Եվրատեսիլում 20-րդ հորիզոնականին արժանանալուց ամիսներ անց Հայաստանը ներկայացնող 22-ամյա Ռոզա Լինի Snap թրեքը ՏիկՏոկում դարձավ վիրուսային, մտավ տարբեր ազգային հիթ շքերթներ, իսկ երգչուհին պայմանագիր կնքեց ամենահաջողակ երաժշտական լեյբլերից մեկի հետ:
Երբ մարտի 19-ին Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրեց Ռոզա Լինի Snap երգը, մարդկանց գերակշռող մասը դրական կարծիքներ հայտնեց, երգն անվանելով հաճելի ու սիրուն, բայց հավելեց, որ «այդքան էլ եվրատեսիլյան չէ, չի հաղթի։
Իմ արձագանքը մի փոքր այլ էր, քանի որ զարմանքով ուրախացա Ռոզայի համար, որին ճանաչում էի դեռ 2017-ից: Ավելին, պիտի համակուրսեցիներ լինեինք, բայց ապագա փոփ աստղը չուզեցավ լրագրություն սովորել։ Բացի դրանից, Ռադիո Հայում իմ արած առաջին հարցազրույցներից մեկը Ռոզայի հետ էր։ Այն ժամանակ նա ուներ Ջերմ անունով բենդ, բեմական անունն էլ Ռոզա Ջերմ էր ու պատմում էր, թե ինչ է նշանակում լինել ինդի (անկախ) արտիստ և ապրել երկրում, որը չունի գործող երաժշտաբեմ ու շուկա։
Պարզ ասած՝ Ռոզայի կարիերային աճն անցել է իմ ուշադրության ներքո։ Թամար Կապրելյանի ՆՎԱԿ-ում ստեղծագործելուց ու սեփական երաժշտության փրոդյուսինգով զբաղվելուց հետո Ռոզան 2021-ին կատարեց իր գործունեության ամենամեծ քայլն ու թողարկեց KING թրեքը Kiiara-ի հետ։
2022-ի բավական անգույն ու միատոն Եվրատեսիլում Ռոզայի Snap-ը պիտի նվազագույնը թոփ հնգյակում լիներ, բայց զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։ Ու թվում էր՝ երգը կմոռացվի, կգնա, միայն այն հույսով, որ երգչուհու կարիերան դրանից ավելի կծաղկի։ Բայց Ռոզան ու իր թիմը շարունակեցին արդյունավետ կերպով աշխատել, ակտիվ պահել սոցիալական հարթակները, բացել մարդկանց գիտակցությունն ու մտցնել Snap-ը նրանց ուղեղի մեջ։ Ստացվեց։
Երգի բրենդավորման, փաթեթավորման ու առաջխաղացման հիմնական գործիքը ՏիկՏոկն էր։ Հիշում եմ Snap-ով առաջին հոլովակները, որոնք մարդիկ նկարում ու տեղադրում էին ՏիկՏոկ և Ինստագրամի Reels․ դրանք հիմնականում սիրուն տեսարաններով, արշավական ճամփորդությունների «քյութ կադրեր էին։ Բայց երգը դուրս եկավ այդ սահմաններից, որովհետև տեսանյութերի տակ հայտնվեցին «Երգի անունը կասե՞ք մեկնաբանություններ։ Մարդիկ հավանեցին, սկսեցին լսել, նկարել իրենց հոլովակներն ու տարածել դրանք։
Հիմա հասկանանք, թե երբ է սկսել Snap-ի հաղթարշավն ու ինչ ճանապարհներով անցել։ Այս հարցում օգնել է թվիթերյան @esc_charts հաշիվը, որն ուշադիր հետևում է եվրատեսիլյան յուրաքանչյուր երգի աղյուսակային թարմացումներին:
Թվեր
Snap երգի նկատմամբ հետեվրատեսիլյան առաջին ուշադրությունը նկատվեց մրցույթի եզրափակչի ավարտից ուղիղ մեկ ամիս անց՝ հունիսի 15-ին, երբ նախորդ երեսուն օրերի համեմատ երգի լսումները Spotify-ում աճել էին շուրջ 300%-ով։ Այն ժամանակ թրեքը լսել էին մոտավորապես 5,3 միլիոն անգամ, իսկ օրական լսումները 140,000-ի սահմաններում էին։ Լսումների ամենամեծ ցատկը եղավ հունիսի 27-ին, երբ Snap-ը դարձավ այս տարվա Եվրատեսիլին տվյալ օրն ամենաշատ լսված երգը, շուրջ 335,000՝ առաջ անցնելով իսպանական SloMo-ից (այն առաջատարի դիրքերում էր 40 օր շարունակ):
Հուլիսի 13-ին, թրեքը մեկ օրում ստանալով շուրջ 850,000 լսում, հայտնվեց Spotify-ի համաշխարհային աղյուսակում (Spotify Global Chart), բայց ամեն ինչ դեռ առջևում էր։
Հուլիսի 15-ը Ռոզա Լինի կարիերայում նշանակալի օր է: Այդ օրը նախ եկան Մեծ Բրիտանիայում երգի վաճառքների մասին թվերը․ մեկ շաբաթում այն գնել էին 7,290 անգամ։ Սա արդեն լուրջ է, երբ երգը ոչ միայն սպառում են սթրիմինգային հարթակներում, որը արտիստին ու իր թիմին շատ ավելի քիչ եկամուտ է բերում, քան օրինակ iTunes-ից կամ Amazon-ից երգն առանձին գնելը։ Բրիտանիայի գլխավոր հիթ-շքերթում Snap-ի մինչ օրս ամենաբարձր հորիզոնականը 26-ն է։
Նույն օրը երգը տեղ գտավ Spotify-ի ամենամեծ ու ամենապահանջված Today’s Top Hits փլեյլիստում, որի յուրաքանչյուր հորիզոնականի համար պայքարում էին հայտնի արտիստները։
Պահը հրաշալիորեն բռնեց Ռոզայի թիմն ու թողարկեց Snap-ի մի քանի այլ տարբերակներ (Snap Pack)։ Բնօրինակից բացի կային երգի արագացրած, դանդաղեցրած, ակուստիկ տարբերակներն ու դիջեյ Fargo-ի ռեմիքսը։ Այստեղ շոշափելի կերպով նկատում ենք, թե ինչպես է ՏիկՏոկը փոխում երաժշտական լանդշաֆտը՝ ստիպելով արտիստներին թարմացնել իրենց իսկ երգերը։ Պետք է նշել, որ առաջին հերթին վիրուսային էր դարձել հենց երգի արագացրած տարբերակը, ոչ թե բնօրինակը։
Հուլիսի 20-ը ևս մի հիշարժան օր է Ռոզա Լինի համար: Snap-ը մուտք գործեց Billboard Global 200 աղյուսակի 170-րդ հորիզոնական՝ տեղավորվելով AC/DC-ի ու Թեյլոր Սուիֆթի մեջտեղում: Ռոզան դարձավ առաջին հայազգի արտիստը, որը հայտնվեց այդտեղ։ Շուտով երգը հասավ 36-րդ հորիզոնական, որտեղ դարձավ բոլոր 200 երգերի մեջ ամենամեծ ցատկ կատարողը։
Չնայած դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի Snap-ի հետ հաջորդ շաբաթ կամ մինչև օգոստոսի վերջ, սակայն Ռոզա Լինի թիմը պատրաստվում է ինչ-որ համաշխարհային աստղի հետ դուետ ձայնագրել, ուստի ավելի քան վստահ եմ, որ երգի ժամանակավոր ստաբիլությունը կխախտվի՝ հօգուտ ավելի մեծ հաջողությունների։
Այս պահի դրությամբ թրեքի ամենաբարձր հորիզոնականը Spotify Global-ում 28-ն է, իսկ ամենամեծ օրը եղել է օգոստոսի 2-ը՝ 2,004,145 սթրիմով։ Օգոստոսի 3-ի դրությամբ երգն ունի 51,557,018 լսում։
Աշխարհագրություն
Թրեքի վիրուսայնությունն առաջինը նկատվեց Նիդեռլանդներում և հյուսիսարևմտյան Եվրոպայի երկրներում։ Հուլիսի կեսերից այն հասավ Հարավային Կորեա, Ավստրալիա, Հարավային Աֆրիկա, այնուհետև Կանադա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Սինգապուր։
Հուլիսի սկզբին երգը բացահայտեցին Լատինական Ամերիկայում, որը համաշխարհային երաժշտության մեջ շատ կարևոր ու կատաղի դիրք ունի։ Հարավային Ամերիկայի մայրցամաքի առաջին երկիրը Պանաման էր, որտեղ երգը մուտք գործեց Spotify, իսկ արդեն հուլիսի 27-ին դարձավ Եվրատեսիլի պատմության առաջին երգը, որը սկսեց բարձրանալ լատինամերիկյան 15 երկրների Spotify-ի աղյուսակներում։ Նույն ամսվա 31-ին երգը հայտնվեց։ YouTube-ի 27 երկրների շքերթներում, որի մեկ երրորդը լատինական երկրներ էին։
Հորիզանականներն ու երկրներն անընդհատ փոխվում են, որի ընթացքին կարող եք հետևել այստեղ։
Կարիերային աճ
Snap երգի հաջողությունները Ռոզա Լինին բերեցին ոչ միայն հայտնիություն, այլ նաև կարծրացրին նրա տեղն ու դերը երաժշտական ասպարեզում։ Երգչուհու թերևս ամենամեծ հաղթանակը Columbia Records լեյբլի հետ պայմանագիր կնքելն էր։ Այս մասին առաջինը հայտնեց Hits Daily Double-ը։ Columbia-ի ներքո են հանդես գալիս Բեյոնսեն, Ադելը, Մայլի Սայրուսը, Pink Floyd-ը, System of a Down-ը, Դևիդ Բոուին ու շատ այլ հաջողակ արտիստներ։ Սա նաև Նվակ կոլեկտիվի հաղթանակն էր, որը ղեկավարում են Թամար Կապրելյանն ու Ալեքս Սալիբյանը։
Մայիսի 4-ի դրությամբ Ռոզայի ՏիկՏոկի հաշիվն ուներ 5,000 հետևորդ ու 85,000 հավանում։ Այսօր, գրելու պահին, այդ թվերը անհամեմատ ավելի շատ են՝ 377,000-ից ավել հետևորդ և 7,300,000 հավանում։
ՏիկՏոկում Snap-ի արագացրած տարբերակը օգտագործել են ավելի քան 422,000 հոլովակում, որն աճում է ամեն վայրկյան։ Ինստագրամում նկարված տեսանյութերի թիվը մոտ 316,000 է։
Նվակ-ի ինստագրամյան հրապարակման համաձայն Snap-ը պտտվել է նաև 42 երկրների ռադիոներում, այդ թվում նաև Միացյալ Նահանգներում։
Հասկանալով ու միաժամանակ դժվար պատկերացնելով ՏիկՏոկի առեղծվածային ալգորիթմներն ու օգտատերերի ճաշակը, մի հարց է առաջանում, արդյո՞ք Snap-ի հաջողությունը բախտի հարց էր ու հաճելի պատահականություն, թե՞ ծրագրված մարքեթինգային քայլ, որի մասին գաղտնիքներն իր թիմը հաստատ չի բացահայտի։
Անարդար կլինի հաջողությունները անվանել «բախտ, քանի որ երգի ու դրա օրգանիկ առաջխաղացման վրա աշխատել է մեծ ու մասնագիտացած թիմ, դե էլ չասած Ռոզայի երաժշտական տաղանդն ու անմիջական շփումը ինչպես համերգների ժամանակ հանդիսատեսի հետ, այնպես էլ առցանց հարթակներում։
Հավանեք երգը, թե ոչ, այն սիրել են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։ Միայն թե լավ կլինի տենդենցի մարելուն չսպասել ու թողարկել նոր երգ։ Մարդիկ սպասում են ու պահանջում։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Ես կառաջարկեի երգչուհուն 20-րդ հորիզոնականում տեղակայած ժյուրիին ցմահ cancel անել: