2022.09.08,

Քննադատ

Սոցցանցերի արդի բարդությունները խմբագրությունների համար

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Խմբագրությունները սոցիալական ցանցերում անընդհատ հանդիպում են տարբեր դժվարությունների, որոնցից մի մասը պարզապես ձյան պես ընկնում է մարդկանց գլխին, քանի որ հարթակներն անընդհատ նորանոր բարեփոխումներ են անում։ Հաճախ բարեփոխումը բացարձակ լավ լուր չէ լրատվամիջոցի համար։  

Որոշեցի անցնել մի քանի հիմնական բարդությունների վրայով, որոնց հիմա հանդիպում են լրատվամիջոցները։ Բնականաբար, հիմնական խնդիրները Ֆեյսբուքում են, քանի որ այն շարունակում է մնալ խմբագրությունների համար թրաֆիկի առաջնային աղբյուր։  

Ստվերային արգելափակում (shadow banning) 

Սա, իհարկե, նոր բան չէ։ Բայց գնալով ավելի է տարածվում։ Իմաստն այն է, որ սոցցանցը ոչ մի ծանուցում չի ուղարկում, ոչ մի կերպ չի զգուշացնում օգտատիրոջը, որ իր հետ ինչ-որ խնդիր ունի։ Բայց գրառումների ցուցադրումը կտրուկ նվազեցնում է։  

Գրառումները կարող են 30-70 տոկոսով լսարանը կորցնել առանց որևէ զգուշացման։ Վիճակը կարող ավելի վատթարանալ, և գրառումները տեսնեն միայն էջի ադմինները։  

Ինչի՞ց կարող է առաջանալ ստվերային արգելափակումը։ Հիմնականում մի քանի խախտումներից, որոնց կուտակումը կարող է բերել ցուցադրումների անկման։ Բացի դրանից՝ հնարավոր են դեպքեր, երբ խմբագրությունը թևերը քշտած ամեն մի անիմաստ նորություն տեղադրում է հիսուն-վաթսուն խմբերում, որտեղ ոչ ոք ո՛չ լայքում, ո՛չ մեկնաբանում է դրանք։  

Ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից։  

Նվազեցնելով նյութերի քանակը, տեղադրելով միայն որակյալ, ընթերցվող, մեկնաբանվող բովանդակություն։ Սովորաբար, խմբագիրները, վախեցած իրավիճակից, սկսում են անել հակառակը, էլ ավելի են քշտում թևերը, սկսում են հեղեղել Ֆեյսբուքն աննպատակ նյութերով, ավելի ու ավելի խորացնելով մեծն դարդը։  

Սովորաբար, ստվերային արգելափակումը վերանում է մի քանի օրերի կամ շաբաթների ընթացքում։ Համբերությունը, ողջամտությունը և որակյալ բովանդակությունը լավագույն հաբերն են տվյալ և բոլոր այլ դեպքերում։  

Ֆեյսբուքը փոխվել է, ամենը խառնվել է 

Սա իհարկե անվերջ գործընթաց է, ֆեյսբուքը միշտ փոխվում, խառնվում է։ Բայց հիմա կա կոնկրետ մի խառնակչություն, որը կարող է խանգարել խմբագրություններին` սոցցանցը փոխում է հաշիվների և էջերի միջև կապը։  

Փաստացի, հիմա էջերը դառնում են առանձին պրոֆիլներ, մարդկային հաշիվների նման, և գործողություններ կատարելը էջում պահանջում է անընդհատ տեղափոխում անձնական հաշվից դեպի էջ և հակառակը։  

Սա մի բան է, որի հետ պայքարելն անիմաստ է, քանի որ սոցցանցը այսպես է փոխվում, մենք էլ պետք է ընդունենք այդ փոփոխությունները։  

Այս հարցը լուծելու լավագույն տարբերակը հետևելն է առաջարկին և անցնել Meta Business Suite հավելվածին ու այստեղից կառավարել էջերը։ Առավելևս, որ այստեղ կա շատ մեծ լրացուցիչ գործիքակազմ։  

Իհարկե, խմբագրությունների մեծ մասն արդեն այս նոր իրավիճակին հետևում է, սակայն, մյուս հատվածը գտնվում է անընդհատ զարմանքի մեջ, թե ինչու մի բան այն չէ։  

Իրականում, ամեն բան այն է, պարզապես հարկավոր է արագ սովորել նոր գործիքներ։  

Տելեգրամը լավ չի աշխատում  

Սա տարածված խնդիր է։ Մի կողմից՝ Տելեգրամը բավականին ակտիվ է Հայաստանում, ակտիվությունը աճում է։ Եվ ակնհայտ է, որ լրատվամիջոցների համար սա կարող է դառնալ լավ այլընտրանք միայն Ֆեյսբուքից թրաֆիկ ունենալուն։ Բայց արի ու տես, որ շատերը լցնում են Տելեգրամը նյութերով, որոնք ոչ ոք չի կարդում։ Ուրեմն, անում է անիմաստ գործ։  

Բայց հարցն այն է, որ Տելեգրամը ուրիշ տրամաբանություն է պահանջում։ Այստեղ լսարանի հետ պետք է ավելի նուրբ վարվել։  

Եթե բացում ես ալիք ու լցնում միայն հղումներ, մարդիկ մի քանի օրից կդադադրեն դրանց վրա կտացնել։ Այստեղ բովանդակությունը չպետք է լինի Ֆեյսբուքի կլոնավորված տարբերակով։ Հարկավոր է տեքստային մեդիա բովանդակություն, և մի քանի նման նյութից հետո՝ նոր հղում։  

Սա, իհարկե, պարզունակ ներկայացում է, թե ոնց պետք է աշխատել Տելեգրամում։ Բայց հաստատ չպետք է փորձել մեխանիկորեն լցնել ալիքը հղումներով։  

Ամեն դեպքում գալիս ենք հին ու փորձված մտքի․ ամեն սոցցանց պահանջում է իր տեսակին և ոճին հարմար բովանդակություն։ Եվ նույնիսկ նույն սոցցանցը տարիների ընթացքում ենթադրում է բովանդակության որակի և քանակի վերանայում։  

Քանի որ, ամեն ինչ հոսում է և փոփոխվում, ինչպես ասել է մի հին էսէմէմշիկ։ 

Սամվել Մարտիրոսյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *