2024.01.24,

Քննադատ

Փոդքասթները Հայաստանում. աճի տարի է սպասվում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

2023 թվականը կարելի է անվանել փոդքասթների վերելքի տարի Հայաստանում։ Իհարկե, դեռ պարզ չէ, թե ոնց է ճիշտ գրել, պոդկաստ, փոդքաստ, թե փոդքասթ՝ ով, ոնց ուզում գրում է, քանի Լեզվի տեսչությունը չի գրել, որ այդ տերմինը հայերեն պետք է լինի, օրինակ «ձայնաերիզական»։ Բայց արդեն պարզ է, որ փոդքասթների թիվը աճում է մեծ տեմպով։ Ու կարևորը, շատերը չեն փակվում երկու-երեք ամիս հետո։  

Փոդքասթները աշխարհում էլ մի պահ, բավականին վաղուց, դարձան պոպուլյար (Հայաստանում՝ չէ), հետո անցան երկրորդ պլան, քանի որ մարդկանց ավելի սկսեց հետաքրքրել վիդեոբլոգինգը, իսկ հետո նորից փոդքասթները անցան առաջ։ Մեզ մոտ սա հասավ, ինչպես միշտ, մի քանի տարի ուշացումով։  

Բայց հարց է առաջանում, ավելի շուտ երկու հարց։ Արդյո՞ք, սա ժամանակավոր երևույթ չէ։ Եվ, եթե ոչ, ապա ո՞ր տիպի փոդքասթները կդիմանան և կշարունակեն զարգանալ մեր վիրտուալ տիրույթում։  

Երևի թե, արդեն կարելի է փաստել, որ մոտակա ժամանակները լինելու են փոդքասթների զարգացման ժամանակաշրջան։ Մի քանի պատճառով։ Առաջինն այն է, որ այս ոլորտ մտել են ինչպես երիտասարդները, այնպես էլ՝ տարբեր ոլորտների փորձառու մասնագետներ։ Այնպես որ, բազմակողմանի մոտեցումները ներգրավում են հասարակության տարբեր շերտեր։  

Մյուսն այն է, որ գովազդատուները բյուջեները սկսում են շրջել դեպի փոդքասթներ։ Իսկ սա ամենակարևոր հատվածն է։ Առանց ֆինանսավորման մենք ստանում ենք փոդքասթը որպես հոբբի, ձեռքի հետ զբաղմունք, ինչը բերում է դրա առիթմիկ ընթացքին, որպես հետևանք՝ լսարանի կորստի։  

Ընդհանուր հետաքրքրության աճը փոդքասթների հանդեպ, նույնիսկ տեխնիկական հատվածը՝ անսահմանափակ բջջային ինտերնետը՝ խրախուսում են փոդքասթների զարգացումը։ Կան նաև քիչ նկատելի, բայց նույնպես ազդեցիկ գործոններ։ Օրինակ, խցանումները Երևանում, ինչը բերում է ազատ ժամանակի առաջացման տասնյակ հազարավոր տուն վերադարձող սոված քաղաքացիների մոտ, որոնք ստիպված տրվում են փոդքասթ լսելուն։  

Բայց, անկասկած, կան նաև զարգացումը բարդացնող երևույթներ։ Մեծ հաշվով, փոդքասթները լինում են հիմնականում մի քանի տեսակի.  

  • Հայտնի մարդու կամ մարդկանց կողմից վարվող։ Սա այն դեպքն է, որ մենակ թե խոսի, կարևոր չէ, թե ինչ։ Բայց հայտնիությունը հաճախ ձանձրացնող է նեղ, սահմանափակ փոփ մշակույթ ունեցող հասարակության համար։  
  • Հայտնի մարդկանց հետ զրույցներ։ Այսինքն, տվյալ դեպքում հայտնի դեմքը, կամ խոսող գլուխը հյուրն է։ Այստեղ խնդիրը նույնն է, ինչը խոչընդոտում է «Բարի լույս, Հայաստան» տիպի հաղորդումներին։ Հայաստանում հետաքրքիր մարդկանց քանակը բավականին սահմանափակ է։ Իրենք մեկ, քարը պայթի՝ երկու տարվա մեջ կպտտվեն բոլոր փոդքասթներով։ Ու հետո արդեն մարդ չի մնա երկրով մեկ։ Արդեն այդ ճանապարհի կեսերին ենք։  
  • Զրույց հետաքրքիր թեմայի շուրջ։ Ինչ-ինչ, բայց հետաքրքիր թեմաները անսպառ են։ Սպառվում է, հիմնականում, փոդքասթ վարողների ինտելետն ու կյանքի իմացությունը։ Սա լրջագույն խնդիրներից է, որը ժամանակին սպանեց Հայաստանում հարցազրույցների ժանրը։ Լրագրողը, իսկ հիմա էլ ՝ փոդքասթ վարողը պետք է մինչև հանդիպումը խորանա թեմայի մեջ, հարցեր պատրաստի, որոնք դուրս են գալիս «բա էլ ինչ կա չկա» ժանրից։ Նման փոդքասթ վարողները Հայաստանում դեռ եզակի են։ Բարեբախտաբար, իրենք կան ու իրենց լսում են։

Այսինք, եթե ամփոփենք, մոտավորապես կարելի է պատկերացնել, որ մոտակա ժամանակահատվածում  մենք կունենանք հայտնի «գրիլի էֆեկտով» ահռելի քանակի փոդքասթներ՝ ամեն տիպի և ոճի։ Հետո հիմնականում կմնան մի քանիսը, որոնք պարզապես լավ վարող ունեն։ Եվ ավելի շատ նեղ թեմատիկ, մասնագիտականները։ Ինչը, վատ չէ։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *