2022.08.10,

Քննադատ

Երբ լավ լուրերի դեֆիցիտ է, բացում ես հին լուրերի գզրոցը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Անորոշ ու լարված իրավիճակներում լավ լուրեր գտնելը բարդ է։ Անգամ ամենալավ լուրը ստանում է անպատեհության երանգ ու տեղադրվում ահազանգող ու տագնապալի լուրերի կողքին որպես հակակշռի փորձ։  

Թե ինչու սոցցանցերում ու որոշ լրատվամիջոցներում օգոստոսի 10-ին շրջանառվեց մայիսին հրապարակած մամուլի ազատության ինդեքսը, ունի իր բացատրությունը։ Բայց չունի իմաստ։ 

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տարեկան զեկույցը, որ լույս է տեսնում մամուլի ազատության օրը՝ մայիսի 3-ին, 2022-ին փոխել է ինդեքսը կազմելու մեթոդաբանությունը, և մամուլի ազատության չափորոշիչ են համարվել ոչ այնքան լրատվամիջոցների անկախ ու ազատ աշխատանքը, այլև լայն իմաստով քաղաքացիների արտահայտման իրավունքների իրացումը սոցիալական մեդիայում։  

Մեդիա ազատությունը բոլորի արտահայտվելու ազատություն է համարվել։ Նվազել է ինդեքսի չափման քաղաքական գործոնն ու ընդլայնվել սոցիալական մեդիայի ընդգրկվածությունը։ Եվ դրա մասին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նախապես հայտնել էր՝ նույնիսկ խնդրելով, որ համեմատություններ չարվեն նախորդ զեկույցների տվյալների հետ, քանի որ լիովին այլ տրամաբանություն է այսուհետ աշխատելու։  

Բայց համեմատենք. 2021-ին Հայաստանը 63-րդն էր, 2022-ին՝ 51-ը։ Ցուցանիշը լավն է, լուրը լավն է, հատկապես, որ մեր տարածաշրջանում մեր ցուցանիշը ամենալավն է։ Բայց ինչու՞ հիշել այդ մասին երեք ամիս անց, երբ լուրն արդեն բարեհաջող անցել էր արխիվ։ 

Հարցի պատասխանը սա է՝ բա ի՞նչ հիշենք։ 

Թերևս այդպես են մտածել իշխող քաղաքական կուսակցության անդամներն ու որոշել հիշել լավն ու ոգևորիչը։ Այն, որ Հայաստանը առաջատար է տարածաշրջանում։ Առնվազն մեդիա ոլորտում։ Եվ առնվազն այդպիսին կմնա մեկ տարի, մինչ նոր զեկույց։ 

Պատգամավորները գրեցին այդ մասին, լրատվամիջոցները վերահրապարակեցին նրանց գրածը, փոքր ալիք եղավ, որտեղ Հայաստանը առաջատար էր։ Հետո՞։[Text Wrapping Break] 

Հետո լուրջ հարց է առաջանում Հանրային հեռարձակողի գործունեության վերաբերյալ։ Արխիվացված լուրը թարմ տարեթվով ու առանց այդ մասին լսարանին հայտնելու հաղորդեցին Հանրային ռադիոն, Հանրայինի լրատվական ալիքը (որը թեև հիմա վերգետնյա հեռարձակում չունի դատարանի պահանջով, բայց աշխատում է առցանց) 

Մենք կարող ենք հանգիստ ընդունել, որ լուրերի քանակը (անգամ որակի հաշվին) շատ կարևոր է որոշ լրատվամիջոցների համար, որոնք կարող են ֆեյսբուքի գրառումները դարձնել լրատվամիջոցի լուր՝ առանց համատեքստ, ժամանակացույց ճշտելու, որևէ բան ավելացնելու կամ կրճատելու։ Օրինակ, այս լուրը։ 

Բայց Հանրային հեռարձակողները նման անփույթ կամ քաղաքական անհեռատես քայլեր անելու դաշտ չեն։ Գոնե հասկանում են, որ իմաստ չունի լավ լուրեր փնտրել արխիվների գզրոցներում կամ պատգամավորների երազած առաջատար Հայաստանի տեսիլքներում։ 

Սա թեև մանր թեմա է, բայց լավ վարժանք մեդիագրագիտության բազային կանոնները ի մի բերելու։ Կարևոր չէ, թե ինչ են գրում, կարևորը, թե երբ են գրում։ Եվ ովքեր։ 

 Նունե Հախվերդյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *