2022.10.03,

Քննադատ

Հայությանը համախմբող ծրագիր, որն այդպես էլ չիրագործվեց

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Պետության համար կարևորագույն ծրագրերը, որոնք երբևէ նախաձեռնել են Հայաստանի կառավարությունները, հաջողություն են ունեցել այն ժամանակ, երբ ծրագրում իրենց մասնակցությունն են ունեցել աշխարհի բոլոր հայերը: Հատկապես, երբ նախաձեռնության հեղինակները կարողացել են ծրագրի կարևորությունը ներկայացնել մատչելի, աշխատանքները կազմակերպել թափանցիկ:

«Հայաստանի անկախության փոխառություն»  

Առաջին Հանրապետության  կառավարությունը տնտեսությունը վերականգնելու  ճանապարհներ էր փնտրում: Այդ ճանապարհներից մեկն էլ 1920-ի հունիսի 10-ին կառավարության հաստատված  «Հայաստանի անկախության փոխառության մասին» օրենքի նախագիծն էր:  

Ըստ այդմ՝ երկրի արդյունաբերական ուժերը և տնտեսությունը վերականգնելու և հանրապետության թղթադրամների ֆոնդն ապահովելու նպատակով՝ կնքվում էր 20 միլիոն ամերիկյան դոլարի անվանական գումարի պետական փոխառություն՝ 6 %-ով: Նախատեսված էր ամբողջ փոխառությունը աստիճանաբար մարել ոչ ուշ, քան մինչև 1930-ի հուլիսի 2-ը՝ սկսելով 1925-ի հունվարի 2-ից: 

Փոխառությունն ապահովագրվում էր Հայաստանի Հանրապետության ամբողջ գույքով։

Կառավարությունը 1920-ի հունիսի 15-ին նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին նշանակեց արտասահմանում փոխառության իրականացման հատուկ լիազոր. գաղութահայության շրջանում Խատիսյանը հեղինակություն ուներ:  

Թեև մամուլում հրապարակված հոդվածները չէին բացառում, որ Բյուրոն, այդպիսով, «անցանկալի» Խատիսյանին Հայաստանից հեռացնելու մտայնություն ուներ. «Ինչպես երևում է, Հայաստանի կառավարությունը յուրացնում է մի տարօրինակ սովորություն – պաշտոնից հեռացած վարչապետներին ուղարկել արտասահման» («Մշակ», 11 հունիսի, 1920):  

Անկախության փոխառության գաղափարը, ըստ Սիմոն Վրացյանի, միավորել էր ամբողջ ազգին.  

«Ծրագրի բացման օրը`օգոստոսի 1-ին, բազմաթիվ անհատներ, հիմնարկություններ, խորհրդարանի և կառավարության անդամներ տեղն ու տեղը տրամադրում են զգալի գումարներ: Կաթողիկոսը Էջմիածնի կողմից տալիս է 1 մլն. ռուբլի: Մի քանի ժամվա ընթացքում հավաքվում է 45 մլն. ռուբլի: Մեծ ներդրումներ են կատարվում նաև գավառներում՝ 121: Հայության անսահման ոգևորության մասին է խոսում նաև այն փաստը, որ սեպտեմբերի 5-ին ՀՀ-ին հատկացված փոխառությունների պլանը ավելիով փակված էր, և բաժանորդագրությունն ընդհատվեց» (Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», 1993, էջ 448): 

Անկախության փոխառության առաջին օրից սկսած՝ մամուլի հիմնական նորությունները պետական գործիչների, մտավորականների ու գործարարների կարծիքներն էին՝ փոխառության կարևորության մասին: Անկախության փոխառությունը համախմբել էր անգամ միմյանց հետ քաղաքական լուրջ հակասություններ ունեցող կուսակցություններին.  

«Հայ ժողովրդական, Հայաստանի սոց. Դեմոկրատական բանւորական, Հայ ռամկավար կուսակցություններու միութիւունը Հայաստանի անկախութեան 20 միլիոն դոլարի փոխառութիւնը համարելով խիստ անհրաժեշտ անոր ֆինանսական և տնտեսական առողջութեան համար` կատարելապէս կաջակցեն կառավարութեան՝ այդ փոխառութիւնը կնքելուն գործի մէջ» («Հայաստանի ձայն», 22 հունիսի,  1920):

Անկախության փոխառության հաջողությունը մամուլը համարում էր նաև «հասունության քննություն»՝ որքանո՞վ է հայ ժողովուրդը պատրաստ իր խնդիրները գիտակցել ու լուծել՝ սեփական ուժերով.  

«Դաշնակից պետութիւնները կուզեն գիտնալ թէ՝ հայ ժողուվուրդը տնտեսապէս ինքն իրեն օգնելու ո՜րչափ ընդունակութիւն ցոյց կուտայ: Այս ընդունակութեան խորը փնտռուող գլխաըոր բանը հայ ժողովրդի քաղաքականապէս անկախ ապրելու ինքնավստահութիւնն է, և անոր իմաստի հասկացողութիւնը: Դաշնակից պետութիւններ կուզեն նաև գիտնալ, թէ ինչ չափով արտասահմանեան հայ կապիտալիստները և հայ աշխատավորները կապուած են իրենց հայրենիքի հետ» («Ասպարեզ», օգոստոսի 6, 1920):  

«Թող գործնապէս ապացուցանէ ամէն մէկ մարդ և ամէն մէկ դաս – թե ի՛նէ որքան կը հետաքրքրուի Ա՜խ, Հայաստանով» («Ճակատամարտ», 29-ը օգոստոսի, 1920):  

Այս ձեռնարկի կարևորությունն ընդգծելու նպատակով՝ լույս տեսավ նաև միօրյա թերթ՝ «Հայաստանի անկախության փոխառություն» անվանումով:  

Թերթում հոդված գրեց նաև Հովհաննես Թումանյանը. «Մեր սերունդը էն սերունդն է, որ դեռ երեկ ազատ Հայաստան էր երազում։ Ազատ Հայաստան էին երազում ռուսահայը, տաճկահայը, պարսկահայը և բոլոր հեռավոր գաղութները։…Ի՜նչ ասես, որ չէր տալ գրեթե ամեն մի հայ, միայն թե աչքով տեսներ Ազատ Հայաստանը ու հանկարծ… 

Արդեն իրականություն է երեկվան մեծ երազը, ազատ է Հայաստանը, ամբողջ աշխարհքի կողմից ճանաչված ինքնուրույն հանրապետություն է նա, իր եռագույն դրոշակով կանգնած է մյուս պետությունների շարքում։… Նա փոխառություն է ուզում, որ ուժ առնի՝ կարիք վիշապրց փրկելու և պաշտպանելու մեր նորածին Ազատությունը։ Մի՞թե որևէ հայ կարող է անմասն մնալ էս փոխառությունից («Օգնություն մայր Հայաստանին», «Հայաստանի անկախության փոխառություն», 1920, օգոստոսի 2, N 672, Թիֆլիս):

Ի դեպ, Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» առաջին անգամ տպագրվել է «Հայաստանի անկախության փոխառություն» միօրյա թերթում.  

«Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից։ Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում։ Կերակուր ես մեկնում՝ չի՛ ուզում։ Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն։ Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի գծուծ ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է։ Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ։ Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից՝ ազատությունից։ 

«Ոչինչ չեմ ուզում ձեզնից,- ասում է նա իր նեղիչներին,- ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ և երջանիկ։ Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը՝ Ազատությունը…»։ 

Հայաստանի անկախության փոխառության ծրագրերը չափազանց կարևոր էին պետության համար.  

«Հատկապես կարևոր էր երկաթուղու կառուցման ձեռնարկը արտերկրի մի խումբ հայ մեծահարուստների (Դոնի Ռոստովից և Մոսկվայից) կողմից: Այդ երկաթուղին, Բաթումից (կամ սևծովյան այլ նավահանգստից, որ տրվելու էր ՀՀ-ին) սկիզբ առնելով, Ճորոխ և Օլթի գետերի հովիտներով հասնելու էր Կարս-Սարիղամիշ երկաթուղուն, հատելու էր այն ու Կաղզվանի ու Կողբի աղահանքերի մերձակայքով ընթանալով` միանալու էր Ալեքսանդրապոլ-Երևան երկաթգծին Սարդարապատ կայարանում: Առաջիկա երկու տարիներին (1921-1923 թթ.) պետք է ընթանային նախագծման աշխատանքները, իսկ դրանից հետո չորս տարիների ընթացքում ամբողջությամբ կառուցվելու էր երկաթգիծը: Պայմանագրի նախագծով երկաթուղու հասույթի 10 տոկոսը պատկանելու էր ՀՀ-ին» (Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», էջ 452-453):  

Երկարաժամկետ ծրագրերը կային, սակայն չկար այդ ծրագրերի համար բարենպաստ քաղաքական միջավայր:  

ՀՀ-ի խորհրդայնացման հետ գրեթե բոլոր ծրագրերը մնացին անավարտ: 

Լիլիթ Ավագյան  

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *