2023.07.21,

Քննադատ

Ինչ է Threads-ը և ինչպես են այն կիրառում լրատվամիջոցները

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Հուլիսի 6-ին Meta-ն պաշտոնապես գործարկեց նոր հավելված, որը կոչվում է Threads: Այն սոցիալական ցանց է, Twitter-ի անալոգային և անմիջական մրցակիցը: Առաջին 4 ժամում նոր հավելվածը ներբեռնել է 5 միլիոն օգտատեր։ Եվ ավելի քիչ, քան 7 ժամվա ընթացքում, գրանցվել է 10 միլիոն մարդ։ Վերջին տվյալներով՝ գրանցված է ավելի քան 100 միլիոն օգտատեր (աղբյուրը՝ CNN).

Այսչափ մեծ հետաքրքրությունը պատահական չէ․ շատերը սպասում էին, թե երբ է ստեղծվելու այլընտրանքային հարթակ Թվիթերին, որից օգտատերերն արդեն երկար ժամանակ դժգոհում էին մասնավորապես այն բանից հետո, երբ սահմանափակվեց գրառումների քանակը։

Եկեք հասկանանք, թե ինչ է Threads-ը և ինչպես այն կարող են օգտագործել լրատվամիջոցները։

Ի՞նչ է Threads

Threads-ը սոցիալական ցանց է հիմնված տեքստային բովանդակության վրա։ Այն սերտ կապված է Instagram-ի հետ: Դուք կարող եք օգտվել դրանից, եթե Ինստագրամում ունեք հաշիվ։ Threads-ում կարող եք գրառումներ անել մինչև 500 նիշ, տեքստին կցել ֆոտո, մինչև 5 րոպե տևողությամբ վիդեո, հավանել, տարածել, մեկնաբանել, գրառումներով կիսվել միանգամից Ինստագրամի Սթորի բաժնում ու նաև կիսվել հղումներով, ինչն օրինակ հնարավոր չէ Ինստագրամում։

Մեդիան Threads-ում

Միջազգային լրատվամիջոցներն արդեն ներկայացված են այս հարթակում։ CNN-ը ունի 1.4M հետևորդ, The Washington Post-ը՝ 844K, BBC-ն ունի 470K հետևորդ, Reuters-ը՝ 468K, DW news-ը՝ 45.8K։ Մեդիա կոնտենտը տարածելու տեսանկյունից այս հարթակը բավական հեշտ կիրառելի է, չի պահանջում մեծ ջանքեր։

Հարկավոր չէ ստեղծել իլյուստրացիաներ, գրաֆիկաներ կամ այլ վիզուալներ, որպեսզի ալգորիթմը ձեր գրառումը առաջ բերի ու ցույց տա։ Տեքստերն առանց վիզուալի այս հարթակի մեխն են։ Նույնիսկ սոցհարթակի դիզայն այնպիսին է, որ չկա ավելորդ աղմուկ, չկան տեքստից շեղող սթիքերներ, էմոջիներ և այլն։ Ամեն ինչ արված է այնպես, որ դուք գրեք, մեկնաբանեք, տարածեք տեքստը։

Միջազգային վերոնշված լրատվամիջոցներն արդեն լավագույնս կիրառում են գործիքները՝ կարճ լուրեր հրապարակում, կիսվում կայքի հղումներով, տեղադրում կարճ տեսանյութեր։ Շարժելու համար հետևորդների հավանելու ու մեկնաբանելու ցանկությունը BBC-ն օրինակ պրովոկացիոն գրառումներ է անում կամ հարցեր հնչեցնում, ինչպես օրինակ այս գրառման մեջ։

Ի դեպ, հայաստանյան լրատվամիջոցներից հոդվածը հրապարակելու պահի դրությամբ գրանցված են civilnet.am-ը, azatutyun ռադիոկայանը և infocom.am-ը։

Ի՞նչ անել Threads-ի հետ

Քանի որ սա նոր սոցհարթակ է, դեռ մշակման փուլում է, մասնագետները չեն շտապում խորհուրդներ տալ։ Միակ խորհուրդը, որը միանշանակ տալիս են բոլորը մեդիան Threads-ում զարգացնելու մասով՝  լինել կարճ և ինֆորմատիվ, քանի որ այստեղ գրանցվում են հիմնականում նրանք, ովքեր հոգնել են ժամանցային կոնտենտից և փնտրում են շփում, մտքերի փոխանակում։ Ամեն դեպքում հենց այս գաղափարն է դրված հարթակի ստեղծման հիմքում, իսկ թե ինչ ուղղությամբ այն իսկապես կզարգանա, անորոշ է։

Հարթակում դեռ չկա նաև վիճակագրություն, թե ովքեր են տեսել քո գրառումը, քանիսն են նրանցից քո հետևորդը, ինչի հետևանքով լսարանը վերլուծել հնարավոր չէ։ Ուստի ամեն ինչ արվում է ինտուիտիվ։

Այնպես որ եթե ձեր սոցիալական մեդիա մասնագետն ունի ազատ ձեռք, Threads-ում գրանցվել արժե․ այն հավելյալ հարթակ է լսարանի հետ փոխհարաբերվելու համար և այս պահին խրախուսում է բոլոր նոր օգտատերերին՝ հետևորդներ ավելացնելու հարցում։

Տիգրանուհի Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *