2023.12.13,

Քննադատ

Թրեշ-թրիլեր ժանրի մեդիա կռիվ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանում ով ասես հայտնվում է։ 

Գալիս են տարբեր ազգություն, գույն, որակ, արտաքին, դավանանք, կախվածություններ ունեցող ու խառը արժեքներ կրող մարդիկ։ Ոմանց համար մեր հանրապետությունը տարանցիկ տարածք է, ոմանց համար՝ կայուն կայան գտնելու երկչոտ երազանք։ 

Բնականաբար, կան նաև այնպիսիք, որոնց համար Հայաստանը մի սթից տեղ է (մոդայիկ բառով ասած՝ ծայրագավառ), որտեղ կարելի է անբռնազբոս վարքագծով ու տհաճ խոսքով ալեկոծել կրքեր ու դրանով ինքնահաստատվել։ Եվ նշանակություն չունի՝ գիտակցաբար թե ակամայից։ 

Ռուսաստանից ներգաղթյալների առաջին ալիքն, օրինակ, ուղղակի շշմեցրեց մեզ հայհոյանքների առատ կիրառմամբ։ Անգամ, եթե ընդունենք, որ ռուսական հայհոյախառն բառապաշրը (мат-ը) իրենց համար նորմ է, այստեղ դա աննորմալ էր դիտվում։ Հատկապես, երբ այն հասցեագրվում էր երեխաներին ու պատկառելի տարիք ունեցողներին։

Այս երկու տարվա ընթացքում շատ ռուսներ ինքնախմբագրվեցին, հղկեցին իրենց խոսելաոճն ու անգամ կարելի է ասել, ստիպված ընդունեցին բարդ ժամանակներում իրենց հյուրընկալած հողի ու այդ հողի բնակիչների պահանջները։

Ճանաչեցին այստեղի ուղենիշները։ Կամ էլ հեռացան Հայաստանից (բարեբախտաբար)։

Եվ երբ մի քանի օր առաջ ՏիկՏոկյան երկու ռուսաստանցի բլոգեր կանայք նկարահանեցին թրեշ բովանդակություն, թե ինչպես են իրենց զգում ու ինչպես են դիրքավորվում Հայաստանում, դա թվաց այնքան խորթ ու զզվելի, որ անգամ կասկած առաջացավ, թե որքանով են այդ մարդիկ ադեկվատ ընդհանրապես։

Նրանք վիդեոհոլովակներ նկարահանեցին, թե ոնց են ծաղրում հյութ վաճառող հայ աղջկան՝ նրա վրա նետելով նռներ ու այլ մրգեր, հետո մոտենում են ծեր կնոջն ու անիմաստ հայհոյանքներ շշնջում նրա ականջին, վիրավորում են անցորդներին՝ Ռուսաստանի համար նորմ դարձած мат-ով։ Հետո ծաղկի խանութի վաճառողից խլում են ծաղկեփնջերն ու ոտքով տրորում։ Եվ այդ ընթացքում ուրախ ծիծաղում են։

Դաստիարակության ու հանրային վարքականոնի նորմերին անտեղյակ լինելը թեև պատժելի արարք չէ, բայց դառնում է այդպիսին, երբ տարածվում է որպես քաջ ու օրիգինալ բովանդակություն՝ շրջանառվելով մեդիայում ու հավաքելով լայքերի շարաններ։

Այդ ռուսաստանցի բլոգերները միտումնավոր խախտում են նորմեր, որ նկարահանելու բան ունենան։

Եվ պարզվեց, որ դա անում են արդեն մեկ ամսից ավելի, բայց նրանց մասին հայտնի դարձավ միայն դեկտեմբերի 9-ին, երբ նրանց հոլովակները տեսան շատերը։ Իսկ ոստիկանությունը ստացավ ահազանգ։ 

Եվ մինչ իրավապահ մարմինները մտորում էին (որպես կանոն նրանք երկար են մտորում), ոչ ադեկվատ և միգուցե հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող ՌԴ քաղաքացիներին պատասխանեցին հայ երիտասարդներ։ 

Տելեգրամի «Խայտառակ» ալիքը, որն ունի նացիոնալիստական-ագրեսիվ ոճ, հրապարակեց վիդեո, որտեղ այդ ռուսաստանցի կանանցից մեկին ստիպում են ներողություն խնդրել հայ ժողովրդից (բնականաբար, նա դա անում է կրկին мат-ով), սափրում են նրա մազերը, իսկ դեմքին լցնում կարմիր հեղուկ՝ նռնանյութ։ 

Եվ ստացվեց, որ հայ տղամարդը ռուս աղջկանից պահանջեց հարգանք՝ ոտքը դնելով նրա ներկոտած գլխին։

Տարօրինակ իրավիճակ է. վրիժառուների ու միաժամանակ օրենքի պահապանների դերը ստանձնեցին դիմակավոր ուլտրանացիոնալիստները։ Փաստորեն, նրանք դարձան հերոս՝ իրենց ուսերին վերցնելով բարքերի ոստիկանության գործառույթը։ Անգամ առաքելությունը։

Մեդիա բովանդակությամբ, այս դեպքում՝ վիդեո մարտերի մեջ մտնելը ենթադրում է արագ արձագանք։ «Խայտառակ»-ը արագ էր, ՀՀ իրավապահները՝ ոչ։

Հաստատ կարելի է պնդել, որ եթե մեզնից մեկը ականատես լիներ, թե ինչպես են ինչ-որ անդաստիարկներ հայհոյում իր հարազատ քաղաքի նստարանին հանգիստ նստած տարիքով հայուհուն, աներկբա շատ ավելի կոշտ ու հստակ ցույց կտար թրեշ-բլոգերներին, թե որտեղ պետք է հանգրվանի նրանց նավը, քան դա արեցին «Խայտառակ»-ի վիդեոյում։

Բայց եթե անգամ մեզանից մեկը կոշտ ու բռնի պատասխաներ նման պահվածք ունեցողին, հաստատ միաժամանակ չէր մտածի, թե ինչպես այն գեղեցիկ փաթեթավորի որպես վիդեո բովանդակություն։ 

Եվ ուրեմն, այս դեպքում պատժողը ոչնչով չի տարբերվում պատժվողից։ Երկուսն էլ դա անում են հանուն մեդիա կոնտենտի ու դրանից կաթող բոնուսների։

Հարցն այն է, թե ինչու՞ պետք է Հայաստանը սուզվի նման թրեշ-թրիլերի ոճի հոգեցունց սերիալի մեջ։ 

Երբ բռնություն գործադրելը դադարում է լինել պետության մենաշնորհը, այն շատ արագ զավթում են տարբեր մութ ու ինքնաբուխ միավորումներ։ 

Ասենք, եթե մեզ առաջարկում են ներողություն լսել, ապա դա պետք է հնչեր այն ժամանակ, երբ խուլիգանական արարք կատարածը ձեռնաշղթաներով է, կոկիկ միջավայրում և խոստովանում է, որ ընդունում է իր մեղքը։ Եվ ցանկալի է առանց հայհոյանքի (որքան էլ դա նրա համար բարդ լինի, պիտի փորձի)։ 

Այսինքն, պետության սահմանած օրենքների ու հասարակության ուղենիշների համաձայն է ճանաչում իր տեղն ու ընդունում վճիռը։ Այլ ոչ թե դառնում է խամաճիկ մեդիա բովանդակություն ստեղծողների ձեռքում։ Անգամ եթե այդ ձեռքը նպատակ ունի վերականգնել արդարությունը։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ ռուսաստանցի բլոգերներին ձերբակալել եմ՝ մեղադրելով խուլիգանության ու գույք վնասելու համար։ Ու նաև քրեական վարույթ են ընդունել նրանց նվաստացողների դեմ՝ հոգեկան ու ֆիզիկական ներգործության հատկանիշներով։

Թե ինչով կավարտվեն այս գործերը, պարզ չէ։ Մանավանդ, որ հենց ռուսաստանյան մեդիան է առաջ քաշում վարկած, որ իր այս տխրահռչակ  քաղաքացիները (կամ առնվազն մեկը) Հայաստան են մուտք գործել կեղծ փաստաթղթերով։ Եվ նախընտրելի է նրանց պարզապես արտաքսել հայրենիք։

Բայց Հայաստանի համար կարևոր է, որ այս ողջ սերիալը ճիշտ ֆինալ ունենա։ Որ ազատ ելումուտը մեր հանրապետություն լինի վերահսկելի ու տրամաբանական։

Իսրայելա-պաղեստինյան պատերազմից հետո Իսրայելը հրապարակեց քարտեզ՝ ըստ գույների նշելով այն երկրները, որտեղ հրեաներին կարող է սպառնալ վտանգ։ Կարմիրը՝ վտանգի բարձր աստիճանն է, դեղինը՝ չափավոր վտանգավոր, իսկ կանաչը՝ անվտանգ։ 

Եթե խոշորացնենք քարտեզը մեր տարածաշրջանում, կտեսնեք, որ միակ երկիրը, որտեղ հրեաների համար անվտանգ է և չկան հակասեմիթական տրամադրություններ, Հայաստանն է։ 

Մեր բոլոր հարևանները հայտնվել են դեղին-նարնջագույն գույնի մեջ, և միայն Հայաստանն է կանաչ փոքր կղզի։ 

Իրականում, դա շատ մեծ ձեռքբերում է։ Եվ թող այդպես էլ մնա։ 

Հանդուրժող ու բաց հասարակությունը արժեք է։ Հավելյալ բեռ հասարակության վրա բարդելով՝ մոտենում ենք այն եզրին, երբ ցանկացած մանր դրվագ (ոչ ադեկվատ մարդկանց ձեռամբ) կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ։ 

Եվ բոլոր դեպքերում ձեռնաշղթաներն ու փաստաթղթային արձանագրությունները ավելի գերադասելի են, քան սիմվոլիկ հեղուկով գլուխը լվալն ու մազերը ցուցադրաբար սափրելը։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *