Հրապարակվեց հերթական Freedom On The Net զեկույցը, որը իրականացվում է FreedomHouse միջազգային կազմակերպության կողմից և ներկայացնում է իրավիճակը համացանցի ազատության վերաբերյալ ինչպես գլոբալ, այնպես էլ կոնկրետ երկրներում։
Հայաստանի այս տարվա զեկույցը ունի մի քանի յուրահատկություններ, որոնք կարևոր է նշել, որպեսզի պարզ լինի, թե ինչ ուղղություններով է ընթանում այս ոլորտում մեր երկրի զարգացումը։ Հատկապես կարևոր են բացասական զարգացումները, քանի որ միայն հանրային ուշադրությունը շատ դեպքերում թույլ է տալիս շտկել իրավիճակը։
Առաջին կարևոր փաստն այն է, որ նախորդ տարվա հետ համեմատ իրավիճակը ինտերնետային ազատությունների հետ կապված Հայաստանում վատթարացել են։ Անցյալ զեկույցի համեմատ Հայաստանի վարկանիշային գնահատականները իջել են 74-ից 72: Չնայած Հայաստանը դեռ դասվում է ազատ ինտերենետ երկների ցանկում, սակայն արդեն երկիրը մոտենում է կիսազատ երկների շեմին։
Որո՞նք են հիմնական բացասական ազդեցություն ունեցող հանգամանքները, որոնք բերել են այս տարվա ցուցանիշների անկմանը։
Մինչև կոնկրետ կետերին անցնելը, հարկ է նշել մի կարևոր բան։ Ինտերնետի ազատությունների վրա կարող են ազդել զուտ տնտեսական հանգամանքներ, օրինակ, աղքատության մեջ գտնվող բնակչության մեծ տոկոսը, որը չի կարող թույլ տալ իրեն որոշակի ինտերնետային բաժանորդագրություններ, չնայած, որ դրանք անխափան հասանելի են։
Խնդիրը կարող է լինել նաև ոչ թե սեփական կառավարությոան կողմից կիրառվող խոչընդոտների մեջ, այլ, օրինակ, Հայաստանի դեպքում, հարևան երկրի կողմից իրականացվող հաքերային հարձակումների, որոնք ամեն դեպքում հանդիսանում են խնդիր։ Տվյալ դեպքում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները կիբերտիրությում նույնպես ազդում են Հայասանի ինտերնետային ազատությունների վրա։ (Նաև, հաշվի առնենք, որ շատ դեպքերում, պետությունոը փաստացի չի կարողանում ապահովել, օրինակ, լրագրողնեի, լրատվամիջոցների անվտանգությունը ադրբեջանական հաքերային խմբերի հարձակումներից, այնպես որ, պետության բացասական ազդեցությունը նույնպես կա այստեղ որպես անգործության գործոն)։
Եվ այսպես, որոնք են հիմնական բացասական գործոնները վերջին զեկույցի ժամանակահատվածում (հունիսի 1, 2022 – մայիսի 31, 2023).
- 2022 թվականի սեպտեմբերին՝ Հայաստանի տարածք Ադրբեջանի ռազմական ներխուժման ընթացքում, օգտատերերը բախվեցին տեսանյութերի տարածման TikTok հարթակի հասանելիության խափանումների։ Խոսքը հայաստանյան ինտերնետ մատակարարների մի մասին կողմից տվյալ հարթակի արգելափակման մասին է։ Նշենք, որ Հայաստանում փաստացի գոյություն չունի օրենսդրություն, որը թույլ է տալիս իրականացնել կայքերի արգելափակում։ Ինչը նշանակում է, որ TikTok-ի արգելափակումը իրականացվել է ներքին կարգով, օրենսդրության խախտումով։
- 2022 թվականի դեկտեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), ըստ հաղորդումների, հոսթինգ փրովայդերին հրահանգել է արգելափակել Przdnt.am դոմեյնի անվանումը և կայքը, որը գովազդում էր «Պառկի՛ր, պարոն նախագահ» ներկայացումը: Սա, անկասկած, աննախադեպ որոշում է, որը կրկին խախտում է օրենսդրությունը, և վտանգում է .am տիրույթի զարգացումը, քանի որ հայաստանյան տիրությում գտնվող դոմենային անունները հայտնվում են իրավական պաշտպանվածության դաշտից դուրս։
- CyberHUB-AM-ի, Access Now-ի, Citizen Lab-ի, Amnesty International-ի Security Lab-ի և անկախ հետազոտող Ռուբեն Մուրադյանի 2023 թվականի համատեղ զեկույցը բացահայտել է, որ առնվազն 12 մարդ` կառավարական, լրատվական և ակադեմիական սեկտորներից, թիրախավորվել է Pegasus լրտեսող ծրագրով: Այս խնդրին բազմից անդրադարձել ենք։
- Լրատվամիջոցները բախվեցին ավելի խիստ կիբերհարձակումների, քան նախորդ լուսաբանված ժամանակահատվածում էր։ Օրինակ, 2022 թվականի օգոստոսին ադրբեջանցի ցանցահենները գրոհել են ավելի քան 200 հայկական կայքեր՝ դրանցում հրապարակելով պրոպագանդա: Հարձակման ենթարկված կայքերի թվում էին Գյումրիի քաղաքապետարանի, Հարավկովկասյան երկաթուղու, Բյուրականի աստղադիտարանի և Պետական կոնսերվատորիայի կայքերը։
Ինչպես տեսնում ենք, կան թեմաներ, օրինակ przdnt.am դոմեյնի արգելափակումը, որոնք վրիպել են հանրային ուշադրությունից, իսկ դա պարարտ հող է ստեղծում նման չարաշահումների շարունակական դառնալու համար։ Իսկ, օրինակ, TikTok-ի արգելափակումը նույնիսկ ողջունվում է հասարակության մի մասի կողմից, առանց գիտակցելու, որ նման մոտեցումը կարող է դառնալ սկիզբ հնարավոր քաղաքական արգելափակումների համար։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: