2023.12.27,

Քննադատ

2023 -ի հիմնական վտանգները լրագրողների և լրատվամիջոցների համար

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

2023 թվականը տարի էր, ինչպես նախորդ մի քանի տարիները, որի ընթացքում Հայաստանում լրագրողները և լրատվամիջոցները թիրախավորվեցին կիբերհանցագործների, տարբեր հաքերային թիմերի կողմից։ Որո՞նք են եղել հիմնական սպառնալիքները։ 

Առաջնային հարկավոր է նշել, որ մամուլի և լրագրողների դեմ աշխատել են նաև պետական կամ պետության հետ կապ ունեցող խմբերը կամ գործակալությունները։  

Հիմնական հարձակվողի դերում եղել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները։ Հատկապես կարևոր է նշել այն փաստը, որ ամբողջ տարվա ընթացքում շարունակվել են հարձակումները Pegasus լրտեսական ծրագրի կիրառմամբ։ Pegasus-ի վարակումների վերաբերյալ հարկավոր է նշել երկու կարևոր կետ։ Առաջինն այն է, որ մեր դիտարկումները խոսում են այն մասին, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից թիրախավորումը Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հեռախոսների շարունակվել է անընդհատ ռեժիմով, առնվազն մինչև 2023-ի հոկտեմբեր ամիս։ Եվ երկրորդն այն է, որ զոհերի ցուցակում շարունակում են լինել լրագրողներ կամ լրատվամիջոցների հետ կապ ունեցող անձիգ։  

Նաև նշենք, որ այս տարի Predator լրտեսական ծրագրի միջոցով լրագրողների դեմ հարձակումների հաստատված և հանրայնացված դեպք չունենք (հիշեցնեմ, որ երկու տարի առաջ Մետան, Գուգլը հաստատեցին, որ ամենայն հավանականությամբ, տվյալ լրտեսական ծրագիրը կիրառվում է Հայաստանի իշխանությունների կողմից, իսկ զոհերի ցանկում կան լրատվամիջոցների հետ կապակցված անձինք)։  

Տարօրինակություններից մեկն այնն էր այս տարի, որ Ադրբեջանը Արցախի շրջափակման և հատկապես ռազմական հարձակման ժամանակ լուրջ հարձակումներ կիբեր-տիրույթում չիրականացրեց։ Բոլոր սրացումները մինչ այդ զուգահեռ ուղեկցվում էին կիբեր-հարձակումներով, հիմնականում պետական և լրատվական կայքերի դեմ։ Այս անգամ նման ակտիվություն գրեթե չկար։  

Սակայն, արդեն օգոստոսին արձանագրվեց մտահոգիչ DDoS հարձակում «Հրապարակ» օրաթերթի կայքի դեմ։ Այն չէր ուղեկցվում այլ կայքերի վրա հարձակումներով։ Ինչը, առնվազն, խոսում է այն մասին, որ մշտական կասկածյալ Ադրբեջանը այս անգամ դժվար թե կապակցված լիներ միջադեպի հետ։ Եվ ավելի հավանական է ներքին պատվիրատուի վարկածը։ Դեպքի տեխնիկական  մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքը այդ պահին պաշտպանող Hexens կազմակերպության զեկույցում։   

Այս տարի ամենաագրեսիվը եղել են ֆիշինգային հարձակումները, որոնք իրականացվել են ոչ միայն թիրախային լրատվականների դեմ։ Հիմնական հարձակումները եղել են Ֆեյսբուքի տարածքում, որտեղ անընդհատ , տարբեր ոճի նամակներ, որոնք թիրախավորել են էջերը, փորձել են էջերի ադմիններից կորզել գաղտնաբառերը։ Վատն այն է, որ արդեն նման նամակները հայալեզու են լինում, և գալիս են նաև մեսենջերով։  Ահա, վերջին եկած նման ֆիշինգային նամակներից օրինակ.  

facebook-phishing

Դեպքերի բազմազանությունը, ֆիշինգային նամակների ոճային փոփոխությունները բավականին հաճախ են ստիպում լրատվականների էջերի ադմիններին գրեթե հասնել գաղտնաբառերի փոխանցմանը հաքերներին։ Ցավոք, մի քանի դեպք արձանագրվել էր, երբ լրագրողների անձնական հաշիվներն էին այս նույն կերպ գողացվել հաքերների կողմից։  

Եթե դուրս գանք թիրախային հարձակումների ոլորտից, ապա լրատվամիջոցների հիմնական խնդիրներից մեկը մնում են սոցցանցերի կողմից պատժամիջոցները։ էջերի ցուցադրումների նվազեցումից մինչև դրանց ամբողջական արգելափակումը։ Ցավոք, շարունակվում են դեպքերը, երբ լրատվամիջոցների կողմից Մոնթե Մելքոնյանի անվան կամ պատկերի կիրառումը բերում է արգելափակումների Ֆեյսբուքում և Ինստագրամում։ (Մանրամասն Մոնթեի հետ կապված խնդրի մասին կարող եք ծանոթանալ այստեղ) Խնդիրը այնքան սուր է, որ կան դեպքեր, երբ էջը պատժվել է այն պատճառով, որ տեսանյութում հեռվում եղել է պաստառ Մոնթեի լուսանկարով։  

Իհարկե, արգելափակումները լինում են նաև այլ սուր թեմաների պատճառով, օրինակ Իսրայել-պաղեստնական հակամարտության հետ կապված գրառումները, կամ առողջապահական խնդիրների վերաբերյալ հրապարակումները կարող են բերել արգելափակումների, ընդ որում, շատ հաճախ, անհիմն, նույնիսկ սյուռեալիստական պատճառաբանումներով։  

Ամեն դեպքում, այսօր իրավիճակն այնպիսի է, որ լրագրողը կամ լրատվամիջոցը հավասարապես կարող է տուժել ինչքան թիրախավորված կիբեր-հարձակման հետևանքով, այնպես էլ՝ պարզապես ընկնել ընդհանուր ալիքների տակ, ինչպես կիբեր-հարձակումների, այնպես էլ սոցցանցային անմիտ մոդերացիաների։  

Սամվել Մարտիրոսյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *