Այսօր, երբ տեղեկատվության ստեղծման ու տարածման գործառույթը պատկանում է անխտիր բոլորին ու սոցցանցերի շնորհիվ այլևս չկա ոչ մի մենաշնորհ այդ դաշտում, առևերեսվում ենք իրավիճակի հետ, երբ պետք է մեծ ու յուղոտ հավասարության նշան դնել մեդիա բովանդակություն ստեղծող բոլոր հեղինակների միջև։
Թե՛ նրանց, ովքեր պարբերաբար հրապարակում են պարզապես համակրելի կատուների ու հաճելի կենցաղից լուսանկարներ կամ պաթետիկ ահազանգեր՝ ցանցակած թեմայով ու որակի, թե՛ բրենդերի ու քաղաքական միավորումների հետ համագործակցողների, թե՛ լրատվամիջոցի կարգավիճակ ունեցողների։
Եթե շատ չոր մոտեցմամբ դասակարգենք հեղինակներին, կստացվի նման ցանկ․
- շարքային օգտատերեր,
- հայտնիներ, ինֆլուենսերներ (շոու բիզնեսից, սպորտից, մինչև քաղաքական գործիչ)
- բրենդեր,
- բուն լրատվամիջոցներ,
- պասիվ հեղինակներ (այս հատվածի մասին ստորև)։
Մեդիա սպառման այս սննդային շղթայում լրատվամիջոցները շատ թույլ դիրքեր ունեն, անգամ եթե գոյության ու ազդեցիկության երկար պատմություն կա նրանց թիկունքում։
Երբ հեղինակ են բոլորը, չկա տարբերություն, թե որտեղ է հեղինակության մեկնակետը։ Կարևոր է, թե ինչ թիրախային արձագանքներ կան ու որքան շատ են դրանք, քանի որ քանակն է ապահովում դիտելիություն, ազդեցություն, փող։
Ընդ որում՝ շատ հետաքրքիր է, որ «հեղինակ» ու «հեղինակություն» բառերը հայերենում նույն արմատն ունեն, այսինքն՝ լեզուն ինքն է հուշում, որ ինչ-որ բան ստեղծողն արդեն ուժ է։
Մինչև վերջերս միայն լրագրողը կարող էր պարզել որևէ հատուկ լուր ու հասարակությունից թաքցվող նորություն։ Եվ միայն լրագրողի կարգավիճակ (բեյջ, հավատարմագրման փաստաթուղթ ու սեփական դերի գիտակցում) ունեցողն էր իրեն վերապահում իրավունք վստահ լինելու, որ իր գործն է անում և պետք է շարունակի անել՝ քաջաբար մտնելով փակ խմբեր, քաղաքական հետնաբեմ կամ թեժ իրադարձության կիզակետ։
Եվ հասկանալի է, որ հիմա շատ լրագրողներ մեծ դժկամությամբ և նույնիսկ թերահավատորեն են մոտենում նոր իրավիճակին։ Նրանց համար բարդ է ընդունել, որ ստիպված են աշխատել ինֆորմացիայի փոխանակման բոլորովին նոր տրամաբանության պայմաններում։
Ցանկացած մարդ գիտե որևէ կարևոր տեղեկություն, և ուրեմն բոլորը միասին տիրապետում են աշխարհի երեսին գոյություն ունեցող ողջ ինֆորմացիոն պաշարին։
Եվ բոլորը հեղինակ են․ ամեն վայրկյան գրպանից հանում են սարքերն ու հրապարակում ի լուր աշխարհի իրենց ունեցած ինֆորմացիան։ Մարդկանց բնավ հարկավոր չէ մեկը (լրագրողը), որ մտնի թեժ ու փակ տարածքներ, այլ հենց տարածքում գտնվողն է դառնում սպառողի համար աղբյուր ու տեղեկատվության կրող։ Եվ ամենակարևորը՝ տեղեկատվության տեր։ Կարճ ասած՝ հարկավոր չէ սպասարկող–միջնորդ (լրագրող), մեդիան աշխատում է ինքնասպասարկման տրամաբանությամբ։
Տեղեկատվության փոխանցման արագությունը արժեզրկեց լրատվամիջոցների դերը։ Եվ դա փաստ է, որի հետ ստիպված ենք հաշտվել ու գիտակցել, որ վստահությունը լրատվամիջոցների հանդեպ նվազում է ողջ աշխարհում։ Անգամ չի փրկում փաստահեն ու կարծիքների համադրման տարածք լինելու լրատվամիջոցների դիրքավորումը։
Շուկայում դա արդեն չունի արժեք, քանի որ հետաքրքիրը փաստերը չեն, այլ այն, ինչ կա փաստերի հետևում, արանքում ու անգամ դրանց անտեսման մեջ։ Հետաքրքիր են հիպոթեզներն ու իմաստները։ Իսկ փաստերն ընդամենը ուղեղում զբաղեցնում են տեղ՝ իրար հաջորդելով ու չդառնալով աշխարհի պատկերը բացատրող գործիք։
Կուռ խմբագրակազմ ու քաղաքականություն ունեցող լրատվամիջոցը ստիպված է ինքն իրեն «թաղել» փաստերի մեջ, ստուգել ու փորձել ոչ մի բան բաց չթողնել, մինչդեռ այդ տիտանական աշխատանքը լսարանը գրեթե չի գնահատում։ Ավելին՝ ինքն իր առջև դնում է պատնեշ, որ որքան հնարավոր է կարդա քիչ փաստեր (անդեմ շարաններ), և շատ՝ իր քիմքին համապատասխան դիրքորոշում (դեմք ունեցող աուդիո և վիզուալ բովանդակություն)։
Եվ զարմանալի չէ, որ եթե իրար հետ մրցեն ավանդական խմբագրություն ունեցող մեդիան ու «ժողովրդական» վերլուծաբան–փորձագետը, կհաղթի վերջինը։
Տեղեկություն սպառողը մեծ հաշվով գիտակցում է, որ իր համար որպես լիարժեք մեդիա արտադրանք բավարար են սոցցանցային լրահոսն ու մակերեսային գրառումները։ Այդ մակարդակն իրեն հերիք է ոչ թե այն պատճառով, որ ինքը բան չի հասկանում մեդիայից, այլ ընդհակառակը, շատ լավ է հասկանում, թեկուզ՝ ենթագիտակցաբար։
Եվ այստեղ կարևոր գործոն են պասիվ հեղինակները։
Անգամ եթե օգտատերերը նախընտրում են ոչինչ չգրել սոցցանցերում, նրանք միևնույն է հեղինակներ են՝ հավանումների, տարածումների ու արձագանքների միջոցով։
Սոցցանցային ալգորիթմերի վիրուսային կառուցվածքն արդեն բողոք չի առաջացնում, դա ընկալվում է որպես կյանքի մաս։ Մենք հավանում ու արձագանքում ենք այն բանին, որն ուզում ենք տեսնել հաջորդիվ մեր անհատական լրահոսում։ Մենք ինքներս ենք ձևավորում մեր լրատվական օրակարգը՝ գիտակցելով դա ու առանց նեղսրտելու։
Տեխնիկական գործիքներով ֆիլտրում ենք էջերը, ընկերներին, ինտերնետ դիտարկիչի կարգավորումները, անում նշումներ և այլն։ Մի խոսքով՝ փակում կամ բացում ենք մեզ հարմար տեղեկատվության ծորակը ըստ օրվա պահանջի։ Դառնում ենք գնահատող, դիստրիբյուտոր ու հետո միայն սպառող։
Այո, մենք ծույլ ու պասիվ հեղինակներ ենք, բայց ոչ պակաս կարևոր։ Եվ ինքնասպարկման մեջ վատ բան չենք տեսնում։
Ձևավորում ենք այն տեղեկատվական միջավայրը, որտեղ մեզ համացանցի տարբեր անկյուններից կառաքեն այն, ինչ ուզում ենք։ Ճիշտ այնպես, ինչպես կառաքեն պիցան կամ դդումով ապուրը։
Սոցցանցերը ծանոթացրել են մեզ իրենց առաքման կանոններին, մենք դրանք ընդունել ենք, հիմա համտեսում ենք ապրանքները, որ հասկանանք, ինչ պատվիրել և որ հեղինակին։ Եվ հաճախ ֆիլտրելու ճանապարհին անտեսում ենք խոշոր ու լուրջ լրատվամիջոցների առաջարկը։ Եթե տարբերություն չկա որտեղից սնունդ ստանալ, ինչու՞ բարդացնել գործն ու խրթին ընտրություն անել։ Օրինակ, համտեսել հազարավոր փաստերի դասավորման արդյունքում ստեղծված անհամ ու մեծածավալ տեքստը, եթե կան ավելի համեղ աղբյուրներ, որոնք հագեցնում են տեղեկացված լինելու մեր քաղցը։ Եվ կարևորը, խնայում են ժամանակը։
Եվ թող այս մտքերը չհնչեն որպես աղետալի իրավիճակի նկարագրություն։ Ընդհակառակը՝ դա շանս է լուրջ լրատվամիջոցների համար իրենց գործառույթը տարրալուծելու ցանցային առաջարկների ողջ փաթեթում։
Օրինակ, մտածել, որ եթե լրագրողները մեծ հաշվով զիջում են ավելի մեծ ծավալի հետևորդներ ունեցող սելեբրիթիներին ու ժողովրդական պարզ ու արագ հաղորդակցության միջոցներ կիրառողներին, իսկ մեծ ընկերություններն ավելի ու ավելի են հմտանում մեդիա բովանդակության ստեղծման ու լսարանի հետ երկխոսելու դաշտում, ուրեմն ոչ թե լրագրողներն են նահանջում, այլ լրագրող են դառնում բոլորը։
Բայց ռեսուրսը, ուժն ու աճող պրոֆեսիոնալիզմը այլևս լրատվամիջոցների դաշտում չէ (թեև դեռ աշխատում է սովորության գործոնը, որը շուտով մարելու ու անհետանալու է)։
Ինքնասպարկումը տեղի է ունենում ոչ միայն բովանդակության սպառման, այլև ստեղծման տիրույթում, որտեղ նույնպես միջնորդներ պետք չեն։ Կոպիտ ասած՝ բրենդին հարկավոր չէ լրատվամիջոցը, որն առաջ կտանի ու կգովազդի իր գաղափարը կամ ապրանքը։ Դա ինքն էլ լավ անում ու օրեցօր աճող պրոֆեսիոնալիզմով։
Նույնն էլ մասնավոր հրապարակողներն են, որոնց լրատվամիջոցի հարթակ պետք չէ, եթե ուզում են տարածել իրենց մտքերն ու վերլուծությունները (երբեմն նաև խառը, հակասական ու վնասակար)։
Մեդիա դաշտում բոլոր խաղացողներն ունեն մեկ նպատակ՝ ստանալ ազդեցություն՝ երկխոսելով լսարանի հետ բավականին դաժան մրցակցային պայմաններում։ Եվ ողջ կմնա նա, ով փոխվում է։ Այլ ոչ թե բարձր ու անսասան դիրքերից խոսում է սեփական աննախադեպության ու ավանդույթների մասին։ Ինչպես անում են շատ լրատվամիջոցներ։
Ինքնասպասարկման մոդելում էքսկլուզիվություն չկա։ Լյուքս ապրանքն ու ցնցոտիները նույն հասանելիությունն ունեն։
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: