Հայկական մեդիայում շատացել են աշխարհաքաղաքական վերլուծություններ արտադրող վլոգերները։ Նրանք իրենց կոչում են լրագրող, սոցիոլոգ, բժիշկ և այլն, որ թողել են իրենց մասնագիտություններն ու դարձել վերլուծաբաններ։ Այս նոր աստղերի մեջ առանձնանում է լրագրող Արմեն Չիբուխչյանը։
Չիբուխչյանին ցիտում են, նրան հղում է անում մեր մորա-հորաքույրներից գոնե մեկը։ Ի՞նչն է նրա ժողովրդականության գաղտնիքը։
Առաջին բանը, որ կարելի է ասել Արմեն Չիբուխչյանի մասին, նրա ամերիկամետ, հակառուս հայացքներն են։ Չիբուխչյանն այնքան է արևմտամետ, որ կոչ է անում տոնել ամերիկյան տոներ, օրինակ, Գոհաբանության տոնը, Հելոուինը, ու դադարել քեֆի վերածել Նոր տարին՝ որպես Խորհրդային Միության հիշողություն, փոխարենը՝ ավելի շուքով տոնել Սուրբ Ծնունդը, ինչպես անում են ամերիկացիները։ Չիբուխչյանը դեմ չէ քրիստոնեական տոնին, թեև ավելի շատ հայ է, քան քրիստոնյա և ընդունում է հայերի հեթանոսական անցյալը։
Ամերիկյան ակնոցով հայացքը այս վլոգերի դեպքում հասականալի է, քանի որ վերջինս բնակվում է Լոս Անջելեսում և հաղորդաշարեր հրապարակում ամերիկյան ARTN TV ալիքում։ Պատահական չէ, որ նրան վստահում են այն «մորաքույրները», որոնք հարազատներ ունեն Գլենդելում։
Չիբուխչյանը հիմնականում գեոպոլիտիկ հարցեր է վերլուծում, որի համար նյութ միշտ չէ, որ կա։ Սովորաբար, դիվանագիտական բարձրաստիճան հանդիպումներից հրապարակվում են միայն պրոտոկոլային հայտարարություններ կամ պաշտոնական տեսանյութեր։ Իսկ նախագահների հեռախոսազրույցների մասին հաճախ միակ դետալն այն է, թե ում նախաձեռնությամբ է եղել հեռախոսազանգը։
Ինֆորմացիայի պակասի պայմաններում Չիբուխչյանը ստիպված է վերլուծել նախարարների ժեստերը, ձեռքսեղմումները, սենյակի դիզայնը, դրոշների առկայությունն ու չափերը, դիվանագետների ժպիտներն ու տրամադրությունը։
Օրինակ, Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում, Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը վերլուծելով՝ Չիբուխչյանը նկատում է, որ ԱՄՆ պետքարտուղարը գրկել է Հայաստանի ԱԳ նախարարին։ «Գրկախառնությունը ԱՄՆ-ի պես պետության համար… Դուք հիշում եք որ Ֆիդանը մերժեց Բլինքենի գրկախառնությունը Թուրքիայում, և դա դարձավ քննարկման մեծ առիթ միջազգային մամուլում։ Գրկախառնությունը դիվիանագիտության մեջ ուղերձ է ոչ միայն այդ երկրին, այլև դրա թշնամի պետություններին, այս դեպքում՝ Ադրբեջանին»,- վերլուծում է նա։
Ինչքանով են իրական Չիբուխչյանի այս կամ այլ բացատրությունները, կարևոր չէ։ Մեդիա սպառողների համար կա անորոշություն, ապագան կանխատեսելու անկարողություն, տեղեկատվական վակուում։ Ցանկացած բացատրություն լավ է, քան վակուումը։ Բացատրության հասնելու համար Չիբուխչյանը նաև կիրառում է լուրերի համադրումը։
Չիբուխչյանը, ի տարբերություն, հեռուստաընկերությունների, լուրերը չի ներկայացնում առանձին-առանձին, այլ կապում է ու համադրում։ Օրինակ, տարբեր պատերազմական առաջնագծերի իրավիճակի կապը դոլարի անկման հետ, ԵԱՏՄ օրենքների կապը Լարսի փակման հետ և այլն։
Լարսի անցակետի փակմանը նվիրված լայվում Չիբուխչյանը պատճառահետևանքային կապ է տեսնում առևտրային ցուցահանդեսների անիմաստության, հայկական արտադրության չզարգանալու, Wildberries-ի և Yandex-ի մենաշնորհային դիրքի, ռուս ռելոկանտների ու տնտեսական աճի միջև։
Այնուհանդերձ, Չիբուխչյանի ժողովրդականությունը, կարծես, անկում է ապրում։ Նրա և այլ վլոգերների բումը 2020 թվականի պատերազմն էր՝ էմոցիաների և ինֆորմացիոն վակուումի գագաթնակետը։
Այժմ Չիբուխչյանի գերէմոցիալությունը վանում է անգամ նրա նվիրված հետևորդներին։ Նա չափից շատ է լայվեր, եթերներ անում իր անհատական յութուբով, ARNT-ով և հրավիրվում է հյուր այլ վլոգերների։ Ասելիքը նույնն է ու հոգնեցնում է, քանի որ էմոցիաները սպառվելու հատկություն ունեն։ Չիբուխչյանի հետևորդներին դուր չեն գալիս նաև ալիքին հետևելու, հավանելու և անխնա տարածելու անդադար կոչերը։ Դիտողները դադարում են վլոգերին համարել իրենց «ընկեր» և սկսում են կասկածել, որ օգտագործվում են մոնետիզացիայի համար։
Քնար Խուդոյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Լավ հոդված է, բայց վրիպակները շատ են։ Լավ կլինի՝ սրբագրեք։
շնորհակալություն նկատառման համար, կանենք