2022.09.14,

Քննադատ

Ինֆորմացիայի կարոտով այլասերված՝ լսում ենք «Դոգին»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Վարդան Ղուկասյանը, որն ավելի հայտնի է Դոգ մականունով, տեղավորվել է տեղեկատվական դաշտում այնքան հարմարավետ ու գեղեցիկ, որ կարելի է արդեն վախենալ։ 

Նա պարզապես բլոգեր չէ կամ սեփական փիառով զբաղվող քաղաքական խաղացող, որը վերջերս նաև դարձավ «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ։ 

Նա մեծ հաջողության հասած տեղեկատվական խողովակ է, որը հատկապես արտակարգ իրավիճակներում կարողանում է մրցակցել ողջ (թե՛ պետական, թե՛ մասնավոր, թե՛ անհատական-ցանցային) հայալեզու մեդիայի հետ՝ միասին վերցրած։  

Եվ հենց այստեղից էլ ծագում են վախերը՝ այն պարզ պատճառով, որ Դոգի պարբերական ուղիղ միացումները, լրահոսի ընտրությունը, բառապաշարն ու մատուցման թատերականացումը նրան դարձնում են ցանկալի։ Այնքան ցանկալի, որ շատ մեծ լսարան պատրաստ է նրա ամեն ասած կամ չասած (միայն հուշած) ինֆորմացիան ընդունել հաճույքով, հրճվանքով ու տենչանքով։ Գնամ, լսեմ, թե Դոգն ինչ կասի․․․ Թմրամոլների պես ասում են շատերը։

Վարդան Ղուկասյանը իրականում ֆենոմեն է, և դա պետք է ընդունենք։ Ինչպես նաև ընդունենք, որ նրա այսչափ մեծ ազդեցությունը լրատվական դաշտում պարզապես սելեբրիթիի ազդեցություն չէ, այլ ազգային անվտանգության հարց։ 

Անորսալի անձ է Դոգը (նրա բնակության վայրը 2014-ից հետո հայտնի չէ), թեև կադրում միշտ մենակ է, բայց հաստատ իր թիկունքում ունի աշխատակիցների բավականին մեծ թիմ ու կարևորը՝ տիրապետում է տարիների ընթացքում կուտակած մեծ ու փոքր, ամոթալի ու շատ ամոթալի կոմպրոմատների դոսյեների։  

Ու կախարդական փայտիկի պես հանում է դոսյեից մի ֆայլ ու դարձնում այն քաղաքական փերֆորմանսի մաս։ Մեծ մանիպուլատոր է։ 

Ու հիմա շատ հայաստանցիներ (և ոչ միայն) լսում են Դոգին, հասկանալու համար, թե ինչ է կատարվում սահմանին, պետությունների հետնաբեմերում, ռազմաճակատում, ճակատից թաքնված վայրերում, որտեղ ընդունվում են բախտորոշ որոշումներ։ Այլ տեղեկատվական աղբյուր չի հասցնում Դոգի նման օպերատիվ ու գրավիչ լինել։  

Հատկապես 2020-ի պատերազմից հետո արդեն ոչ ոք չի հավատում պաշտոնական տեղեկատվությանը։ Իսկ լրատվամիջոցներին հավատում է հազվադեպ դեպքերում։  

Եվ հարց՝ ու՞մ հավատալ, ու՞մից ստանալ հույժ կարևոր լուրերն ու հասկանալ, թե ուր ենք շարժվում, ի՞նչ պիտի անենք և ինչպե՞ս, երբ հրետակոծվում են քաղաքները, տեղահանվում են մարդիկ, վիրավորվում և սպանվում են զինվորները։ Իսկ պետության ապագան այնքան մշուշոտ է, որ հնարավոր չէ կանխատեսել։ 

Պատասխան՝ լսել Դոգին։ Նա ունի այդ բոլոր հարցերի պատասխանները։ 

Տեղեկատվական վակուումը, հորդորները հետևելու միայն պաշտոնական ինֆորմացիային, չտարածելու չստուգված վարկածներն ու լուրերը, ձեռքի մի թեթև շարժումով Դոգը փշրում է։ Նա անում է, ինչ ուզում է։ Կարող է թեքել լսարանի ուշադրությունը ուր ուզի։ Մեծ մանիպուլյատոր ու կոմբինատոր է։ Ունի աղմկահարույց անցյալ ու շռնդալից ներկա։ 

Մի քանի փաստ Վարդան Ղուկասյանի կյանքից․ աշխատել է ռազմական ոստիկանությունում, հետո տեղափոխվել է ոստիկանություն։ Համակարգում աշխատելու տարիներին համարվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մտերիմներից մեկը: Ու թերևս այդ երկու օդիոզ կերպարների մտերմությունը բնականոն վերածվել է նաև լարման (ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ․ այս բանաձևը կոմպրոմատներ ունեցողների համար երկսայրի սուր է)։  

2013-ին «Հետք» լրագրող Անի Հովհաննիսյանին հրելու և վիրավորելու համար նրան հեռացրել են աշխատանքից։ Բայց անգործ երկար չի մնացել, մի քանի ամիս անց նշանակվել է ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ:  

Իսկ 2014-ին Վլադիմիր Գասպարյանի հրամանով նրան հեռացրել են ոչ միայն պաշտոնից, այլև ոստիկանական համակարգից: 

Դոգը սիրում ու «հարգում» էր մեդիա ոլորտը նաև այդ տարիներին։ Ժամանակին կար nrnak.com (որի գլխավոր խմբագիր Հովհաննես Եսայանը շորթման համար մեղադրվում էր Ղուկասյանի հետ նույն քրեական գործի շրջանակներում) և аrarum.com-ը, որոնք ըստ Վարդան Ղուկասյանի պետք է «պայթեցնեին» բոլորին: Նա պարբերաբար խոստացել է բացահայտել համակարգի չարաշահումները՝ կաշառքը, սեռական կապերը, ստվերային պայմանավորվածությունը։ «Եթե շարունակեն ինձ սպառնալ, կխաղանք հայկական Վիկիլիքս, ուրիշ տարբերակ չկա»,- ասել էր նա։ 

Ղուկասյանը 2015-ին դատապարվեց 4 տարվա ազատազրկման՝ շորթում կազմակերպելու համար, կայքը փակվեց, իսկ ինքը հեռացավ Հայաստանից։ 

Ինտերնետի զարգացումն ու հնարավորությունները նոր կյանք տվեցին Վարդան Ղուկասյանին արդեն որպես բլոգեր, որն ունի հարուստ անցյալ, տիրապետում է տարատեսակ գաղտնիություն ունեցող ինֆորմացիայի ու կոմպրոմատների, և ամենակարևորը՝ ունի շատ ժամանակ ու անթաքույց նպատակ՝ դառնալու պոպուլյար մեդիա խողովակ։ 

Հիմա նրա Յություբի ալիքը ունի 267 հազար բաժանորդ, իսկ սոցցանցային այլ հարթակներում՝ Ֆեյսբուքում, Տելեգրամում նրա հետևորդների թիվը անցնում է հարյուր հազարը։ Միայն վերջին մի քանի օրերին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Հայաստանի դեմ, նրա հետևորդների թիվը կտրուկ ավելացավ։ Եվ հաստատ ավելանալու է, քանի դեռ տեղեկատվության բացը թողնում է ավելի սարսափելի հետևանք, քան ապատեղեկատվության ծավալը։ 

Դոգը կատարում է մի ողջ պետության դեր։ Զուգահեռ պետության։ Մինչդեռ պետության տարբեր ինստիտուտներ լծված են այն գործին, որ ցույց տան, թե պատերազմը սովորական առօրյա է։ Սովորական բառերով նկարագրվող։ 

Իսկ այս սկանդալային բլոգերն ու ինչպես ասաց մի լրագրող՝ ցանցային ակտիվիստը, շատ ակտիվորեն հավաքում է լսարան։ 

Այս իրավիճակն այնքան է այլասերել հայաստանցի մեդիա սպառողին, ավելի ճիշտ հենց ՀՀ քաղաքացուն, որ ինֆորմացիայի կարոտից դրդված նա լսում է ու հեղինակություն համարում ոստիկանության նախկին սպայի, սկանդալային բառապաշարով խոսող ու իր խոսքը առատորեն համեմող սեռական բնույթի ծայրահեղ հայհոյանքներով Դոգին։ 

Վարդան Ղուկասյանը ուղիղ եթերում պատմում է, ընտրում, տալիս հրահանգներ, պարզաբանում, կադրում հեռախոսով խոսում, բացատրում ամեն ինչ՝ աշխարհի կարգից, մինչև նեղ անձնական հարցերը (սեռական կյանք, հղիություն, բանակ, զենքներ… ամեն ինչ)։ Եվ ողջ ընթացքում օգտագործում այնպիսի ոչ նորմատիվ բառապաշար, որ մաշկի վրա կարող են կապտուկներ առաջանալ։  

Նրա ուղիղ եթերում կա լարված սպասում, ինտերակտիվ կապ, երկխոսության պատրանք։ Այսինքն նա անում է ամեն ինչ հմտորեն։ Բեմում (իսկ Յություբը հենց բեմ է) դրանք ամենակարևոր գործիքներն են։ Գումարած՝ բանահյուսական ու հայհոյական գունավորումն էլ բոնուս են, որոնք թողնում են անվախ ու ժողովրդի ծոցից ելած մարդու իմիջ։ 

Եվ դա նույնպես շատ վտանգավոր է, քանի որ նրա խոսելու ֆորման խայծ է, որից հետո ցանկացած ինֆորմացիա ընկալում ես որպես ճշմարտություն։ Եվ այն դեպքերում նաև, երբ նրա ասածը ոչ միայն ճշմարտություն չէ, այլև ուղղակի կյանքին սպառնալիք է ու մոլորեցնելու հստակ հնարք։ 

Օրինակ, նա իր Տելեգրամի ալիքում տեղադրում է տեսանյութ, որտեղ գերեվարված, վիրավորված կամ սպանված զինվորներ են։ Նա դա բացատրում է, որ իր գործը կօգնի ծնողներին գտնել իրենց զավակներին։ Հետո պահանջում է, որ նյութը ուղարկեն Կարմիր խաչ որպես ապացույց, որ տղաները ողջ են։ Հետո հրահանգում է ՊՆ-ին հենվել իր նյութերի վրա։  

Նա այլընտրանքային պետություն է։ Կարծես կատարում է այն դերը, որը բնազդորեն ուզում է տեսնել հայաստանցի սպառողը, որը մտքում, կիսաձայն կամ էլ բարձրաձայն անիծում է պարտություն կրած ու նոր զիջումներին պատրաստ կառավարությանը, անձամբ վարչապետին, ադրբեջանական կողմին, մեզ օգնության չեկող դաշնակիցներին, լռող միջազգային կառույցներին և այլն։  

Ուզում է լսել այն հայհոյանքը, որը մտքում պահում է, բայց գերադասում է, որ դա անի մեկ ուրիշը։ Հոգեբանական հնարք է, երբ լսում ես, որ քո փոխարեն ուրիշն է հայհոյում, դու հանգստանում ես։ 

Եվ հարց է առաջանում, իսկ հետո՞։ Ապավինել Դոգին որպես ինֆորմացիայի կարևոր աղբյուրի, նշանակում է, այնքան թուլացնել ինքնապաշտպանությունը, որ դառնաս խամաճիկ։ 

Այո, նա վարպետորեն է անում ամեն ինչ՝ համով, հայհոյանքով, արտահոսքերով։ Քաշում է այն թելերից, որոնք ուզում է։ Հայտնում է այն ինֆորմացիան, որն իրեն պետք է կամ որը խելքին կփչի։  

Եվ դա ոչ թե քաջության արձանագրում է, այլ վախ, որ լսում ենք մի մարդու, որը չունի ոչ մի սահման։ 

Մի ողջ մեդիա հոլդինգի ու անգամ պետության գործառույթը պատվիրակելը բլոգեր-սպա Դոգին բոլորովին էլ լավ հեռանկար չէ։ Սպանում է ուղեղի բջիջները՝ գրգռելով դրանք անսովոր հանրային խոսքով, պսևդո քաջ կեցվածքով ու սահմանների բացակայությամբ։  

Նունե Հախվերդյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

3 Responses to “Ինֆորմացիայի կարոտով այլասերված՝ լսում ենք «Դոգին»”
  1. Անի says:

    Բազմաշերտ տեքստ, որ շրջանցում է հարցի բուն էպիկենտրոնը` նման տեսակի մեդիա միավորների նախագիծ լինելու հանգամանքը։ Չէ՞ որ դոգը միակը չէ։ Կան այլ մելիզմներ երգող ու այլ մասշտաբի հարակից խոսող բերաններ ևս։ Մենք գործ ունենք ոչ թե մեդիա միավորների, այլ ճարտարապետական ցանցի հետ։ Ցանցի, որ գործարկվում է խիստ ակնհայտ ու գրագետ երկարաժամկետ ռազմավարության հենքով։ Հարց է առաջանում` ո՞վ է նախագծի պրոդյուսերը։ Պարզ կդառնա նաև նախագծի նպատակը։ Նման միավորներին ինքնավար ներկայացնելը, կարծում եմ, նույնպես վտանգավոր է։ Խեղճ ու անգրագետ հայաստանցի մեդիա սպառողը համոզված է, որ դոգն ու մյուս խոսող բերաններն իրենց բարեկամներն են` սրտացավ հայրենակիցները։ Շնորհակալություն։

  2. Արթուր says:

    Պետք է ուղղել հետևյալ պարբերությունը.

    «Նա պարզապես բլոգեր չէ կամ սեփական փիառով զբաղվող քաղաքական խաղացող, որը վերջերս նաև դարձավ «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ։»

    Ոչ թե «Հայոց Հայրենիք», այլ «Հանրային Ձայն»։

  3. Gegham says:

    հոդվածի հրապարակման ժամանակ Հայոց Հայրենիքն էր հայտնի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *