2022.06.24,

Քննադատ

«Թույլատրված է զինվորական գրաքննության կողմից». մամուլը Շուշիում

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

19-րդ դարում Հարավային Կովկասի մշակութային, առևտրական, նաև պարբերական մամուլի հրատարակման հիմնական կենտրոններից մեկը Շուշին էր: 

Հայերեն գրքերի ու մամուլի տպագրությամբ Շուշին զիջում էր միայն Թիֆլիսին . «Այդ կողմից նա առաջ է անցել այնպիսի մեծ ու հայաշատ քաղաքից, որպիսին է Բաքուն» («Տարազ», N 22, 1891): 

«Дозволено Военн. Цензурою» («Թույլատրված է զինվորական գրաքննության կողմից»).  հանդեսներում ու թերթերում այս գրությունը պարտադիր էր: Մամուլի ամեն համար անցնում էր ռուս զինվորական գրաքննություն: 

Շուշիում լույս տեսնող «Ծիածան» հանդեսն, օրինակ, վերջին էջում տպագրում էր նաև այն գործերի վերնագրերը, որոնք խմբագրությունը մերժել է. կա՜մ չեն անցել զինվորական գրաքննությունը, կա՜մ նպատակահարմար չեն գտել տպագրել՝ այլ նկատառումով:

1874-ից 1920-ի մարտը Շուշիում լույս է տեսել քսանից ավելի թերթ և հանդես, որոնցից 3-ը՝ ռուսերեն. «Հայկական աշխարհ» (1881), «Գործ» (1882-1884), «Ազգագրական հանդես» (1896-1916), «Ղարաբաղ» (1911-1912), «Միություն» (1913), «Միրաժ» (1913-1917), «Փայլակ» (1915- 1917), «Ծիածան» (1916), «Պայքար» (1916), «Ծիծաղ» ( 1916), «Նեցուկ» (1917),  «Եռանդ» (1917),  «Աշակերտ» (1917), «Ապառաժ» (1917), «Միրաժ», (1913-1916), «Սրինգ» (1917), «Ղարաբաղի սուրհանդակ» (1919), «Արցախ» (1919), «Նոր կյանք» (1919), «Գյուղացիական կոմունա» (1920): 

Շուշիում լույս տեսած ռուսերենով պարբերականներն էին՝ «Շուշինսկի լիստոկ» (1911-1912), «Շուշինսկայա ժիզն» (1913-1914) և «Գոլոս նարոդա» (1919):

Այդ շրջանում թերթերը լույս էին տեսնում 100-150 օրինակով: 

Մամուլում հոդվածներն ընդգրկում էին կյանքի բոլոր ոլորտերը՝ քաղաքականություն, ազգային պայքար, կրթություն, սոցիալական խնդիրներ, առողջապահություն, մշակույթ: Շատ էին գիտական ու պատմական արժեք ներկայացնող հոդվածները: 

«Ազգագրական հանդես»-ի գլխավոր խմբագիրը ազգագրագետ, բանահավաք Երվանդ Լալայանն էր: Հանդեսի նյութերը նախևառաջ ունեին գիտական արժեք, տպագրվում էին  այլազգի գիտնականների ուսումնասիրություններն Արցախի պատմության, պեղումների մասին: 

«Գավառ» խորագիրը գիտական հետազոտություն էր յուրաքանչյուր գավառի մասին՝ առանձին: Օրինակ, ներկայացնելով Ջավախքը՝ Երվանդ Լալայանը նշում է նրա սահմանները, լճերը, գետերը, դաշտավայրերը, կլիման, հանքային ջրերը, բուսականությունը, կենդանական աշխարհը, բնակչության թիվը, դպրոցների քանակը, թատրոնը, գրադարանը, նկարագրում հայկական ընտանիքն՝ ավանդույթներով, տարազը, բնակչության հիմնական զբաղմունքը։

«Գործ», «Ծիածան», «Ղարաբաղ», «Փայլակ» թերթերում ու հանդեսներում տպագրվում էին հայ և արտասահմանյան գրողների ստեղծագործություններ, գրախոսականներ, քննադատական հոդվածներ: 

Կրթության թեման բոլոր թերթերի ու հանդեսների առանցքային հարցերից էր:
Աշակերտներն ու ուսուցիչները ներկայացնում էին այն պահանջները, որոնք ակնկալում էին ռուս կառավարիչներից․

  1. Դպրոցը դասել պետական միջնակարգ դպրոցների շարքը՝ համալսարան մտնելու հնարավորություն տալով:
    2. Բանալ 7-րդ դասարան:
    3. Զարկ տալ աշխարհաբար լեզվին, վանել գրաբարը և ավանդել իբրև կլասիկ լեզու Ե դասարանից:
    4. Ռուսերենը կանոնավոր հիմքերի վրա դնել:
    5. Կրոնական առարկաները կրճատել և դրա փոխարեն ընդլայնել բնագիտականը:
    6. Մաթեմատիկան լրիվ անցնել՝ իր բոլոր մասերով:
    7. Վերացնել թվանշանները և թվանշանային ատեստատը ու մտցնել հուշանշանների նոր եղանակ («Մշակ», N55, 1906):

Երեխաներին կրթության տալու հարցը թեև կարևոր էր, սակայն երեխաները նաև աշխատուժ էին: Ու թերթերում նաև այսպիսի հայտարարություններ էին լինում. «Մի չքավոր ծնող խնդրում է իր 13 տարեկան որդուն վճարով գործ տալ: Դիմել «Ապառաժ»-ի  խմբագրութեանը («Ապառաժ», N 5, 1917):

Հացի խնդիրը ևս առանցքային թեմա էր մամուլում.  

 «Սոս գիւղ», (Վարանդա), 7 մայիսի: Հացի խնդիրն այսօր ամենացաւոտ խնդիրն է գիւղացիների համար: Հաց չունի ոչ միայն աղքատը, այլև ունևորը… Հաց չկա բառիս նուն նշանակութեամբ. չկայ և հաց ճարելու հնարավորութիւն» («Ապառաժ», 1917, N 2):

Ընտրություններ, խոստումներ. 1917 -ի հոկտեմբերի 22-ին Շուշիում քաղաքային  Դումայի նոր ընտրություններ էին, ու մամուլն առատորեն լուսաբանում էր քաղաքական ուժերի ծրագրերը: Դաշնակցությունն առաջարկում էր ընտրել իր թեկնածուներին՝ խոստանալով. 

«Բոլոր հարկերը, տուրքերը դնել ունևորների, հարուստների վրայ:
Հարուստների վրա հաց չվաճառել, բոլոր ստացւող ալյուրը յատկացնել աղքատ ժողովրդին… Քաղաքի հիվանդանոցն ամբողջապէս յատկացնել աղքատներին և ձրի բժշկել.թող հարուստներն իրենց տներում կամ այլ տեղից օգտւեն…» («Ապառաժ», 1917, N 26):

Շուշիում լույս տեսնող թերթերի առաջին էջերում ազգամիջյան ընդհարումների, գողությունների, սպանությունների պատմություններ էին: Սակայն բոլոր թեմաներից առավել Շուշին ուներ ինքնապահպանության, ինքնապաշտպանության խնդիր.

«Ադրբէյջեան կառավարութիւնը ոչ մի միջոցի առաջ կանգ չառնելով՝ իր թաթն է մեկնում Ղարաբաղի հայութեան կենտրոնին՝ Շուշուն … Փետրվարի 10-20-ը Շուշում կայացած Ղարաբաղի Հայոց Ազգային Չորրորդ Համագումարը ժամանակին իր ամենաբուռն բողոքը ներկայացրեց անգլիական տեղւոյս Միսսիային, Բագւի անգլիական զօրքերի հրամանատար գեներալ Տօմսօնին, Ադրբէյջանի պարլամենտի նախագահին և Հայաստանի Հանրապետութեանը՝ Ադրբէյջանի ոտնձգութիւնների դէմ: Համագումարը պարզ ու որոշակի կերպով յայտնեց, որ հայկական Ղարաբաղը չի ենթարկվել և չի ենթարկվում Ադրբէյջանին» («Արցախ», 1919, N 7):

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *