2024.05.12,

Քննադատ

Եվրատեսիլի կոդերը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Եվրատեսիլ երգի մրցույթը 2024-ին ստացվեց վառ, էպատաժային, ոճային տարբեր երգերով հարուստ (ակնհայտ թրեշից մինչև շատ բարդ ու հետաքրքիր) ու ծայրաստիճան քաղաքական՝ չնայած կազմակերպիչների ճիգերի՝ ամեն գնով խուսափել քաղաքական ենթատեքստերից։

Մրցույթի հաղթող շվեյցարացի Նեմոն մնաց պատմության մեջ որպես հոյակապ վոկալիստ ու ազդեցիկ երգ ներկայացնող, որի գենդերային ինքնությունների որոնումները ու վարդագույն կիսաշրջազգեստը կոդավորված էին իր երգում։

Այս տարի շվեդական Մալմյոյում տեղի ունեցան սկանդալներ, քաղաքական ցույցեր, աննախադեպ անվտանգային ուղեկցություն ու գրեթե օրը մի քանի անգամ թարմ ու անսպասելի քաղաքական պտույտներ ու Եվրոպական հեռարձակողների միության (որը Եվրատեսիլի կազմակերպիչն է) հայտարարություններ ու կտրուկ որոշումներ։

Պատերազմների կոդեր

Վերջին տարիներին ռուս-ուկրաինական պատերազմը ակնհայտորեն խմբագրեց Եվրատեսիլը։ Ուկրաինան Եվրատեսիլի առանցքում էր ու ստանում էր մեծ աջակցություն տարբեր մակարդակներում (հանդիսատեսից, միություններից, մրցույթի կազմակերպիչներից, ակտիվիստներից և այլն)։

Ուկրաինական դրոշները գրեթե ամենուր էին ու միահամուռ։ 2023-ին մրցույթը հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչը, բայց քանի որ պատերազմը թույլ չտվեց Եվրատեսիլը անցակցնել Կիևում, որոշվեց այն պատվիրակել Մեծ Բրիտանիային։ Եվ բոլոր դեպքերում Ուկրաինայի մասնակիցները շարունակում են ցանկալի հերոսներ լինել բեմում նաև այս տարի։ Նրանց ընդունում են ջերմ ու խանդավառ։ Ի տարբերություն՝ Իսրայելի։

2024-ի Եվրատեսիլը վերածվեց իսրայելա–պաղեստինյան հակամարտության հարթակի։ Լարված իրավիճակ ստեղծվեց իսրայելական պատվիրակության հանդեպ, քանի որ թե՛ մինչ բուն մրցույթը, թե՛ մրցույթի օրերին Շվեդիայում անցան ու անցնում են բազմահազարանոց բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում են որակազրկել Գազայի հատվածում ռազմական գործողություններ շարունակող Իսրայելին։

Ցուցարարների շարքերում էր նաև ակտիվիստ Գրետա Տունբերգը, որը ուսերին կրում էր արաբական կուֆիա-շալը ու հազարավոր այլ մարդկանց հետ տեսախցիկների առջև բացականչում, որ Իսրայելը իրականացնում է պաղեստինցիերի «ցեղասպանություն» և պետք է դուրս մնա Եվրատեսիլից։

Մեդիայի ուշադրությունը Պաղեստինին սատարող մարդկանց հանդեպ ոչ պակաս մեծ էր, քան երգիչների։ Իսկ Իսրայելի պատվիրակությունը հայտնվել էր աննախադեպ անվտանգային հսկողության տակ։ Նրանց անգամ խորհուրդ է տրվել այցելել միայն փորձերի ու ելույթների համար նախատեսված վայրերը՝ խուսափելով զբոսանքներից քաղաքում։ Իսկ իսրայելցի երգուչին ստիպված էր ելույթներ ունենալ ահռելի ճնշման տակ՝ սուլոցների ու «Պաղեստին» գոչյունների։

Շվեդական ոստիկանությունը եզրափակչից առաջ բերման է ենթարկել մի քանի տասնյակ մարդու, որոնք ամոթանք էինք տալիս թե՛ հանդիսատեսին, թե՛ Եվրոպական հեռարձակողների միությանը, թե՛ հատկապես հրեաներին։

Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ), որին մեղադրում են երկակի ստանդարտներ կիրառելու համար, ստիպված եղավ բացատրել, թե ինչու դեմ չէ Իսրայելի մասնակցությանը, ինչպես, օրինակ, Ռուսաստանի դեպքում է, որի մուտքը երգի մրցույթ արգելվեց։ Ռուսաստանը հայտարարվեց ագրեսոր ու ընդհանրապես հեռացվեց ԵՀՄ շարքերից։

Իսրայելի դեպքում բացատրությունն այն է, որ մասնակցության հայտ են ներկայացնում ոչ թե երկրները, այլ հեռուստաընկերությունները։ Իսկ իսրայելական KAN հանրային հեռարձակողը կատարում է անդամակցության պարտավորություններն ու չի խախտում հանրային մեդիայի կարևոր իրավական և արժեքային սկզբունքները, ի տարբերություն Ռուսաստանի։

Ընդ որում՝ Իսրայելը ներկայացնող երգչուհի Էդեն Գոլանը ստիպված եղավ նաև խմբագրել իր երգի բառերը՝ մինչ մրցույթը։ «Փոթորիկ» (Hurricane) երգում ԵՀՄ-ն գտավ շատ զուգահեռներ 2023-ի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կազմակերպած ահաբեկչական գործողությունների ու խաղաղ իսրայելցիների դաժան սպանությունների միջև։

Արդյունքում երգը մի քանի անգամ խմբագրվեց ու նույնիսկ փոխեց իր անվանումը։ Նախնական տարբերակում երգը կոչվում էր «Հոկտեմբերի անձրև» (October Rain), բայց ԵՀՄ-ն այդ վերնագիրը համարեց քաղաքական չեզոքությունը խախտող և պահանջեց փոխել։ Օրինակ, հանվեցին տողեր, որտեղ խոսք կար սպանված երեխաների մասին։

Նույն մոտեցումը ԵՀՄ-ն ցուցաբերել էր 2015-ին նաև Հայաստանի երգի նկատմամբ, երբ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը շեշտող «Մի ժխտիր» (Don՛t Deny) երգի վերնագիրը «Genealogy» խմբի կատարմամբ վերափոխվեց ավելի չեզոք Face the Shadow-ի։ Այդ վերնագիրը կարելի էր մեկնաբանել ավելի ընդհանրական ու անգամ՝ լիրիկական։ Ճիշտ այնպես, ինչպես իսրայելական «Փոթորիկը», որը ահաբեկչության թեման տրանսֆորմացրեց կնոջ ներաշխարհի տվայտանքների։

Եվրատեսիլ 2024-ի եզրափակչից մի քանի ժամ առաջ տեղի ունեցավ մասնակցի որակազրկում։ Նիդերլանդների ներկայացուցչին թույլ չտվեցին բեմ բարձրանալ, քանի որ տեղի ունեցավ հանդուրժողականության մթնոլորտը խախտող միջադեպ և ըստ նկարահանող խմբի անդամի բողոքի՝ հոլանդացի երգչի վարքը փորձերի ժամանակ խախտել էր այդ փխրուն, բայց պարտադիր մթնոլորտը։

Թեև մանրամասները հայտնի չեն, բայց նիդերլանդական կողմը փորձել է բացատրել, որ երգիչ Յոսթ Կլայնը անհաջող շարժում է արել՝ ուղղված կին օպերատորին, բնավ էլ ցանկություն չունենալով վիրավորել կամ դիպչել նրան։ Պարզապես պահանջել էր, որ իրեն չնկարահանեն, քանի որ փորձերը ավարտվել էին։

Բոլոր դեպքերում՝ սա առաջին անգամ է, որ որակազրկվում է արդեն եզրափակիչ անցած երգիչը։

Գենդերային կոդեր

Եվրատեսիլում իրենց ապահով են զգում մարդիկ, որոնք նույնականացնում են իրենց որպես գենդերքվիր կամ ոչ բինար գենդեր ունեցողներ (երկբևեռ գենդերային ինքնությունից դուրս)։

Այդպիսին է, օրինակ, մրցույթի հաղթող, շվեյցարացի Նեմոն, որի The Code երգը հենց ինքնությունների խառնարանի մասին է։

Եվրատեսիլը համարվում է ԼԳԲՏ անձանց համար արտահայտման հարթակ։

Այս տարի էլ գենդերային դերերի խաղն ու մարմնի տարբեր մասերի ցուցադրումը շատ էր։ Բեմում հայտնվում էին սթրինգերով տղամարդիկ, ընդհանրապես առանց անդրավարտիկ տղամարդ, որը հագնվեց միայն երգի վերջում, մոգական ծես կատարող կիսամերկ կամ գրեթե մերկ երգիչ (կրկին ոչ բինար գենդերային ինքնությամբ)։ Շրջազգեստներով մորուսավոր մարդիկ էին, լողազգեստով կանայք ու այդպես շարունակ։

Հրավառությունները, կիչային կատարումներն ու ակրոբատիկ հնարքները միշտ կան ու կլինեն։

Ճգնաժամի ստվեր

Իհարկե, Եվրատեսիլը միշտ հայտարարում է, որ քաղաքականությունից դուրս է, վեր է ու ազատ, բայց իրականում, ամենահետաքրքիրը տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ քաղաքականության ստվերը հասնում է բեմ։

Տարբեր երկրներ բեմը օգտագործում են ոչ միայն անհատական ազատությունների մասին խորհելու, այլև հաճախ իրենց պետությունների դեսպաններն են, անգամ՝ մարտիկները։

Օրինակ, իսրայելուհին (որն ի դեպ՝ մեծացել է Ռուսաստանում ու մասնակցել տարբեր ռուսական մրցույթների, այդ թվում օկուպացված Ղրիմում) մեծ սատարում է ստանում իր պետության ղեկավարներից, որոնց համար նա գրեթե հերոս է։ Իսրայելի կառավարությունը նրան հայտնել է հատուկ շնորհակալություն։

Հերոս են համարում իրենց նաև Եվրատեսիլը բոյկոտելու կոչեր անող տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ Մալմյոյում ծածանելով պաղեստինյան դրոշը, որը թեև արգելված էր համերգի դահլիճում, բայց տարբեր կերպ սողոսկում է ելույթների մեջ՝ որպես դիմահարդարում կամ զարդ։

Կարելի է հիշել մեկ այլ նման դեպք, երբ 2016-ին Հայաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլում ստացել էր ԵՀՄ-ից խիստ նկատողություն, երբ բեմում հայտնվել էր Արցախի դրոշը։ Իվետա Մուկուչյանը ելույթ էր ունենում ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ու ցանկացել էր առնվազն դրոշով ուշադրություն հրավիրել պատերազմի վրա։ Նրան դա չներեցին։

Հիմա ու թերևս դեռ որոշ ժամանակ Եվրատեսիլում գրեթե ամեն ինչ պտտվելու է Իսրայելի մասնակցության ու երկակի ստանդարտների կիրառման մեղադրանքի շուրջ։ Եվ ԵՀՄ-ն ստիպված է հաշվի նստել ոչ միայն փողոցում տեղի ունեցող բողոքների հետ, այլև մեծ ջանքեր թափել բանակցելով այն երկրների հեռարձակողների հետ, որոնք պատրաստ են ու ուզում են բոյկոտել Եվրատեսիլը հետագայում՝ քաղաքական իրավիճակից ելնելով։

Ամեն քայլ բացատրություն է պահանջում, քանի որ եղած կանոններն ու էթիկական պահանջները բավարար չեն։ Դրան գումարվում են նաև անվտանգային խիստ միջոցները։

Կարծես, Եվրոպան պետք է ամեն անգամ նորովի սահմանի, թե ինչ է նշանակում «քաղաքական»-ը և ինչպես դրանից խուսափել՝ չխարխլելով մրցույթի տրամաբանությունը։

Երբ 2021-ին Բելառուսին թույլ չտվեցին մասնակցել Եվրատեսիլին, պատճառաբանելով, որ «Ես քեզ կսովորեցնեմ» երգի բառերը շատ նման էին բռնության քարոզին, դա ևս հստակ քաղաքական քայլ էր։ Երգում ասվում էր, որ կսովորեցնեն ենթարկվել, շարքով քայլել, միանման մտածել ու այդպես երջանիկ լինել։ ԵՀՄ-ն այդտեղ տեսավ քաղաքական ուղերձ՝ հասցեագրված բելառուսցիներին, որոնք պայքարում են հանուն ազատությունների։

Եվրատեսիլը միավորներ է հանձնում մասնակիցներին 50/50 հարաբերակցությամբ (պրոֆեսիոնալ ժյուրի և հանդիսատես)։

Իսրայելը շատ քիչ միավորներ ստացավ ժյուրիից, բայց առաջինն էր հանդիսատեսի քվեարկությամբ։ Եվ դա ևս շատ քաղաքական քայլ էր, քանի որ մարդիկ քվերակում էին ոչ բնավ երգի օգտին, այլ՝ պետության, որը հայտնվել էր քարկոծման տակ ու ահռելի մեդիա աղմուկի կիզակետում։

Ճգնաժամը Եվրատեսիլում հասունանում է նաև այն պատճառով, որ եթե հայտարարվում է, թե երաժշտությունը միավորում է, բայց իրականում կուլիսների ետևում ու մամուլի ասուլիսներում տեղի է ունենում սահմանազատում ու մասնակիցների շփումների կրճատում՝ հանուն անվտանգության, ապա արժե վերանայել նաև միավորման փաստը։

Կարելի է ասել, որ այս տարվա Եվրատեսիլը շատ նման է մեր մոլորակին, որը դանդաղորեն ճեղվքում է ու բաժանվում ըստ քաղաքական նոր վերաձևումների։

Եվ Հայաստանը ներկայացնող LADANIVA-ի ուրախ ու աշխույժ «Ժակո» երգը ու հատկապես անսահման համակրելի, անկաշկանդ ու ներքին ազատությամբ օժտված երգչուհի Ժակլինը լավ պատասխան է այս ճեղքվող իրավիճակում։ Միավորներն ու զբաղեցրած հորիզոնականները նշանակություն չունեն։ 2024-ին նրանք ութերորդն էին։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *