2023.06.27,

Քննադատ

9 խորհուրդ՝ ինչպես առաջխաղացնել մեդիան սոցցանցերում

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Հաղորդակցությունն այսօր առանց սոցիալական ցանցերի պատկերացնել հնարավոր չէ: Ֆեյսբուքի, Ինստագրամի, Տելեգրամի և այլ ցանցերի օգտատերերի թիվը շարունակում է աճել:

Սոցիալական ցանցերից ակտիվ օգտվում են նաև լրատվամիջոցները։ Մարդը, որը ցանկանում է արագ ծանոթանալ լուրերին, չի ուզում լքել սոցցանցը և մուտք գործել այլ հարթակ՝ դրանք կարդալու կամ դիտելու համար: Մնալով, օրինակ, ֆեյսբուքի իր անձնական էջում`օգտատերը հետևում է ընկերների հրապարակումներին, միաժամանակ կարդում է լրահոսը:

Ինչպե՞ս անել, որ սոցցանցերի տասնյակ նմանատիպ էջերից օգտատերը տեսնի հենց ձերը։ Այս խորհուրդները կօգնեն սոցցանցերում մեդիայի առաջխաղացմանը,  ընթերցող գտնելուն, տեսանելիության բարձրացմանն ու հետևորդների թվի ավելացմանը:

🟢 Շատերն առաջնորդվում են՝ «որքան շատ, այնքան լավ» սկզբունքով և փորձում են աշխատեցնել բոլոր հնարավոր սոցիալական ցանցերը: Այնինչ, կարևոր է նախ հետազոտել ու ընտրել այնպիսի սոցհարթակ, որտեղ ձեր արտադրանքը կամ ծառայությունը կհամապատասխանի տվյալ հարթակի խաղի կանոններին: Հակառակ դեպքում, դուք կկորցնեք գումար, ժամանակ, ջանք և ռեսուրսներ՝ փորձելով աշխատել բոլոր սոցիալական ցանցերի հետ միաժամանակ։

Օբյեկտիվ գնահատեք ձեր աշխատանքն ու հարցրեք ձեզ՝ ինչն եմ ես անում ավելի լավ, քան մյուսները, ինչ ունեմ ես մարդկանց ներկայացնելու, որը չունեն մյուսները։ Հենց այս հարցերի պատասխաններն էլ կօգնեն ընտրել ձեզ համապատասխան սոցհարթակ։

Օրինակ, եթե չունեք վիզուալ կոնտենտ, չարժե գրանցել մեդիան Փինթերեսթում, որը բացառապես լուսանկարների հարթակ է ստեղծված լուսանկարիչների, գրաֆիկ դիզայներների ու նրանց ստեղծած պրոդուկտը առաջ մղելու համար, կամ Ինստագրամում, որտեղ լուսանկարների մեծ մրցակցություն է:

Որևէ սոցհարթակում մեդիան գրանցելուց առաջ դիտարկեք ձեր մրցակիցներին, ուսումնասիրեք՝ արդյոք նմանատիպ լսարան ունենալով՝ հաջողել են այդ հարթակում, թե ոչ:

🟢 Յուրաքանչյուր սոցհարթակ ունի իր հետևորդների միջին տարիքն ու հետաքրքրվածությունը, այսպես կոչված՝ թիրախային լսարանը, որը պետք է համապատասխանի ձեր մեդիայի թիրախային լսարանին:

Ինստագրամում, օրինակ, գրանցված են ավելի շատ են երիտասարդները։ Իսկ Ֆեյսբուքում ավելի շատ են միջին տարիքի կանայք և տղամարդիկ։ Տիկտոկն ավելի երիտասարդական ու ժամանցային հարթակ է, Տելեգրամն ու Թվիթերը` հակիրճ, արագ տեղեկատվություն ստանալու համար են:

Եթե ձեր խմբագրությունը ժամանցային լրահոս է ապահովում, պատմում է երիտասարդներին ու դեռահասներին հուզող թեմաների մասին, Ֆեյսբուքում դուք մեծ լսարան չեք ձևավորի, որովհետև այս հարթակում ակտիվ են 25 և բարձր տարիքային խմբի մարդիկ , որոնք հետաքրքրված են հիմնականում տեխնոլոգիաներով, բիզնեսով, քաղաքականությամբ: Այս հարթակում դուք կարող եք պատմել այնպիսի տեղեկություն, որը կհետաքրքրի այդ դեռահասների ու երիտասարդների ծնողներին։ Այս դեպքում, ճիշտ կլինի ադապտացնել բովանդակությունը ՏիկՏոկի ու Ինստագրամի լսարանի համար:

Ստեղծեք ֆոտո և վիդեո վիզուալներ՝ այս հարթակների թրենդներին համապատասխան, ու կկարողանաք գրավել լսարանի ուշադրությունը:

🟢 Շատ կարևոր է պահել տվյալ սոցհարթակի ֆորմատը: Եթե, օրինակ, Ինստագրամը ռիլզ (Reels) բաժնում առաջարկում է տեսանյութ վերբեռնել ուղղահայաց ֆորմատով, պետք է հենց այդպես էլ անել: Հորիզոնական տեսանյութերը ոչ միայն էսթետիկ չեն այս ցանցի համար, այլև հենց Ինստագրամը այդ տեսանյութերեը գրագետ չի համարում և չի առաջարկում հետևորդներին: Կամ չարժե որևէ հարթակի թրենդ տեղափոխել մեկ ուրիշ հարթակ։ Եթե Թվիթերում հեշթեգերն աշխատում են, չի նշանակում, որ դրանք կաշխատեն նաև Տելեգրամում։

Հորիզոնական տեսանյութերը ուղղահայաց դարձնելու բազմաթիվ ծրագրեր կան` CapCut, VN, որոնք անվճար են ու հեշտ կիրառելի: Հարկավոր է պարզապես ներբեռնել տեսանյութը ծրագրի մեջ, և այն կփոխի ֆորմատը՝ միայն մեկ հպմամբ:

🟢   Լրատվամիջոցները սոցցանցերից ընթերցողին դեպի կայք տանելու խնդիր ունեն։ Կայքերը հղումներով կիսվում են սոցցանցերում՝ այսպիսով սոցիալական հարթակը դարձնելով խողովակ մարդկանց դեպի կայք ուղղորդելու համար: Չարաշահելով այս ոճը՝ դուք շատ դժվարությամբ կհավաքեք հետևորդներ: Սոցցանցերի ալգորիթմներն այնպիսին են, որ այլ կայքերից հղումները չեն ողջունվում։ Պայմանական Ֆեյսբուքն   ուզում է, որ օգտատերը մնա իր տարածքում, որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնի այդտեղ։ Այդ պատճառով նման հղումները ցանցերում առաջ չեն մղվում, դրանք քիչ մարդիկ են տեսնում: Հետևաբար, չարաշահելով այս ոճը, դժվար կլինի հետևորդներ հավաքել:

Օգտվեք այս բանաձևից՝  նկար + տեքստ + հղում, վիդեո + տեքստ + հղում: Կարող եք տեքստի ամենակարևոր միտքը գրել անմիջապես լուսանկարի կամ տեսանյութի վրա, իսկ նկարագրության բաժնում դնել հղումը՝ ավելին կարդալու համար:

🟢  Բոլոր սոցցանցերն ունեն մեկ ընդհանրություն՝ հաղթում է վիզուալ բովանդակությունը: Որակյալ, վառ, գործողություն պարունակող լուսանկարներն ու տեսանյութերը չեն վրիպում ընթերցողի աչքից: Օգտատերերի՝ տեղեկությունը սպառելու վարքը փոխվել է ամբողջ աշխարհում. եթե ֆոտոն, վիդեոն գրավեց, կցված տեքստը կկարդացվի, չգրավեց՝  չի կարդացվի։

Լուսանկարների կամ տեսանյութերի բացակայության պարագայում կարելի է օգտվել իլյուստրացիաներից, որոնք շաբլոնների տեսքով առկա  են կայքերում: Հարկավոր է միայն դրանք համապատասխանեցնել ձեր բովանդակությանը, փոխել տեքստը կամ թվերը: Այդպիսի իլյուստրացիաներ կարող եք գտնել, օրինակ, Freepik, Unsplash կամ Adobe Express հավելվածներում:

🟢 Սոցցանցերն ունեն մի կարևոր հատկանիշ. ապահովում են ինտենսիվ կապ խմբագրության և ընթերցողի միջև: Եթե նախկինում մարդիկ նամակներ էին գրում խմբագրություն, զանգահարում, ապա հիմա ուղիղ կապի են դուրս գալիս ու սպասում հետադարձ արձագանքի:

Նույնիսկ բացասական մեկնաբանություններին պատասխանելը ցույց է տալիս խմբագրության հարգալից վերաբերմունքն իր ընթերցողի նկատմամբ: Հետադարձ կապն ապահովող մեդիայի էջերից օգտատերերը չեն հեռանում: Բացի այդ, մեկնաբանություններն ու նամակները վերլուծելը օգնում է  ավելի լավ ճանաչել թիրախային լսարանն ու հասկանալ, թե ինչ են ուզում կարդալ, ինչ խնդիրներ են նրանց հուզում ու ինչով են հետաքրքրվում:

Նամակներին պատասխանելը շատ կարևոր է։ Գործընթացը կարելի է որոշակիորեն ավտոմատացնել։ Ֆեյսբուքն ու Ինստագրամը ունեն նամակներին արձագանքելու ավտոմատ ռեժիմներ, որոնք կհեշտացնեն ձեր գործը: Կան նաև այսպես կոչված «չաթ բոտեր», պետք է նախապես կազմել հարցեր՝ իրենց պատասխաններով, որպեսզի օգտատերը սեղմի հարցի վրա ու անմիջապես ստանա իր պատասխանը: Որպես կանոն, դրանք բավարարում են ընթերցողին, ու քչերն են, որ դրանցից դուրս հարցեր են ունենում:

Լսարանի բոլոր հարցերին արձագանքելը շատ կարևոր է։

🟢 Հեշտացրեք ընթերցողի գործն ու խնայեք նրա ժամանակը: 20-30 րոպեանոց տեսահարցազրույցները կամ 2-3 էջանոց տեքստերը վերբեռնելու փոխարեն բաժանեք դրանք փոքր հատվածների ու մատուցեք ընթերցողին ամենահետաքրքիր կտորները: Դրանք կգրգռեն օգտատիրոջ ախորժակն ու կմեծացնեն ամբողջական տարբերակը դիտելու կամ կարդալու հնարավորությունը :

🟢 Եթե ընտրել եք որևէ սոցհարթակում ներկայացված լինելու որոշում, ուրեմն օգտվեք դրա բոլոր գործիքներից: Եթե օգտագործում եք Տելեգրամը, շատ կարևոր է ոչ միայն բուն ալիքում հրապարակումներ անել, այլև ստեղծել ալիքի «չաթը», որտեղ մարդիկ կքննարկեն հրապարակումը, մեկնաբանություններ կթողնեն, կզրուցեն միմյանց հետ:

Օգտատերը չի կարող թողնել մեկնաբանություն բուն ալիքի որևէ հրապարակման տակ, եթե «չաթի» անդամ չէ։ Իսկ մարդիկ սիրում են արտահայտել իրենց կարծիքն այս կամ այն հարցի մասին կամ կարդալ քննարկումները։

🟢 Եվ վերջում, ամենակարևորը. հաղթում է բացառիկ, չկրկնվող կոնտենտը, որը միաժամանակ ներկայացված է որակյալ, գրագետ ձևով: Մի՛ խուսափեք փորձարկումներից, նույն նյութը փորձեք հրապարակել տարբեր ձևերով՝ տարբեր վերնագրերով, տարբեր վիզուալներով, տարբեր ժամերի։ Սոցցանցերն անկախատեսելի են, երբեք չգիտես, թե որ հրապարակումը «կկրակի»: Չկա մի բանաձև, որը կիրառելի է բոլորի համար։

Այս խորհուրդներին հետևելով՝ ավելի քիչ կզգաք վճարովի գովազդների կարիք։ Դրանք օգտակար են ձեր էջերի տեսանելիության օրգանիկ աճի համար ու կօգնեն ձևավորել ոչ թե պասիվ, այլ ակտիվ ընթերցող, որը կհավանի, կմեկնաբանի ու կկիսվի ձեր գրառումներով:

Տիգրանուհի Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *