2024.02.19,

Քննադատ

Լինել պատրաստ ատելության ալիքներին

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հարձակման ալիքներից, որ հանկարծ (հաճախ իրոք հանկարծ, առանց կանխատեսելու հնարավորության) սկսվում են սոցիալական մեդիայում, ոչ ոք ապահովագրված չէ։ Ո՛չ հայտնի բրենդները, ո՛չ հեղինակավոր մեդիաները, ո՛չ էլ անհատները։ Այն ամենը, ինչը ենթադրում է ինտերակտիվություն ու լսարանի հետ հետադարձ կապ, կարող է դառնալ հեյթերների թիրախ ու առաջացնել փոքր ու կարճատև ալիքներից մինչև հսկա ու երկար ձգվող ցունամիներ։

Անգամ անմեղ ու սովորական մի գրառում կամ կոմունիկացիոն շղթայում թերացում որոշ մարդիկ կարող են համարել անընդունելի, անարդարացի ու իրենց իրավունքները ոտնահարող։ Ու սկսվի ատելության ալիքը։

Ատելության ալիքները հիմնականում ունեն հինգ փուլ․

1․ Մեկնաբանությունների տեսք՝ սոցիալական մեդիայում գրառումների տակ,

2․ Այդ մեկնաբանությունների վերահրապարակումներ մյուս օգտատերերի ու նաև լրատվամիջոցի կարգավիճակ ունեցող հարթակների կողմից, որոնք համալրվում են նոր մեկնաբանություններով՝ արդեն լրագրողների կամքով,

3․ Քննարկումներ ոչ միայն սկզբնական արարքի կամ դեպքի մասին, այլև արձագանքների։

4․ Հիշատակում կամ պեղում մարդու, մեդիայի կամ բրենդի նախորդ արարքները, կենսագրական պտույտները, «կասկածելի» կապերը։ Մի խոսքով՝ այն ամենը, ինչը ալիքը կշարունակի պահել ակտիվ։ 

5․ Ակտիվիստների ներգրավում ինչպես մեդիայում, այնպես էլ իրական կյանքում (ցույցեր, բոյկոտ, հեղինակների կամ գրասենյակների վրա հարձակումներ, դատական հայցեր, ոստիկանների ներգրավում և այլն)։

Իհարկե, այդ բոլոր փուլերը կարող են լինել ոչ միայն հերթով, այլ զուգահեռ և միասին։ Եվ մարդուն, մեդիային կամ բրենդին հասցնել լուրջ վնաս՝ ֆինանսական, առողջական, հեղինակության, տեղեկատվական։ Վերջին վնասն այն է, որ ոչ մի բան չի մոռացվում, պիտակը սոսնձվում է՝ դառնալով երկարատև հղման առիթ։

Բաց թողնենք այն իրավիճակը, որ ատելության թիրախում հայտնված մարդը, մեդիան կամ բրենդը իրոք սխալ է թույլ տվել՝ ձևակերպման, ուղերձների, փաստացի խեղաթյուրման ու պետք է իր մարտավարությունը կառուցի սխալի շտկման ու դրա հետևանքների մեղման վրա։ 

Դիտարկենք այն իրավիճակը, երբ մարդը, մեդիան կամ բրենդը համոզված են, որ իրավացի են ու կարող են դա ապացուցել փաստերով ու տրամաբանորեն։ Բայց քանի որ ագրեսիվ ատելության ալիքները բնավ էլ չեն ուղղորդվում փաստերով ու կախված են էմոցիոնալ քամիներից, արժե մտապահել այդ ալիքների տակ չմնալու քայլերի մասին։ 

Կարող է թվալ, որ եթե ոչ մի սխալ բան չես արել, պիտի պայքարես, քանի որ լռելը հավասարվում է համաձայնության հետ, բայց իրականում այդպես չէ։ Պայքարել ատելության ալիքների դեմ՝ նոր ալիքներ ստեղծելով, արդյունավետ չէ։ 

Մեծամասամբ ատելության ագրեսիվ ալիքների դեպքում ոչինչ անել պետք չէ։ Այդ ալիքներին հարկավոր է սնունդ՝ քամի, տեկտոնիկ հուզական շարժեր, փող կամ կառավարող ձեռք։ Եթե սնունդ չկա, ալիքը սովորաբար մարում է։ Իսկ եթե սնունդը շարունակում է մատակարարվել, արժե արդեն հետաքննել այդ մատակարման շղթան՝ առնվազն հասկանալու համար, թե որտեղից է քամին փչում (կամ փողը հոսում)։ Եվ եթե գեղեցիկ լուծումներ չենք գտնում, ավելի լավ է ոչինչ չանել։

Եվ բոլոր դեպքերում արժե․

Վերցնել դադար

Չպատասխանել միանգամից՝ մտորելով ոչ թե հայելային պատասխանի (օրինակ, ասելով՝ ինքդ ես հիմար, ծախված, տգեղ, անփույթ և այլն) կամ արդարացումներ կառուցելու (մեզ սխալ եք հասկացել, դա նկատի չունեինք, ուզում էինք ասել, որ ․․․), այլ ժամանակ տնտեսել՝ ագրեսիվ հարձակումներին դիմակայելու ռազմավարություն մշակելու ու պատասխանելու մեկ կարևոր ու միգուցե անսպասելի տեքստով։ Այստեղ բանալի բառը 1 թիվն է։ Մեկ հրապարակային պատասխան է պետք։ 

Գտնել համախոհներ

Հենվել աջակիցների, փորձագետների ու մասնագետների, պարզապես ընկերների կարծիքի վրա՝ քաջալերերով նրանց խոսել ձեր մասին դրական տեսանկյունից։ Ասել՝ երախտապարտ ենք, որ մեզ կարդում ու գնահատում եք։ Այդպես կստեղծվի որոշակի բալանս, մինչ մտորում եք մեկ (ընդամենը մեկ) ռազմավարական հայտարարության մասին։

Երբեմն ագրեսիվ հայհոյողներին կարելի է լռեցնել, եթե պարզ շնորհակալություն եք ասում նրանց, ովքեր հեղինակություն են այդ հայհոյողների համար։ 

Երբեք չմեղադրել թիմի անդամներին

Եթե թիմ եք, անպայման աջակցեք թիմին ատելության ալիքի ստեղծման առաջին իսկ րոպեից։ Եթե գտնում կամ «նշանակում» եք մեղավորին և դրանով առաջարկում լսարանին լուծում, ոչ մի լավ բան չի ստացվի։ Բրենդը կամ մեդիան այդպիսով զոհում է իր աշխատակցին՝ ցույց տալով, որ մյուսները անմեղ են։ Ավելի լավ է մտածել, թե ինչը պետք է փոխել հետագայում։ Բայց դա լուռ գործ է, ոչ հանրային տարածքի համար։

Մեկ խնդիր, մեկ պատասխան

Միշտ կա գայթակղություն խոսելու սեփական գործերի, վաստակի, նվիրումի մասին՝ միանգամից բոլորի ու միաժամանակ։ Պարզ է, որ հեյթերները կհիշեցնեն անցյալի բոլոր մութ ու վիճելի էջերը՝ սարքելով մեղադրանքների խճճված փունջ։ Իմաստ չունի պատասխանել նույն ոճով ու ակտիվացնել ալիքը։ 

Ոչ թե ասեք՝ մենք հարյուրվար լավ ծրագրեր ենք արել (օգնել կարիքավորողներին, գրել լավ հոդվածներ, ազգային գործ արել և այլն), այլ խոսեք միայն կոնկրետ դեպքի կամ քայլի մասին, որից ծնվել է ալիքը։ Չարժի նաև խոսել ապագայում նախաձեռնվող բարի գործերի մասին։ Սա արդյունավետ չի։ Մեկ առիթ, մեկ բացատրություն․ սա ավելի արագ կարող է լռեցնել ալիքը, քան մանրամասն պրեզենտացիոն պարզաբանումները։ Իհարկե, հուսալով, որ սկանդալը ինքն իրեն կդադարի, կկանգնի կամ առնվազն կմեղվի։ 

Ի դեպ՝ ատելության ալիքները մեդիայում սովորաբար տևում են երեք օրից մինչև երկու շաբաթ։ Կամ կհայտնվի նոր թիրախ, կամ լսարանը կձանձրանա ձեզնից։

Հասկանալ ատելության խոսք տարածողներին

Թեև պատրաստի բանաձևեր չեն կարող լինել, բայց արժե փորձել հասկանալ ատելության ալիք ստեղծողների ու տարածողների հոգեվիճակը։

Միանալով ատելության ալիքներին, մարդիկ ուզում են լսելի ու տեսանելի լինել։ Նրանք պայքարում են հանուն այդ ցանկության նաև։ 

Օրինակ․ ուզում են, որ իրենց գովեն (համախոհները, ընկերները), ասեն՝ բրավո, դու անտարբեր չես։ 

Կամ իրենց հաճելի է դառնալ սկանդալի մաս ու այդպիսով բարձրացնել սեփական ինքնագնահատականը (տեսեք, ինչ լավ եմ տեղը դնում սրան կամ նրան)։ 

Կամ պարզապես ուզում են զվարճանալ։ Օգտագործում են վերացական մտքեր, շաբլոն ձևակերպումներ, այստեղ-այնտեղից փոխառած մտքերի կտորներ։ Նրանց նպատակը պրովոկացիան է (չի բացառվում նաև վճարի դիմաց)։

Եվ բոլոր դեպքերում լավ կլինի ազատվել պատրանքից, որ սթափ պատասխանելու դեպքում կարող եք հեյթերներին դարձնել եթե ոչ թե ընկեր, այլ գոնե չեզոք դիտարկող։ Չի ստացվի։ Հարկավոր են ավելի գեղեցիկ լուծումներ, ճգնաժամային հաղորդակցության տրամաբանությամբ։

Ի վերջո, ցանկացած ագրեսիա ծնվում է վախից։ Եվ եթե օգատատերերը սկսում են ցուցաբերել ագրեսիվ վարք, իրականում նրանք փորձում են պայքարել սեփական վախերի դեմ։ Կան վախի արդյունքում ծնված երեք հիմնական վարքագծային մոդելներ՝ պայքար, փախուստ, քարացում։ Ագրեսիան պայքարի ձև է։

Եվ պարադոքսալ կերպով այստեղ չկա հակասություն։ Բոլորս էլ խոցելի ենք, երբ ագրեսիվ ենք։ Կամ ագրեսիվ ենք, քանի որ խոցելի ենք։ 

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *