2023.12.12,

Քննադատ

Արհեստական բանականությամբ աշխատող գործիքներ․ կոնկրետ օգուտներ լրագրողներին և խմբագրություններին

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Անդրադառնանք թերևս ամենամոդայիկ թեմաներից մեկին՝ Արհեստական բանականությանը (ԱԲ) և դրա հնարավոր կիրառումներին լրագրողների և խմբագիրների համար։  

ԱԲ-ի մասին հոդվածների մեծ մասը, եթե նկատել եք, իրենցից ներկայացնում են տարբեր գործիքների մեծ ցանկեր։ Բայց հարցը ավելի շատ այն է, թե ինչպես աշխատել դրանցով։  

Եվ այսպես, մի քանի խորհուրդ, թե ինչ կոնկրետ աշխատանքներ կարելի է անել լրագրողի գործը հեշտացնելու համար։ Միանգամից նշենք, որ գործիքներից շատերը այսօր վճարովի են, կամ սահմանափակ անվճար տարբերակներով։ Մյուս կողմից, վճարները այնքան էլ աստղաբաշխական չեն։ Այսպես, օրինակ, ամենահզոր գործիքներից մեկի՝ ChatGPT-ի վճարովի տարբերկն արժե ամսական 20 դոլար, նկարներ գեներացնող այսօրվա ամենահաջող գործիք Midjourney-ն՝ ամսական 10 դոլար։ Մեկ խմբագրության համար սա մեծ գումար չէ։  

Իհարկե, կարելի է օգտագործել ChatGPT, և դրա նկարներ գեներացնող DALL-E տարբերակների անվճար տարբերակը, օրինակ, օգտագործելով Microsoft Copilot գործիքը, որը նույն հիմքի վրա է աշխատում։ Սակայն, այստեղ կան սահմանափակումներ, օրինակ, չեն աշխատում բազմաթիվ կցումները՝ plugin-ները, որոնք տալիս են լրացուցիչ հնարավորություններ։  

Մինչև շարունակելը հարկ է նշել, որ հայերենով բոլոր գործիքները կամ չեն աշխատում, կամ աշխատում են անտանելի վատ։ Այնպես որ, լավագույն տարբերակն է օգտվել անգլերենից, կամ, գոնե ռուսերենից։  

Եվ այսպես, եթե վերցնենք տեքստերի հետ աշխատող երկու հիմնական գործիքները՝ ChatGPT և Google Bard, ապա այստեղ կան մի քանի ակնհայտ օգտակար գործողություններ։  

Երկու գործիքն էլ կարողանում են, օրինակ, կարճ պատմել տրամադրած մեծ հոդվածի բովանդակությունը։ Այսինքն, գործիքին տալիս եք հղում դեպի հոդված, կամ, օրինակ, pdf ֆորմատի ֆայլ։ Դրանից հետո հնարավոր է նաև կոնկրետ հարցեր տալ և ստանալ պատասխաններ։ Google Bard-ի դեպքում, եթե ակտիվացրել extensions բաժինը, ապա հնարավոր է սեփական Գուգլի ֆայլերը տրամադրել և դրանց բովանդակության մասին երկխոսության ռեժիմով հարցեր տալ։ (Չենք մոռանում, որ հայերեն ֆայլերի հետ, ցավոք, դեռ չի լինում աշխատել)։  

Մեծ տվյալների դեպքում, որոնք պարունակվում են հոդվածներում, հնարավոր է առաջադրանք տալ վիզուալիզացնել դրանք, ստեղծել գրաֆիկներ, դիագրամներ։ Չմոռանաք, որ սա երկխոսության ռեժիմ է, եթե դիագրամի ոճը դուր չեկավ, կարող եք ասել, որ ԱԲ-ն դա փոխակերպի։ Նույնիսկ, կարող եք հրահանգ տալ գեղեցկացնել ինֆոգրաֆիկան։  

Ընդհանրապես, կարող եք Google Bard-ին և վճարովի ChatGPT-ին ուսումնասիրել ցանցը, գտնել ձեզ պետքական նյութեր, դրանց կարճ պատմել, վերհանել կոնկրետ տվյալներ։ Կարևորը, չամաչեք շփվելուց ԱԲ-ի հետ, մաքսիմալ շահագործեք ու չխաբվեք, որ այն շնչող էակ է։  

Մյուս օգտակար գործիքը հոդվածների համար իլյուստրատիվ նկարների ստեղծումն է։ Գիտեք, խմբագրությունները կամ ստիպված են գումար ծախսել, նկար գնելու համար։ Ինչը Հայաստանում գրեթե չի կատարվում։ Կամ գտնել անվճար նկարներ, որոնք արդեն կրկնվում են ու բոլորին ձանձրացրել են։ Կամ փաստացի գողանալ, ինչը բավականին տգեղ է։  

ԱԲ-ն տալիս է հնարավորություն այս հարցը արագ լուծել։ Օրինակ, Microsoft Copilot-ը, որը փաստացի ChatGPT վճարովի տարբերակի մի քիչ սահմանափակումներով դեռ անվճար տարբերակն է, կարող է ձեր համար կես րոպեում ստեղծել նկար բնապահպանական խնդիրների մասին. 

Լուսանկարը ստեղծվել է Արհեստական բանականության գործիքի օգնությամբ

Վատն այն է, որ ChatGPT-ն շատ վախկոտ է իրական քաղաքական դեմքերին պատկերելու հարցում։ Այսինքն, հրաժարվում է դա անել։ Իսկ այ Midjorney-ին կարող եք խնդրել պատկերել, օրինակ, Պուտինի և Էրդողանի հանդիպումը։

Լուսանկարը ստեղծվել է Արհեստական բանականության գործիքի օգնությամբ

Նույնիսկ ավելի անմիջական միջավայրում։ 

Լուսանկարը ստեղծվել է Արհեստական բանականության գործիքի օգնությամբ

Կամ, կարող եք խնդրել նկարել նույնիսկ Ռուսաստանի նախագահին փղի վրա։ 

Լուսանկարը ստեղծվել է Արհեստական բանականության գործիքի օգնությամբ

Վատ նորությունն այն է, որ հայաստանյան քաղաքական էլիտայի ֆոտոների կամ նկարների ստեղծումը դեռ շատ անհաջող է ստացվում։  

Ամեն դեպքում, նույնիսկ եթե վերցնել եղած մի քանի լավագույն գործիքների վճարովի տարբերակները, ապա մինիմալ ֆինանսական բեռով խմբագրությունը ստանում է ազատ ժամանակ և ռեսուրսներ։ Որոնք պարզապես հարկավոր է օգտագործել։ 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Արհեստական բանականությամբ աշխատող գործիքներ․ կոնկրետ օգուտներ լրագրողներին և խմբագրություններին”
  1. Միգուցե ավելի լուրջ օգտագործենք արհեստական բանականությունը: Ես թոշակառու բժիշկ եմ: Հոգնել եմ: Ուզում եմ իմ սայտում իմ բոտն ունենալ, այսինքն իմ 50 տարվա փորձի կրողին, որպեսզի նա օնլայն օգնի բոլորին: Սամվել ջան ի՞նչ խորհուրդներ կտաք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *