Երևանի խնդիրների մասին՝ կենցաղայինից՝ անվտանգային (ահազանգեր մետրոյում կամ ռազմավարական նշանակության այլ կառույցներում ռումբի առկայության մասին), տեղեկանում ենք հիմնականում պաշտոնյաների ֆեյսբուքյան գրառումներից: Լուրը որսում ենք անմիջապես, տեղում, իրական ժամանակի մեջ:
Մամուլից իրադարձություններին տեղեկանալու ավանդույթը վաղուց արդեն հնաոճ է. մեկօրյա թարմության տեղեկատվությամբ դժվար թե որևէ մեկին հետաքրքրես:
Իհարկե, այդպես չէր նախորդ դարի սկզբում, երբ Երևանի իրադարձություններին, խնդիրներին նախևառաջ անդրադառնում էր տպագիր մամուլը, նոր միայն լուրը դառնում էր մարդկանց քննարկումների, վերլուծությունների նյութ:
19-րդ դարի առաջին կեսին հրատարակվում էր 30 թերթ, դարի երկրորդ կեսին՝ 246, իսկ 20-րդ դարի սկզբին հրատարակվող հայալեզու թերթերի ու հանդեսների թիվը շուրջ 600 էր: Հայ պարբերական մամուլի հիմնական կենտրոններն էին Թիֆլիսն ու Պոլիսը: Երևանում այդ շրջանում հրատարակվում էր 28 անուն թերթ ու ամսագիր:
Առաջին թերթը, որ լույս է տեսել Երևանում, «Պսակ» ն էր (1880-1884)։ Այն, ինչպես նաև մյուս թերթերը, անցնում էր ցարական գրաքննություն:
Թերթում քննադատական հոդվածներ, իհարկե, լինում էին: «Պսակ»-ի պահպանված համարները թերթելիս՝ այսպիսի օրինաչափություն նկատեցինք. թերթի համարձակ, քննադատական հոդվածներով համարին հաջորդում էին մոնոտոն, բացառապես հոգևոր լուրերով, ոչինչ չասող նյութերը: Մինչև գրաքննության զգոնությունը թուլանում էր, և լույս էր տեսնում համարձակ որևէ հոդված:
Ահա «Պսակ»-ի անդրադարձը խորհրդարանի քննարկումներին. պատգամավորները չափազանց անհանգստացած էին՝ ինչպե՞ս Երևանը կարող է ավելի շքեղ շնորհավորել Նորին կայսերական մեծությունների՝ կայսրի և կայսրուհու թագադրության օրը, ի՞նչ ընծաներ անել, ո՞վ պետք է այդ ընծաները հասցնի կայսրին. «Պարոն Քաղաքագլուխը խորհրդարանի առանձին ուշադրութիւնը դարձնելով այս հարցի վրա՝ առաջարկում էր թագադրութեան օրը Կայսրին ներկայացնել պատշաճաւոր ընծա։ Ձայնաւոր պարոն Տէր-Սարգսեանցը այն կարծիքը յայտնեց, թե որովհետեւ մեր քաղաքագլուխը մանիֆեստի համաձայն պետք է գնայ Մոսկուայ, այս պատճառով հարկաւոր է նրան ճանապարհածախք նշանակել քաղաքային գանձարանից» («Պսակ», N 10, 1883):
«Պսակը», այդուհանդերձ, փակվում է 1884-ին:
1883-ին հրատարակվում էր «Երևանի հայտարարություններ» թերթը (1883-1885): Թերթում հայերեն և ռուսերեն հայտարարություններ էին, հիմնականում գիմնազիա ընդունվել ցանկացողների հետ պարապելու առաջարկով: Թերթի բոլոր համարներում «Անեկդոտներ եւ ծիծաղաշարժ զրոյցներ» խորագրով զվարճալի պատմություններ էին:
Իսկ տպագրվող մեկ-երկու լուրերը, որպես կանոն, կարող էին և չլինել, քանի որ ոչնչի մասին էին: Ինչպես այս մեկը. «Նոյեմբերի 17-ից 20-ը Երևանի համար մի գեղեցիկ տեսարան էր բացվել հարավային կողմում։ Երկինքը ծածկուած էր վերջնալուսով. այդ ոսկէկարմիր գույնը մի առանձին գեղեցկութիւն է տալիս սարերին» («Երեւանի յայտարարութիւններ», N 77, 1883):
Գրաքննությունը չի շրջանցել անգամ այս թերթը. 1885-ից հետո, մինչև 1917 թվականն, այն լույս է տեսել բացառապես ռուսերեն լեզվով։
1894-ին, «Պսակ»-ի փակվելուց հետո, Երևանում թերթեր լույս չեն տեսնում գրեթե մինչև 1910-ականներ, բացառությամբ «Առողջապահական թերթ»-ի (1881-1884):
Հանդեսում տպագրվող հոդվածներից կարելի էր դատել, թե այդ շրջանում Երևանում առողջապահական որ հարցերն էին առաջնահերթ. «Կեղտոտ փոխնորդը՝ որպես տարածող խօլէրայի վարակման», «Ջրի, հողի և օդի մաքրութեան նշանակութիւնը» «Տան տիկնոջ պաշտօնօ կարեւորութիւնը», «Ախտահանութիւն»… («Առողջապահական թերթ», N 6 և 7, 1884):
1908-1909-ին Երևանում լույս էր տեսնում «Հրազդան» թերթը: Հասարակական բարքերի քննադատություն, սոցիալական խնդիրներ. սրանք էին թերթի հիմնական թեմաները. «Ուսումնական տարին շուտով կէս կլինի, իսկ Երևանի գիմնազիան դեռ չունի հայոց լեզւի ուսուցիչ: Հենց սկզբից այդ միջնակարգ դպրոցը բաղդ չէր ունեցել մի այ պիսի բարեխիղճ ուսուցիչ ունենալու, որը գոնէ անսխալ կարդալ ու գրել սովորեցներ նրա հայ աշակերտներին իրենց մայրենի լեզւով» («Հրազդան», N 10, 1908):
Նույն համարում է նաև «Սնոտիապաշտութեան չարիքը» հոդվածը. Եղվարդ գյուղում ծննդաբերությունից հետո կինը ծանր հիվանդանում է: «Նրան բժշկի տանելու փոխարեն տգետ բարեկամները թողնում են հիւանդին խնամքից զուրկ և տասնեակ վերստեր անցնելով՝ գալիս են Փարպիից մոտիկ Թաքեա գյուղը՝ մոլլին գիր անել տալու: Իրենց առաքելությունը կատարած համարելով՝ ուրախ-ուրախ վերադառնում են ու հարսին ծննդկանին մահացած գտնում. «Էհ, փառք իրան, երևի ճակատագիրն էդպէս էր»… (նույն տեղում):
1911-12-ին Երևանում սկսում է լույս տեսնել «Նոր ձայն» շաբաթաթերթը։ Թերթը երկար կյանք չի ունենում և փակվում է 1912-ին։
1908-ին հրատարակվում է «Կռան» թերթը, որը 1913-ի հունվարից արդեն նոր անուն ուներ՝ «ՙՆոր մամուլ»:
«Երևանը, մեր այս աստւածապահ քաղաքը իր բարեկարգութեան և բարօրութեան մի շարք խնդիրների հետ, մեր քաղաքային դումայի առաջ բարդել է բազմաթիւ առկախ մնացած խնդիրներ, որոնք տարիներով ձգձգւում են. էլեքտրական լուսավորութեան խնդիրը, կանալիզացիայի խնդիրը, նոր բացւելիք փողոցների ու նրանց կանոնաւորելու հարցը, արական երկրորդ գիմնազիայի և վաճառականական դպրոց բանալու խնդիրները, քաղաքային դեղատուն և նոր հիւանդանոցի շինութինը» («Կռան», N 52/59, 1913):
Այդ շրջանի հայկական ողջ մամուլը ցարական գրաքննության թիրախում էր: Վերահսկվում էր ամեն բան՝ ընդհուպ հայկական դպրոցում ուսուցչի անձը. այն նախ պետք է հաստատվեր Կովկասի փոխարքայի կողմից: Անգամ «Հայկական եկեղեցու ծխական դպրոց» բառակապակցությունն էր կրճատ գրվում։
Վեհափառ Կաթողիկոսը մի կոնդակով յայտնում է, որ համաձայն պետական տիրող օրենքների ու Կովկասի Փոխարքայի գրությոիւնների, «այսուհետև նախքան Հ.եկ.ծխ.դպրոցների համար հրաւիրւած ուսուցիչներին իրենց պաշտօնի մեջ հաստատելը, պէտք է նախապես խնդրէլ տեղական նահանգապետի համաձայնութիւնը» («Նոր մամուլ», N 23/81, 1913):
1914-ը պատմության ամենաբարձ շրջաններից մեկն էր՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Ապա Հայոց ցեղասպանություն, հեղափոխություն Ռուսաստանում, Հայկական հարցի թնջուկ, խառնակ շրջան Հայաստանում, Առաջին հանրապետության հռչակում:
Շատ թերթեր շատ կարճ կյանք են ունեցել: Միմյանց փոխարինող թերթերը չէին հասցնում արտահայտել ու պարզաբանել իրավիճակը («Խոսք» (1913), Ճառագայթ» (1914) «Աշխատանք» (1915), «Զանգ» (1917), «Ժողովուրդ» (1918), «Կայծ» (1918), «Շանթ» (1918), «Երկիր» (1919), «Հառաջ» (1919), «Սպարտակ» (1919)։
Որևէ խնդիր եթե բարձրացվում էր, ապա նոր իրադարձություններն ու զարգացումներն՝ իրենց ավելի մեծ մասշտաբով ու դրամատիկ ընթացքով, մոռացության էին մատնում եղած խնդիրը: Գրեթե ինչպես մեր օրերում:
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: