Տավուշի մարզից մեկնարկող հայ–ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման կարևորագույն գործընթացը տեղի է ունենում այնքան սրընթաց ու հախուռն, որ կարծես, հենց օդում են որոշվում ու սահմանվում հարցերի շրջանակները, որոնք, որքան էլ բախտորոշ են, նույնքան էլ անորոշ կախվում են օդում՝ չգտնելով ճիշտ հասցեատերերին։
Շատ հարցեր կան, քիչ են պատասխանողները, որոնք ի պաշտոնե տիրապետում են պատասխաններին ու ունակ են դրանք տեղ հասցնել։
Իհարկե, պատասխաններ հայտնվում են ու, որքան ուզես, լղոզվում կամ ուռճացվում են մեդիա դաշտում, բայց խնդրի առանցքը միևնույն է` շարունակում է մնալ պետության ու քաղաքացիների միջև թյուր հաղորդակցությունը։ Նույնիսկ կարելի է ասել՝ պետական այրերn ու մարմինները գրեթե ամեն հարցին տալիս են այնպիսի պատասխանների փունջ, որ ամեն ինչ ավելի է խճճվում ու սրվում (մինչդեռ շրջանառվող խնդրահարույց չորս գյուղերի բնակիչների հարցերը շատ կոնկրետ ու հստակ են)։
Հատուկ նշանակության տարածք դարձած Տավուշի այդ սահմանային հատվածում ով ասես, հայտվում է, ինչ ասես, ասում է, ինչ ասես, անում է։
Բայց այն կառույցներն ու մարդիկ, որոնք հանդես են գալիս պետության անունից, հիմնականում ոչ թե պատասխանում են բնակիչների հստակ հարցերին (բա, ո՞նց է գյուղը շարունակելու ապրել առանց ճանապարհի մի հատվածի, բա, ի՞նչ անել ՀՀ կադաստրի այն թղթի հետ, որով մարդը համարվում է հանձնվող հողակտորի սեփականատեր, ի վերջո, բա, ինչո՞ւ հենց Տավուշն է առաջինը ընդունում Հայաստանի համար ոչ բարենպաստ հողերի հանձնման հարվածը), այլ կարծես միայն ավելացնում են հարցերի քանակը։
Անգամ տպավորություն է, որ լարված ֆոնը ոչ միայն բնական է, այլև արհեստածին։
Մի բանը հաստատվում է և հաջորդ օրը կամ հաջորդի շուրթերով հերքվում, հայտարարվում է մի բան, պարզվում, որ այդ բանը դեռ չկա կամ կա, բայց այն չէ, որը պատկերացնում էինք երեկ։ Բայց այն կարելի է նմանեցնել հինգ օր առաջվա իրավիճակի հետ, որտեղ մի քանի շտկումներ են արվել, բայց դրանց մասին չեն ասի, քանի որ դեռ պարզ չէ, թե երբ։
Եվ ընդհանրապես, ամեն ինչ լավ է լինելու։ Չէ, լինելու է սարսափելի, աղետալի ու անհույս։
Բնականաբար, եթե հարցերի պատասխաններ չեն հայտնվում, ամեն ինչ դառնում է քաոտիկ ու համալրվում տագնապով՝ սկսած ականազերծման գործընթացից ու դրա դեմ պայքարողների դեմ պայքարից, վերջացրած կրոնական անձերի դերակատարմամբ ու նրանց «սրբազան» պայքարով։
Լրահոսում նյուզմեյքեր են դառնում տարբեր օդիոզ անձեր ոչ միայն այն պատճառով, որ դա հարկավոր է հատուկ պառակտիչ տեղեկատվական օրակարգ ունեցող մեդիա միավորներին, այլև այն պատճառով, որ պետության ու քաղաքացիների հաղորդակցման մոդելում կան լուրջ բացեր։
Եվ ազգային անվտանգության այս կարևոր գործընթացը ներկայացվում է որպես սովորական առօրյա մի դեպք, որը պետք է հեշտ ու արագ մարսել ու գնալ առաջ։ Առանց բացատրելու, թե ինչու, և առանց գիտակցման, որ հույզերը պարտադիր են ու ժամանակակից լեզվով ասած՝ լեգիտիմ։
Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի լրագրողը այսպես է մեկնաբանում․ «Չորս գյուղերի բնակիչների հույզերը տեղեկատվական գրոհների հետևանքներ են, կարծում են փորձագետները»։
Այս միտքը Հանրայինի համար ընդունելի է, իսկ հանրության համար՝ հաստատ ոչ։ Բնականաբար, հույզեր կան։ Եվ բնականաբար, եթե տարողունակ պատասխաններ չեն հայտնվում, հույզերը դառնում են զենք։
Բողոքներ, ճանապարհների փակում ու տարբեր աստիճանի բախումներ կան և կլինեն, քանի դեռ պետության ու քաղաքացիների շփումը մնում է թերի։ Եվ խոսքը բնավ էլ միայն սահմանազատման մասին չէ, որը լայնամաստշաբ վերափոխումների մեկնարկ է և որը կարելի էր կազմակերպել շատ ավելի գիտակից նախապատրաստմամբ։
Խոհեմ ու հեռանկարային չէ, որ կոնկրետ մարդու կոնկրետ հարցին պատասխանում ես այլ թեմային կամ դերակատարին վերաբերող ասելիքով։
Հատկապես եթե հարց տվող մարդը հենց հողի տերն է, հողին կանգնած ու հողի (ինքն իր) մասին հարց տվող։ Նա է ՀՀ առաջին շարասյունը։
Հինգերորդ շարասյուն
Կրկին մեդիա դաշտ է նետվում նախկին-ներկա հակադրումն ու կրկին մատնանշվում է հինգերորդ շարասյունը որպես սթափ, ազնիվ ու պարկեշտ կոմունիկացիայի բացակայության արդարացում։
«Հինգերորդ շարասյուն» արտահայտությունը կարծես փայփայում ենք ու նույնիսկ դարձնում անձեռնմխելի մի երևույթ, որ մատնշենք՝ ահա, տեսաք, չստացվեց իրենց պատճառով։
Եթե ՀՀ պետական կառույցները որոշել են սաբոտաժի ու այլ պետությունների համար աշխատող անձանց ու միավորումների ներքաղաքական լյուստրացիա անել, ապա լիքը ժամանակ, միջոց ու կարևորը՝ հանրային աջակցություն կա դա անելու այլ միջոցներով՝ այդ թվում շատ կոշտ միջոցներով և այլ վայրերում։
Տավուշում այս օրերին տեղի ունեցածը տագնապալի է, քանի որ պետությունը ոչ այնքան խոսում է, բացատրում ու փորձում երաշխիքներ տալ տավուշցիներին, որքան փորձում փաստարկներ բերել, որ նրանց հույզերը դրսից են կառավարվում ու մանիպուլյացիայի արդյունք են։ Անգամ եթե այդպես է, այդ արատավոր շղթան հարկավոր է ավարտել։
Շիտակ ու անխափան երկխոսությունը քաղաքացիների հետ իշխանությունների ուղիղ գործառույթն է։
«Տեղեկատվական հույզեր» բառակապակցությունը թերևս նոր մի տերմին է, որը ակտիվորեն կիրառվում է բացասական նշանով, մինչդեռ հույզերն են ձևավորում հանրային էներգիա (որը հիմա շատ թանկ բան է)։
Մսխելով ու վանելով քաղաքացիների հույզերը՝ մի կողմից ստանում ենք քաոս ու անվստահություն, մյուս կողմից՝ վիրավորված քաղաքացիներ, որոնց հետ խոսում են կամ հրամաններով կամ քամահրական հնչերանգով։
Հազար ու մի մարդ է հիմա խոսում Տավուշի մասին ու ազգային անվտանգությունից, և ակամայից հասկանում ես, որ բոլոր ռեպորտաժներում կամ լրագրողական նյութերում (անգամ մանիպուլյատիվ) փորձում ես գտնել սահմանամերձ գյուղերի բնակիչների ուղիղ խոսքը։ Այն մարդու, որն ուզում է հավատալ, որ մենակ չէ։
Եթե զգաց, որ միայնակ է, հայացքը կթեքի ցանկացած մեկին, որն իրեն կասի՝ ես քո կողքին եմ։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: