Պատերազմներով ալեկոծվող աշխարհում 2024–ին սկզբին ԱՄՆ-ն ներկայացրեց ֆիլմ, որտեղ մոլորակի ամենթեժ ու դաժան սպանություններով լեցուն կետը դարձավ ամերիկյան հողը։
Ֆիլմի առաջին կադրերից պարզ է դառնում, որ ԱՄՆ արդեն չկա, իսկ նրա նախագահին մնացել է կյանքի ընդամենը մի քանի օր, քանի որ նրան ոչ ոք չի ների հանրային պայմանավորվածության խախտումն ու ավտորիտար դիրքորոշումը։
Փոշիացել են բոլոր ձեռքբերումները, կապերն ու կացության կանոնները, մարդասպանությունը դարձավ նորմ։ Եվ միակ ստանդարտը, որը դեռ գործում է, դասական իմաստով լրագրությունն է։
Քաոսի ու մահվան առօրեկանության պայմաններում ողջ կմնան միայն լրագրողները։ Այն էլ, ոչ բոլորը։
Այս միտքը Ալեքս Գարլանդի «Քաղաքացիական պատերազմ» (Civil War) շատ յուրահատուկ ֆիլմի կմախքային ու ճակատային միտքն է։ Այնքան ճակատային, որ արժանի է հիացմունքի։
Ոչ, իհարկե, լրագրողները սուրբ չեն, անգղների նման հետապնդում են հոգեցունց լուրերն ու օդում սավառնող սկանդալը դարձնում վավերագրություն։ Լրագրողները ադրենալինային կախվածություն ունեն արագ փոփոխվող լրահոսից ու լավ կադր ստանալու համար կարող են սառնասրտորեն անտեսել անմարդկային միջավայրը։
Բայց միևնույն է, լրագրողներն են մնում միակ հենասյունը, որը դեռ կանգուն է, երբ մնացած ամեն ինչը փշրվում է՝ նախագահի ինստիտուտը, պետության ամբողջականությունը, հատուկ ծառայությունների և բանակի պաշտպանիչ դերը։
Ֆիլմը դիտողին միանգամից սուզում է պատերազմի մեջ, առանց մանրամասների ու դեպքերի հաջորդականության։ Միայն պարզ է, որ քաղաքացիական պատերազմ է ու դա անասելի սարսափելի է։ Եվ որևէ կերպ կառավարելի չէ այլևս։
Ամերիկացիները սպանում են ամերիկացիներին (հենց այնպես, քանի որ եթե դու չսպանես, կսպանեն քեզ), երկու խոշոր նահանգներ անկախանում են (Տեխասն ու Կալիֆորնիան, այսինքն՝ ամենապահպանողական և ամենաազատական նահանգները), իսկ ԱՄՆ նախագահը օրենքին հակառակ՝ որոշում է երրորդ ժամկետում էլ նախագահել, ինչի արդյունքում քաղաքացիները ոտքի են ելնում ու սկսում սպանել, ոչնչացնել ու դիմակայել ինչպես կարող են։
Չկա ճիշտ ու սխալ կամ լավ ու վատ։ Կա միայն բաժանում «Զենք ունե՞ս, թե՞ չունես» սկզբունքով։ Եթե ունես, ուրեմն շանս կա, որ մի քանի օր էլ ողջ կմնաս։
Լրագրողները զենք չունեն, բայց նրանց ֆոտոխցիկն ու ձայնագիրչը որքան էլ պատրանքային պաշտպանություն է, նույնքան էլ էական։ Երբ իմաստներն անհետանում են, մնում է միայն մասնագիտության իմաստը։ Հենց այս պահին ու հենց այս վայրում անել մի բան, որը թույլ կտա զգալ քեզ մարդ։
«Քաղաքացիական պատերազմ» ֆիլմն իրականում շատ հմուտ ու օրիգինալ է կառուցված, որպես բեկորացված ռոուդ–մուվի, ճանապարհորդություն տարբեր իրականության դրվագներով։
Չորս լրագրող նստում են «PRESS» դաջվածքով մեքենա ու ուղևորվում Նյու Յորքից Վաշինգթոն, որ հասցնեն ԱՄՆ փլուզման մասին կադրեր անել ու ստանալ ոչ լեգիտիմ դարձած նախագահից վերջին մեկնաբանությունը։
Եվ այդ ճափորդության ողջ ընթացքում նրանց ուղեկցում է մահը, որը թե՛ օրհասական սպառնալիք է, թե՛ տրավմաների շարան, թե՛ պարզապես լանդշաֆտի անբաժան բաղադրիչ։
Բրիտանացի ռեժիսոր Ալեքս Գարլանդը միտումնավոր կառուցել է իր ֆիլմը ոչ անհարթ։ Կան հատվածներ, որտեղ լրագրողները երկար-բարակ հետևում են զինվորներին, որ գտնեն ազդեցիկ կադրեր (որոշ առումով՝ դրանք վարպետության դասեր են)։
Կան հատվածներ, որոնք կարող էին դառնալ մի առանձին ֆիլմ։ Հատկապես այն, որտեղ դիակներով լի փոսի կողքին կարմիր ակնոցներով շարքային ամերիկացին դիմավորում է հանդիսատեսին արդեն որպես ոչ թե շոկային ապոկալիպսիսի հեծյալ, այլ հակամարդկային առօրյայի կիզակետ-խորհրդանիշ։
Պատերազմի ու մարդկային կերպարանքի կորուստը տարալուծված է օդում այնպես, որ կյանքը թվում է մղձավանջ։ Զոմբիներ, մութ ուժեր ու գերբնական աղետներ չկան։ Կա կյանք, և դա անտանելի է։ Թեկուզ եթե չես դարձել փախստական, ակամա ֆիդայի կամ պարփակվել ես սիրուն փոքր քաղաքում, որ չտեսնես, չլսես ու չմտածես կողքդ տեղի ունեցածի մասին։
Ոչ ոք չի հասկանում, թե ինչ է լինելու։ Միայն պարզ է, որ դասական պատկերացմամբ Ամերիկան այլևս չի լինի։ Եվ կարևոր է վավերագրել այդ անհետացող Ամերիկայի վերջին օրերը։
Դա են պատրաստվում անել հին դպրոցի լրագրողները՝ վաստակաշատ, հոգնած ու զուսպ լուսանկարչուհի Լին (Քիրսթեն Դանստ), կրքոտ լրագրող Ջոելը (Վագներ Մոուրա), ծեր ու ամեն ինչ տեսած «Նյու Յորք Թայմզի» սյունակագիր Սեմմին (Սթիվեն ՄաքՔինլի Հենդերսոն), և երիտասարդ ֆոտոթղթակցուհին, որի համար սա պիտի դառնա առաջին մեծ փորձը (Քեյլի Սփեննի)։
Ֆիլմում բոլորը պատրաստ են սպանել բոլորին, և բոլորը պատրաստ են սպանվել։ Խաղի կանոններն են այդպիսին, քանի որ պետության ղեկավարն ինքն է խախտել դրանք ու տվել ազդանշան, որ ամեն ինչ թույլատրելի է։
Հետաքրքիր է, որ այս իրավիճակը ոչ թե ապագայի մոդել է, այլ հենց մեր օրերն են։ Այսօր է։
ԱՄՆ–ում շուտով նախագահի ընտրություններ են և այս ֆիլմ–հակաուտոպիան ունի ուղերձ բոլոր նրանց, ովքեր ընտրելու են։
Նաև լրագրողներին, որոնք ստիպված ընդունում են, որ «PRESS» նշանն ու լրագրողի վկայականը բնավ էլ երաշխիք չեն, որ իրենց չեն սպանի։
«Քաղաքացիական պատերազմ»–ը դասական իմաստով հակապատերազմական ֆիլմ չէ՝ հումանիստական ենթատեքստով։ Անգամ ընդհակառակը՝ հենց պատերազմական է։ Ճակատային ու պարզ է։ Նաև շատ գեղեցիկ։
Միգուցե հիմա իրոք հստակ ուղերձներով ստեղծագործությունների ժամանակն է։ Դրանք են, որ «կրակում» են նշանակետին՝ հուշելով, որ եթե ապրում ես պատերազմի մեջ, ընդունիր դա, առանց երազելու խաղաղության մասին։ Որ ստացվի գոնե մի քանի լավ կադր անել։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: