2022.07.04,

Քննադատ

«Կարո՞ղ ենք հաշտվել թուրքի հետ: Այո, բայց…»

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

1894-96-ին Օսմանյան Թուրքիայում հայկական ջարդեր էին: 1908-ին իշխանության եկան երիտթուրքերը. հայերը համոզված էին, որ Թուրքիայում սահմանադրության ընդունումը հայերի համար խաղաղ ապրելու նոր հնարավորություն է և որ քրիստոնյաների, մասնավորապես, հայերի հանդեպ վայրագությունները, վերջապես, կավարտվեն: 1909-ին եղան Կիլիկիայի ջարդերը: 1915-ին եղավ Հայոց ցեղասպանությունը:

Արդեն 1919-1920-ականների հայկական մամուլում հայտնվեցին «Կրնա՞նք հաշտուիլ թուրքի հետ» բովանդակությամբ հոդվածներ («Հայ և Թուրք մերձեցման մը խնդիրը կը ծեծուի թերթերուն մեջ», «Ազգ», Բոստոն, N 135, 1921):

Հայ-թուրքական հաշտության թեմային անդրադարձը կարևորում ենք, քանի որ նույն հարցը հնչում է նաև այսօր: 

Դատելով հարցադրման այժմեականությունից՝ հարցի պատասխանը չենք գտել ո՛չ նախորդ դարում, ո՛չ այսօր: 

«Ապագայ Թուրքիան եւ մենք» հոդվածը քննարկում է, թե Հայաստանի համար ինչիպիսի Թուրքիան առավել ցանկալի հարևան կլինի՝ զարգացա՞ծ, թե՞ հետամնաց.
«Հայկական շահերու տեսակէտով, մէր ընդհանուր փափաքը պէտք է ըլլայ ուրեմն, մէզի դրացի ունենալ խաղաղասէր Թուրքիա մը՝ համիսլամական կամ  համաթուրանական ախտավարակ կամէութիւններէ բոլորովին բուժուած»: 

Աշխատելու և առաջադիմելու պոտենցիալ ունեցող Թուրքիան, ըստ հոդվածի, շահեկան հարևան է: 

Հակառակ դեպքում «յետամնաց ու աղքատ Թուրքիան մը բնականօրեն պիտի թելադրուէր աչք տնկելու ժիր, արտադրող դրացիներու ունեցածին, անոնց վնասին մէջ փնտրելու իր շահը»: 

Բայց…

Ի դեպ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների մասին հոդվածներում, որտեղ հանգամանորեն նկարագրվում են այն առավելությունները, որոնք կտա խաղաղ համակեցությունը, բանալի բառը թերևս «բայց»-ն է:

Այս հոդվածում ևս կա այդ «բայց»-ը․ «Բայց ո՞ր աստիճան և ի՞նչ պայմաններու մէջ յուսալի է, որ ապագայ Թուրքիան կարենայ, անմիջական անցեալին բոլոր տխուր երեւույթներուն հակառակ, իրեն նշանաբան ընտրել խաղաղ աշխատանքը» («Արագած», N 42, 1919, Կ.Պոլիս):

Այս հոդվածից մեկ տարի անց, 1920-ի մարտի 23-ին թուրք մուսաֆաթականները կոտորեցին Շուշիի ավելի քան 30 000 հայ բնակչությանը, ավերեցին ու հրկիզեցին քաղաքաի հայկական մասը:

«Ատելութեան առջեւէն կործանում կ՛երթայ» (Ատելության առջից կործանումն է գնում) հոդվածը ևս անդրադառում է հայ-թուրքական հարաբերություններին արդեն այլ դիտանկյունից. եթե միայն հայկական քաղաքական միտքը, կուսակցություններն այն էներգիան ու ռեսուրսները, որոնք ծախսում են միմյանց վարկաբեկելու ու ոչնչացնելու վրա, ուղղեին իրական թշնամուն, գուցեև Հայ դատն այդքան ցավալի ընթացք չունենար.

«Կարելի է ըսել, ապահովաբար, թե այն եռանդեամբ, որով հայ ղեկավարներ եւ մեծ ու պզտիկ կուսակցութիւններ կ՛աշխատին տապալել զիրար, եթե ջանային կործանել Թուրքը, Հայաստանի վիճակւ շատ աւելի նախանձելի պիտի ըլլար: Որովհետեւ Թուրքն է թշնամին Հայաստանի եւ ոչ թե Հայը: Մուստաֆա Քեմալ է, որ կըսպառնայ Հայերու գոյութեան եւ ոչ թե Պօղոս Նուպար կամ Աւետիս Ահարոնեան» («Ազատ կարծիք», Թիւ Ա, 1922):

Հոդվածը գրված է 1922-ի ապրիլին: Նույն թվականի սեպտեմբերի 9-ին թուրքական բանակը մտավ Իզմիր ու կոտորեց 10 000 հայերի ու 100 000 հույների: 

Ստացվել է այնպես, որ Թուրքիան Հայաստանի հարևանն է: Կարո՞ղ է Հայաստանը տանել ոխերիմ թշնամու հետ անընդհատ բախումների, կոտորածների վտանգի բեռը: Ինչպե՞ս է հնարավոր լուծել Հայաստանի վրա անընդհատ կախված լինել-չլինելու խնդիրը:

«Հայ եւ թուրք մերձեցումը» հոդվածն այս հարցն է քննում. «Նկատի ունենալով երկու երկիրներու աշխարհագրական դիրքը, անհրաժեշտ կերպով անոնք պէտք պիտի ունենան առեւտուրի, փոխադրութեան միջոցներուեւ ուրիշ տնտեսական խնդիրներու մասին հասկցողութիւն մը գոյացնելու իրենց միջեւ»: 

Հոդվածի եզրակացությունը սա է՝ երկու ժողովուդրներն էլ, ինչպիսի զգացումներ էլ լինեն, չեն կարող վերջնականորեն խզել իրենց հարաբերությունները, պիտի ստեղծեն եթե ոչ բարեկամական, ապա գոնե խաղաղ համակեցության միջավայր:

Բայց…

«Բայց զգացումներ կան, այնքան խորունկ ու բանավոր, որ շահերէ ու հաշիվներէ շատ աւելի բարձր ու տիրաբար կխօսին»: 

«Այն կացության մեջ, երբ երկիրը դեռ թաց է անհամար զոհերի արյունով, որոնց ոսկորներն անթաղ են անապատների մեջ, երբ դեռ տասնյակ հազարավոր հայ կանայք ու երեխաներ գերի են թուրքերի մոտ ու ամեն նոր նոր որբեր ու գերիների կավելանան եղածի վրա, երբ գործված անլուր ոճիրի անարդարությունները դեռ դարմանված չեն և մենք ստիպված ենք կենաց ու մահու պայքար մղել հետևանքենրի դեմ, մեզ համար Հայ եւ Թուրք մերձեցման մը մասին ոչ թե մտածել, այլ անոր խոսքն իսկ լսել դժնդակ եւ անհանդուրժելի է, եւ ոչ ոք կրնար ասոր համար մեղադրել մեզ» («Ազգ», Բոստոն, N 135, 1921):

Միջազգային հանրությունից ունեցած ակնկալիքներից անհրաժեշտ է հրաժարվել, առաջարկվում է «Թուրքերը և մենք» հոդվածը: 

Ինքն իր ուժերի ու հնարավորությունների հետ միայնակ մնացած մարդու համար գոյության հարցը դժվար ու անգամ մահու չափ վտանգավոր է, բայց իրականությունը սթափ գնահատելը  խոշոր առավելություն է. 

«Աշխարհը մեզ պարզ ասաց, որ պետք չէ հույս դնել օտարների վրա, որ ամեն ազգ սեփական շահերով է առաջնորդվում և սեփական միջոցներով միայն կարող է այդ շահերը հետապնդել ու պաշտպանել»:

Եվ հարվածից արթնացած, կսկիծից շփոթված հայ քաղաքական միտքը սկսում է հայկական հարցի նոր լուծումներ փնտրել. 

«Ու, տարօրինակ բան, հայ քաղաքական մտքի նորագոյն պրպտումներու մէջ, իբրև ամենէն աւէլի շեշտուող գիծ, երեւան կուգայ հաշտութեան ձգտումը…թուրքին հետ:
Կարծես գոյութիւն ունեցած չըլլար երէկի թարմ-արիւնոտ անցեալը: Կարծես հայ ժողովուրդ չարաչար պարտուած իր բոլոր նպատակներուն մէջ, գլխիկոր կը վերադառնայ իր հայրերու ստրուկի իտէալին» («Ազատամարտ», Փարիզ, N 1, 1928, գլխ. խմբագիր՝ Շահան Նաթալի): 

«Կրնա՞նք հաշտուիլ թուրքերի հետ» հարցը չգտավ պատասխանը 1920-ականներին: Այն այսօր էլ պատասխան չունի: Բայց ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, կրկնում ենք լուծման ճիշտ նույն, ինչպես տեսնում ենք, իրեն չարդարացրած մոդելը՝ ակնկալելով այլ արդյունք… 

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *