2024.03.06,

Քննադատ

Մարտի 8-ի շեղբի վրա վազելով

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Կան տեղեկատվական առիթներ, որոնք կուռ ու սուր թրի պես մխրճված են մեր գիտակցության մեջ ու արթնանում են պարբերաբար, որ մեզ ինչ–որ բան վաճառեն կամ ինչ-որ բան հրամցնեն։ Մարտի 8-ն այդ առիթներից է՝ կայուն մարքեթինգային հնարքներով ու բառային կաղապարներով լի։ 

Մենք սիրում ենք մարտի 8-ը, քանի որ մեծ հաշվով կարծրատիպը լավ բան է՝ հարազատ, հասկանալի, սպասելի։ Ու շահավետ։ Ու հեշտ։ 

Կարծրատիպը մեր ընկերն է, որին սպասում ենք ու որի հետ խոսում ենք նույն լեզվով։

Մարտի 8-ը խոսում է մեզ հետ այն լեզվով, որն ընկալում ենք արագ, առանց ավելորդ ջանքերի, որևէ ներքին հարցադրման ու մտավոր աշխատանքի։ Շնորհավոր, շնորհակալություն․․․ Գարուն, զարդ, սեր, ծաղիկ, քույր, մայր, սիրուհի․ բոլորը մեկ փաթեթում։

Վաղուց արդեն իմաստների ու հայտարարությունների շուկայում կանանց տոնը նույնանում է գեղեցկության, գարնան, ծաղիկների ու ամենակարևորը զեղչերի հետ։ Իհարկե, ծաղիկների գներն այդ օրը բարձրանում են (շուկա է, ի վերջո), բայց մնացած բաները՝ զեղչվում (շուկա է, ի վերջո)։ 

Ապրանքները, ծառայությունները, քաղաքական ուղերձները զեղչվում են միասին, միահամուռ ու հաճույքով, կարող են զեղչվել ընդամենը 10%–ով, իսկ կարող են նաև՝ 100%–ով։

Զեղչվում են այնքան, որ դառնում են նվեր։ Հետո նվերներն են զեղչվում այնքան, որ դառնում են բեռ։ 

Իրականում, բարդ է առաջարկել նոր մի բան, եթե թիրախային լսարանդ կառուցված է ընդամենը մեկ հատկանիշով՝ սեռով, առանց հաշվի առնելու այլ գործակիցներ՝ տարիքը, սոցիալական դիրքը, նախասիրությունները, կրթությունը, զբաղմունքը, քաղաքական հայացքները, ընտանեկան կարգավիճակը և այլն։ Այդ դեպքում ստիպված ես կրկնվել ու ընդհանրացնել ասածդ։ Բեռ ես սարքում զեղչված բառերից։

Օրինակ, երբ ՀՀ Ազգային ժողովն իր կայքում հրապարակում է լուր, որ ԱԺ նախագահի կարծիքով «կնոջ ներկայությունը գեղեցկացնում է աշխատանքային միջավայրը», դա դառնում է այն տեղեկատվական առիթների կաղապարներից մեկը, որը կրկնվում է տարեցտարի՝ շարունակելով սովետական տոնացույցերից ձգվող առասպելը։ 

Իհարկե, խորհրդարանում վստահաբար գիտակցում են, որ աշխատանքային միջավայրը գեղեցկացնում է բոլորովին այլ բան և դա հաստատ սեռը չէ։ Բայց մարտի 8 է, և ուրեմն հին, բարի ու բազմակի օգտագործման կաղապարները նորից գործի են դրվում ու կանանց մեկ փաթեթով տեղավորում են գեղեցկացնողների ստորոբաժանմունքում։ Ինչպես ասենք դեկորատիվ իրերի դեպքում է, երբ ֆունկցիոնալ նշանակությունը զարդարանքն է։

Բնականաբար, դա վատ չէ։ Զարդարանքը միշտ է պետք։ Մարդիկ ընդահրապես զարդ են։ Կամ էլ պարզապես մարդիկ են, որոնք զարդ չեն։ 

Օրինակ, կարող են գործել հանցանքներ, օրենքներ խախտել, ձերբակալվել, դատվել, նսեմացվել ու նսեմացնել ուրիշներին, գողանալ, սպանել, խոշտանգել։ Իհարկե, կին սերիական մարդասպանները պատմության մեջ քիչ են (կամ ընդհանրապես չկան), բայց քիչ են նաև կին պետության ղեկավարները։ Դա ընդամենը համամասնական ցուցանիշ է։

Եվ եթե կանայք պայքարել ու պայքարում են հանուն հավասար իրավունքների ու համաչափ ներկայացվածության տարբեր օղակներում, նրանք զուգահեռաբար պայքարում են նաև, որ տեղեկատվական դաշտում իրենց մասին խոսեն առանց սեռով պայմանավորված մեղմացուցիչ հանգամանքների։ 

Երբ մեկ ամիս առաջ տարածվեց լուր, որ ձերբակալվել են ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարն ու վարչության պետը ու լուրջ մեղադրանքներ են նրանց առաջադրվել, մեդիա դաշտում առաջին հերթին հնչեց այն մեղմացուցիչ հանգամանքը, որ փոխնախարարն ու վարչության պետը կանայք են, և ուրեմն նրանց նկատմամաբ ակնկալվում է հատուկ վերաբերմունք։ Սեռով պայմանավորված։ Ավելի մեղմ ու ավելի գեղեցիկ վերաբերմունք։

Սա ևս այն կարծրատիպերի շարքից է, որը ուղեկցում է մեզ արդեն վաղուց, ըստ որի՝ գեղեցիկը չի կարող լինել մեղավոր։ Զարդը չի կարող լինել վատը։

Եթե մի քիչ էլ կազմաքանդենք այդ իմաստային շղթան, կստացվի, որ եթե ուզում ես դուրս գալ զարդի (դեկորացիայի) դերից ու դառնալ սուբյեկտ, հարկ է ընդունել, ոչ սեռը ընդամենը սեռ է, ոչ առավելություն, ոչ թերություն։ Այդպես է դատարանում, բանտում, նաև՝ խորհրդարանում։

Բայց քանի որ մոտենում է մարտի 8-ից մեկնարկող զեղչային ամիսը, չենք ուզում հիշել հանցանքների, բանտի ու ձերբակալությունների մասին ու ընկղմվում ենք այն ռեպորտաժային ու լրագրողական արտադրանքի մեջ, որտեղ հերթական անգամ կանանց նվիրում են ծաղիկներ, բալետի տոմսեր, ուղեվարձերն են հատուցում կամ քաղաքական հայտարարությունների մաս են դարձնում։ 

Այսինքն, կանանց վաճառում են (զեղչում, նվիրում) իրենց իսկ սեռը, շուկայական արժույթով։ Կանայք սիրով ընդունում են այդ նվերը, զեղչը, բեռը։

«Մարտի 8-յան հաճելի անակնկալներ՝ Երևանի քաղաքապետարանի կողմից» լուրը, իհարկե, կարող է դառնալ մեծ քաղաքական–քաղաքացիական պերֆորմանսի մաս, եթե հանկարծ օրվա վերջում պարզվի, որ որոշ կանայք չեն ընդունել այդ անակնկալ նվերն ու ոստիկանները նրանց տույժի են ենթարկել՝ օրվա խաղի կանոնները չհարգելու պատճառաբանությամբ։ 

Տեղեկատվական առիթները երբեմն իրոք արհեստականորեն են ստեղծվում, որ լավ լինի։ Որ սրվի իմաստների շեղբը։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *