2022.06.15,

Քննադատ

Ինչո՞վ են զբաղվում հայաստանցիներն ինտերնետում․ հեշտ հարց, բարդ պատասխաններ

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Ինչո՞վ են զբաղված հայաստանվիք ինտերնետում։ Այս հարցի շատ տրամաբանական և ակնհայտ պատասխանը մեկն է․ նստած են սոցցանցերում, հիմնականում Ֆեյսբուքում, ՏիկՏոկում և Ինստագրամում։ Նստած են Տելեգրամի ամենաաննկարագրելի և թունավոր ալիքներում։ 

Կարդում ու նայում են լրատվական կայքերը՝ հիմնականում հայալեզու և ռուսալեզու, տեղական և ռուսաստանյան։ Լիստ․ամ-ում վաճառում և գնում են հնարավորն ու անհնարինը՝ ներառյալ գայլի հմայիլներն ու նկարազարդ ծամոնները։ Բնականաբար, օր և հիմնականում գիշեր նստած են պորնոգրաֆիկ կայքերում, բայց թաքցնում են դա բոլոր ձևերով։ 

Բայց արդյո՞ք այդ պատկերը օբյեկտիվ է։ Իհարկե, վիճելու բան չէ, որ սոցիալական ցանցերը Հայաստանում, ինչպես նաև ողջ աշխարհում, ամենաայցելվող և ակտիվ շահագործվող հարթակներն են։ Եվ դրանց հետ մրցակցում են պորնոգրաֆիկ կայքերը, լրատվականները և օնլայն առևտրի հարթակները։ Սա է այսօրվա ինտերնետի հիմնական պատկերը գրեթե ամենուր։ 

Միգուցե Վատիկանում պատկերը մի քիչ այլ լինի (ամեն դեպքում, Վատիկանի ինտերնետը գրեթե նույնքան խորհրդավոր է, որքան Վատիկանի գաղտնի գրադարանը, որտեղ մուտք ունեն միայն հատուկենտ ընտրյալներ։ Կարող ենք իմանալ միայն մի բան․ այստեղ արտառոց մեծ է դեսքթոփային թրաֆիկը՝ համեմատած մոբայլի հետ

Հիմնական շարժը համացանցում դեռ չի նշանակում, որ դրանով մենք սահմանափակվում ենք։ Բայց վատն այն է, որ հստակ պատկեր չկա, չեն կատարվում խորացված, և ամենակարևորը, պարբերականությամբ կրկնվող, դինամիկային հետևող ուսումնասիրություններ, որոնք թույլ կտային պատկերացնել, թե ինչով է ապրում Հայաստանի հասարակությունը, ինչ փոփոխություններ կան և այլն։ 

Անգամ թեթև ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել, որ Հայաստանը, ի տարբերություն շատ այլ երկրների՝ նույնիսկ համեմատելի բնակչությամբ, շատ խիստ կախվածություն ունի արտասահմանյան ցանցային տիրույթից։ Ինչպես արտադրվող բովանդակության, այնպես էլ այցելվող հարթակների տեսանկյունից։ 

Հայաստանի հասարակության կախվածությունը անվերահսկելի հարթակներից և բովանդակությունից ստեղծում է բազմաթիվ խնդիրներ։ 

Ամենաարդիականներից, օրինակ, այն է, որ բիզնեսի և լրատվականների կախվածությունը Ֆեյսբուքից աննկարագրելի մեծ է։ Իսկ Ֆեյսբուքն իր հերթին անվերահսկելի հարթակ է, որի վրա ազդելու գրեթե ոչ մի լծակ իրավական կամ հասարակական տիրույթում չկա։ 

Եվ հիմա, երբ սոցցանցի մոդերատորներն արգելափակում են էջերը կամայական Մոնթեի մասին գրառումից հետո, շատերի համար ստեղծվում է անելանելի իրավիճակ, քանի որ տվյալ պահին չկան աշխատող մեխանիզմներ բողոքարկելու կամ այլ կերպ տվյալ խնդիրը լուծելու համար։ 

Սպառվող տեղեկատվության տեսանկյունից նույնպես գոյություն ունեն բազմաթիվ չգնահատված խնդիրներ։ Օրինակ, բավարար տեղեկատվության բացակայությունը կամ եղած տեղեկատվության մասին բնակչության իրազեկ չլինելը։ Հայալեզու բովանդակությունը հաճախ կցկտուր է, չկապակցված, ինչը համացանցի դեպքում նույնպես կարևոր հատկանիշ է։ Շատ դեպքերում դժվար հասանելի է կամ չպահպանված և անվերադարձ անհետացող։ 

Իսկ ազգային հետաքրքրություններն անշուշտ շատ դեպքերում հետաքրքիր են, նույնիսկ եթե օգտագործվում են հասարակ և հասանելի գործիքներ։ Օրինակ, Գուգլի որոնումների տեսանկյունից պորնոգրաֆիկ որոնումներ անողները երկրորդ ձեռքով ավտոմեքենաների մասին տեղեկատվություն են որոնում։ 

Գրականության հանդեպ հետաքրքությունը չափազանց նվազ է։ Բայց գոյություն ունի դրական ներուժ։ Օրինակ,որևէ դասականի ծննդյան օրերին որոնումները նույնիսկ գերազանցում են ցածր բնազդներին վերաբերող որոնումներին։ 

Սրանք զուտ մի քանի օրինակներ են։ 

Շատ դեպքերում իրական պատկերը կարևոր է իմանալ հանրային առողջության և նույնիսկ ազգային անվտանգության հետ կապված խնդիրները ժամանակին բացահայտելու համար։ 

Պարզապես մեկ օրինակ բերեմ անձնական շփումների փորձից․ ամենայն հավանականությամբ Հայաստանի բնակչության բավականին մեծ հատված հիմա տարված է զանազան ինտերնետային ծրագրերով, որոնք թույլ են տալիս ներդրումներ անել և մեծ տոկոսներ հետ ստանալ։ Որոնք իրենցից ներկայացնում են անթաքույց ֆինանսական բուրգեր։ Եվ բուրգերի փլուզման պահին հնարավոր են լուրջ հասարակական ցնցումներ։ 

Բայց տվյալ պահին չկա հստակ տեղեկատվություն այս խնդրի ծավալների մասին, քանի որ, վերադառնալով հոդվածի առաջին հատվածին, մենք չունենք խորը և անընդհատ կատարվող ուսումնասիրություններ, թե ինչով ենք զբաղված օր ու գիշեր համացանցում։ 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Ինչո՞վ են զբաղվում հայաստանցիներն ինտերնետում․ հեշտ հարց, բարդ պատասխաններ”
  1. Ռոման Հովսեփյան says:

    Շնորհակալություն վերլուծությունների և մեկնաբանությունների համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *