Փետրվարի 17-ին «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանի ձայնը երկու անգամ ընդհատվեց «տուուու» ազդանշանով։
«Ես ներողություն եմ խնդրում ժողովրդից և ձեզանից։ Մի հատ լավ խոսք կա՝ կաժդիյ տուուու․․․ Բեթհովենոմ ստալ։ Լսի, այ տուու․․․»,- Հանրային հեռուստատեսության եթերից արտաբերեց Սասուն Միքայելյանը։
Թե ինչ բառ էր թաքցնում «տուուու»-ն, թերևս հայտնի է հարցազրույցը վարող Պետրոս Ղազարյանին, «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ստեղծագործական խմբին։
«Տուուու»-ով խլացված բառից գուցե տեղյակ են Հանրային հեռուստատեսության ղեկավարությունը և Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահն ու անդամները։ Եթե իհարկե նրանք մասնակցել են այդ բառը «տուուու»-ով ծածկելու որոշումը կայացնելուն ու այդ տեսակետից կիսում են այդ որոշման պատասխանատվությունը։
Հանրայինը որոշել է հարցազրույցի ժամանակ հնչած մեկ բառը երկու անգամ խլացնել «տուու»-ով։ Հեռուստադիտողը ենթադրում է, որ այդ բառը հայհոյանք էր։ Հանրայինում դեռ իրենց որոշումը չեն բացատրել իրենց հեռուստադիտողին։
Պարզ չէ, ինչու է Հանրային հեռուստատեսությունը նախընտրել եթերում թողնել ենթադրաբար վիրավորանք պարունակող բառը (կրկին ենթադրաբար՝ հայհոյանքը), այն խլացնել «տուու»-ով ու որոշել, որ այդ քայլը բավարար է, որ հեռուստադիտողի հետ քննարկելու հարցերը սպառված համարվեն։
Ընտրելով եթերում հարցազրույցների ժամանակ հայհոյանքը (կոպիտ վիրավորանքը) «տուու»-ով ծածկելու ճանապարհը՝ Հանրայինը իր համար օրինականացնում է այդ ընտրությունը։ Իր համար չգրված կանոն է սահմանում, որն, օրինակ, կարելի էր ձևակերպել այսպես՝ «Հանրային հեռուստատեսության եթերում հարցազրույցների ժամանակ կարելի է հայհոյել և վիրավորել։ Բոլոր հայհոյանքների կամ հայհոյանք ենթադրող արտահայտությունների փոխարեն եթերում կհնչի «տուուու» ազդանշանը»։
«Տուու»-ն ծուղակ է, որով Հանրային հեռուստատեսությունը ուղիղ ճանապարհ է բացում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ»-ի հյուրերի՝ եթերում հայհոյանքների կամ կոպիտ վիրավորանքների համար։ Պետրոս Ղազարյանի հյուրերը հարցազրույց տալիս հայհոյելու հարցում իրենց ազատ են զգալու ու պարզ հարցադրում են անելու՝ «եթե կարելի է Սասուն Միքայելյանին, ուրեմն կարելի է նաև մեզ»։
Այդ հարցադրման ծուղակը Հանրային հեռուստատեսությունն ինքն է իրեն գցել։
Ի՞նչ կարող էր անել «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի աշխատակազմը, երբ Սասուն Միքայելյանը ենթադրաբար հայհոյում էր եթերում։
Կարող էր ընդհատել հարցազրույցի տեսագրությունը ու ասել Սասուն Միքայելյանին որ Հանրայինի եթերում հայհոյանք չեն հանդուրժում։ Եթե այդ ընդհատումից կտուժեր հարցազրույցի որակը, կարելի էր հարցազրույցը սկսել նորից։
Կարող էր հարցազրույցից հետո զգուշացնել Սասուն Միքայելյանին, որ հայհոյանքի/վիրավորանքի հատվածը եթերում չի լինելու։
Գուցե էլի ճանապարհներ էլ կան այդ տհաճ իրավիճակը հարցազրույցի տաղավարում հաղթահարելու համար։ Սակայն ընտրվել է «տուուու»-ի տարբերակը, որը նախադեպ է։ Ու այդ նախադեպը այսօրվանից ազատ է օգտագործել «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ցանկացած այլ հյուր։
Հանրային հեռուստատեսությունը ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամ է ու ստորագրել է «Հայաստանի լրատվամիջոցների եվ լրագրողների էթիկական սկզբունքների» կանոնագիրը, որի 6.3. կետն ասում է «Ընդունել սեփական սխալները եւ պատրաստակամ լինել՝ ուղղելու դրանք»:
Իսկ 6.4.-ը ձևակերպված է այսպես՝ «Քաջալերել հանրությանը՝ արտահայտելու ԶԼՄ-ների նկատմամբ իրենց քննադատական վերաբերմունքը, պատրաստ լինել լրագրողական էթիկայի հարցերի շուրջ հասարակության հետ երկխոսության»:
Արժեր, որ Հանրային հեռուստատեսությունը մտածեր, որ գուցե սխալվել է ու դիմեր ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին՝ Սասուն Միքայելյանի հարցազրույցի «տուուու»-ի դրվագը քննարկելու խնդրանքով։
Գուցե պրոֆեսիոնալ հանրության քննարկումը խնդիրը էթիկական տեսակետից կարգավորման գործնական քայլեր կառաջարկեր Հանրայինին ու կօգներ «տուուու»-ի ծուղակից դուրս գալու քայլեր անել։
Գեղամ Վարդանյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: