2024.01.09,

Քննադատ

Հայաստանում կարող է արգելափակումների հանձնաժողով ստեղծվել

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Արդեն ավանդույթ է, որ Հայաստանում կառավարությունը փորձում է ինտերնետային ազատությունների հետ կապված լուրջ հարցերը լուծել տարվա ավարտին, երբ բոլորի ուշադրությունը սեփական աշխատանքները և զեկույցներն ավարտելն է։  

Այս անգամ կառավարության դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգ ներառվեց մի նախագիծ (տես կետ 61-ը), որը որպես չզեկուցվող հարց արագ հավանություն ստացավ։  

Նախագիծը բավականին ծավալուն է. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին։  

Տվյալ որոշումը վերաբերում է շատ լուրջ, իսկապես մտահոգիչ խնդրի՝ խաղամոլության հետևանքով բազմաթիվ կործանվող կյանքերին ու ընտանիքներին։ Շատ ողջունելի է, որ կառավարությունը փորձում է սահմանափակումներ ներդնել, ստեղծել միջավայր՝ պատասխանատու խաղադրույքների ոլորտ, թույլ չտալ մարդկանց կորցնել ամեն ինչ։ Սակայն, այստեղ կա մեկ քայլ, որը հստակ կունենա լուրջ բացասական հետևանքներ, ընդ որում բազմաթիվ ուղղություններով։  

Կառավարությունը որոշել է ստեղծել գործընթացնեերի և տեխնիկական լուծումների համադրվող մի համակարգ, որը թույլ կտա արգելափակել Հայաստանում չլիցենզավորված ինտերնետ շահումով խաղերի և դրանց նման հարթակները։  

Եվ այսպես, որո՞նք են լուրջ վտանգները. 

ա. Հայաստանում փաստացի ստեղծվելու է հանձնաժողով, որն ունենալու է օրենքի ուժով կայքեր արգելափակելու մանդատ։ Այս պահին Հայաստանում չկա որևէ իրավական նորմ, որը թույլ կտա արգելափակաել ինչ-որ մի հարթակ, ծառայություն կամ հավելված ինտերնետում։ Այսինքն, արգելափակումները դառնում են լեգիտիմ երևույթ։ 

բ. Կամայական գործող համակարգը վաղ թե ուշ սկսում է դուրս գալ իր սահմաններից։ Շատ մեծ է հավանականությունը, որ հաջորդիվ ցանկություն կառաջանա արգելափակել այլ հակահասարակական կայքեր։ Քիչ-քիչ հանձնաժողովը կվերածվի գրաքննության գործակալության։ Հաշվի առնելով, որ հասարակությունում և իշխանության տարբեր հատվածներում քիչ չեն գրաքննություն ցանկացողները, այս մետամորֆոզները կարող են իրականանալ շատ արագ, մեկ-երկու տարվա ընթացքում։ Մեկ անգամ գրաքննության համար ստեղծված մեխանիզմը այլևս հետ պտտել չի ստացվի։  

գ. Համակարգը ազդելու է ինտերնետ կապի գնի վրա, քանի որ պրովայդերները պարտադրված են լինելու գնել թանկ սարքավորումներ՝ արգելափակումները իրականացնելու համար։ Այսինքն գոյություն ունեցող երկու հարյուրից ավել  պրովայդերները, լուրջ տուգանքների վտանգի առջև են կանգնած (երրորդ զգուշացումից հետո ամեն չարգելափակված կայքի դիմաց տուգանքը հասնելու է երեք միլիոն դրամի), ստիպված կլինեն գնալ լուրջ ծախսերի, ինչն էլ, գրեթե միանշանակ կբերի ինտերնետ կապի թանկացմանը։ 

դ. Վատն այն է, որ իրական խաղամոլների վրա դա չի ազդի։ Քանի որ այդ մարդիկ արդեն վաղուց կարողանում են անցնել տարբեր ֆինանսական արգելքներ, օգտագործում են այլ երկրների բանկային քարտեր և այլն։ Նման մարդիկ շատ արագ կգտնեն արգելափակումները շրջանցելու գործիքակազմը, օրինակ, հասարակ VPN-ներ կտեղադրեն։  

ե. Որպես հետևանք մենք կունենանք հերթական չաշխատող օրենք, թանկացած ինտերնետ կապ։ Եվ ամենակարևորը, վերջապես կիրականանա ոմանց երազանքը՝ մենք կունենանք պետական ցենզուրայի հատուկ հանձնաժողով։  

զ. Էլի կարելի էր շարունակել, բայց այսքանն էլ է բավական մտածելու, որ շատ հարցեր լուծելու համար իրավական կարգավորումը պետք է լինի վերջին, այլ ոչ՝ առաջնային քայլերից մեկը։ 

Սամվել Մարտիրոսյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *