեղծվում է սոցիալական ցանցերի շնորհիվ․ գեղեցիկ կյանք ցուցադրող, լյուքս դասի զգեստներ ունեցող, ճանապարհորդող և իրեն ոչնչից չզրկող Բիշիմբաևի կինը պարզվում է ընտանեկան բռնության զոհ է և իր կյանքն այդքան գեղեցիկ չէ, որքան Ինստագրամում։
Տեղի ԶԼՄ-ները հարցը քննարկում են նաև հենց այս տեսանկյունից, որ միջավայրում, որտեղ կանանց դժվարությամբ է տրվում անգամ կրթություն ստանալու իրավունքը, բռնության է ենթարկվում Բրիտանիայում ուսում ստացած կին, ով մինչ ամուսնությունը ֆինանսապես ապահովում էր իրեն, բայց ամուսնանալուց հետո զրկվում է աշխատելու հնարավորությունից ու անձնական միջոցներից։  

-Վերջին և թերևս ամենածանրակշիռ պատճառն այն է, որ տեղի ունեցածը պարզապես մեղավորին պատժելու գործընթաց չէր։ Սա ավելին է, քան՝ Բիշիմբաևին ազատազրկելու պրոցես։ Սա պայքար է՝ հետխորհրդային երկրներում կանանց նկատմամբ ստորացուցիչ, խտրական վերբերմունքի, նրանց իրավունքների ոտնահարման դեմ։ Հետխորհրդային տարածքում սա նախադեպային ողբերգություն էր՝ իրականացված պաշտոնյայի ու բարձր խավի ներկայացուցիչների միջև։ Այս միջադեպը բռնարարներին կգա հիշեցնելու, որ մի հարուստ մարդ, ով կարող էր իրեն թույլ տալ ամենալավ փաստաբաններին, գնել դատական համակարգը՝ լինելով իշխանության մեջ, չկարողացավ ճողոպրել պատժից ու ազատզրկվեց դատապարտման՝ առանց համաներման հնարավորության։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *