Անտրեպրիզային ներկայացման պաստառը, որտեղ ռուս կատակերգակներն իրենց մերկ մարմինը ծածկել են լավաշով՝ ներքնազգեստի պես ու գովազդում են իրենց այցը Երևան՝ հուշելով, որ հիմա ժամանակն է «Залечь на дно в Ереване» (դարան մտնել ու սուսուփուս սպասել Երևանում) կարող էր լինել սովորական մի դրվագ։ Բայց դարձավ ավելին։
Խաղի մեջ մտավ հայկական անվերջ ապավինումը սուրբ սիմվոլներին, երբ լավաշով փաթաթվելը համարվում է սրբապղծություն, ամոթ ու դարավոր արժեքների ոտնահարում։ Սոցցանցերում աղմուկ էր, որ անգամ ՅՈւՆԵՍԿՕ-ն է ճանաչել լավաշը որպես հայկական արժեք, իսկ օտարները թքում են լավաշի վրա՝ սեղմելով այն իրենց մաշկին՝ չպաշտպանված որևէ գործվածքով։ Մի խոսքով՝ անպատվում են հենց հայերին։
Դա, իհարկե, անհամարժեք ու անպտուղ արձագանք է, քանի որ խոսակցությունը միշտ տանում է դեպի փակուղի՝ թողնելով տհաճ գավառական նստվածք։
Օրինակ, այս դեպքում, կարելի է հակադարձել, որ լավաշն այնքան ամուր սիմվոլ է, որը չի կարող նսեմանալ, եթե մեջը փաթաթում ես ոչ թե պանիր ու կանաչի, այլ մարմին, թեկուզ օտար լեզվով խոսող ու օտար գեների հանդիպմամբ աշխարհ եկած։
Եվ լավաշը կարող էր փայլել ու ավելի կարևորվել, անգամ վերածվել նոր սիմվոլի՝ փրկության։ Ասենք, որպես ամեն ինչ կորցրած մարդկանց ջերմացնող գուրգուրանքի ու միաժամանակ՝ սննդի խորհրդանիշ։ Սյն մարդկանց, որոնց պետությունը պատերազմ է հրահրել ու իր քաղաքացիներից շատերին թողել շփոթված, սոված ու մերկ։
Բայց այս ողջ պատմության մեջ բացի սրբի ու սրբապիղծի զանգվածային բախումից, որը միշտ օգտագործում է թույլ կռվաններ, կա երկու կարևոր հարց։
Ովքեր են լավաշ հագել
Առաջինն այն, թե ովքեր են եկել Երևան ու որոշել դարան մտնել այս հիշվող, քննադատվող ու գործուն PR-ով՝ լավ հասկանալով, թե ինչպես բարձրացնել աղմուկ ոչնչից։ Խոստովանեք, որ անգամ չէիք էլ իմանա այս ներկայացման մասին, եթե հայոց լավաշն ու ռուս մարմինը չհանդիպեին այս պաստառում ու չդառնային այսչափ գովազդված։ Եվ գովազդված առաջին հերթին հակագովազդային գրառումներով ու արշավներով։
Պաստառը ռուսաստանյան ТНТ հեռուստաընկերության «Comedy woman» նախագծի անոնս է, իսկ ինչպես հայտնի է՝ այդ ալիքը բավականին լավ համադրում է քարոզչությունն ու հումորը։ Ու նաև լուրջ զենք է լարված իրավիճակներում, երբ ռուսական պետական համակարգը օգտագործում է հումորը (թույլատրված չափաբաժնով, իհարկե) մեղմելու համար հանրային դժգոհությունը։
Դա բավականին կանխատեսելի հումորային մոդել է, իսկ ТНТ-ն ռուսաստանյան դաշնային ալիք է, որի սեփականատերը պետական Գազպրոմն է։ Ի դեպ՝ 2022-ի փետրվարից (ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից մի քանի օր առաջ) այն սկսեց ղեկավարել հայտնի պրոպագանդիստ Թինա Կանդելակին, որի համար պատերազմը հպարտություն է։
Սա միգուցե անօգուտ ինֆորմացիա թվար, եթե չլիներ հարց, թե արդյոք դերասան-կատակերգակները հիմա էլ են շարունակու՞մ աշխատել այդ ալիքում, թե՞ ոչ։ Եթե այո, ստացվում է, որ հայոց բողոքը ռուս պետական մեդիա նախագծերի դեմ է։
Ու անգամ ծիծաղելի կլիներ, որ լավաշի սրբությունը պաշտպանողները հանկարծ գիտակցեին, որ իրականում Ռուսաստանի պետական մեքենայի դեմ են գրում, թեև շատ թույլ հիմնավորմամբ ու նեղացած երեխայի կեցվածքով։
Համենայնդպես, այս հումորային նախագծի մասնակիցները շատ զգուշավոր են արտահայտվում թե՛ Ռուսաստանի պետության մասին, թե՛ պատերազմի։ Ու փորձում են չեզոք դիրքով խոսել միայն հյուրախաղերի մասին, թեև քարոզչությունը ակնառու պաշտպանողներ չեն, բայցև պետության քայլերը ակտիվ քննադատողներ չեն։ Թերևս սովորականի պես կհեգնեն գավառական Հայաստանն ու էկզոտիկ մի քանի կատակ կանեն կրքոտ հայերի մասին։
Նրանք ասել են, որ Երևանում ցուցադրվողը ներկայացում-խոստովանքն է՝ «մոլորյալ մոսկովյան ոգիների մասին, որոնք լավ կյանք են փնտրում Հայաստանում»։
Ես այս մոլորյալ ոգիներին հայ հասարակությունն ասում է՝ լավաշը (սուրբը) թողեք, եթե լավ կյանք եք ուզում։ Կասե՞ր, եթե լինեին հենց պրոպագանդիստներ։ Թերևս կասեր, բայց ասողներին ուղղորդողները կլինեին այլ խմբեր։
Հակալավաշային այս արշավը թեև ինքնաբուխ էր, բայց նաև ուղղորդվող։ Ռուսաստանի պետության շահերը միշտ պաշտպանող խմբերը, որոնց հաճախ է միանում նաև Հայ առաքելական եկեղեցին, Հայաստանում իրենց թույլ են տալիս սրել այս պատմությունը, քանի որ ռուս դերասանները հստակ քարոզիչներ չեն (դրանքից ոմանք անգամ սպառնալիքներ են ստացել, երբ արտահայտել են պացիֆիստական մտքեր)։
Պետական կառույցների թուլամորթությունը
Հայաստանում կա նաև մեկ այլ գեղեցիկ ու վատ ավանդույթ՝ պետական կառույցները միանգամից նահանջում են, երբ խոսքը հասնում է սրբին ու սրբապղծությանը։ Արվեստի մասին խոսելիս, շատ կառույցներ ընդունում են սրբի ու ազգային արժեքների կողմը, թեև լավ բացատրել, թե դա ինչ է, չեն կարող։
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, որտեղ պետք է տեղի ունենային «Залечь на дно в Ереване» ներկայացումները, միանգամից նահանջեց՝ կարծես բարձր ատյաններից ստանալով հրահանգ հեռու մնալ այս պատմությունից, որն իրականում բավականին սկանդալային է ու նաև քաղաքական։
Թատրոնը տարածեց հայտարարություն, ու ասաց, որ այս ներկայացման պաստառի էսքիզը իրենց հետ չի համաձայնեցվել ու իրենք պատասխանատվություն չեն կրում։ Հետևաբար, թատրոնը սուրբ սիմվոլների կողմնակիցն է։ Անգամ եղան առաջարկներ, որ ներկայացումները պետք է չեղարկել։ Եվ զարմանալի չէ, եթե այդպես էլ լինի։
Նման ավանդույթ վաղուց կա։ ՀՀ մշակույթի նախարարությունը, հիմա ԿԳՄՍ-ի համանուն բաժանմունքը, հաճախ են թատերական իրադարձությունները չեղարկել՝ միայն թե իրենց հասցեին ազգային արժեքները տանուլ տալու մեղադրանքներ չհնչեն։
Տարիներ առաջ անգլիացի դերասանին բեմից հանեցին, քանի որ համարձակվել էր Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի դրոշները մտցնել վարտիքի մեջ։ Հիմա էլ ռուսներն են բեմում լավաշը օգտագործելու որպես սեռական օրգանները փակելու միջոց։
Թատրոնները շատ արագ են նահանջում, ավաղ։ Եվ ամեն առումներով։
Միշտ կողմնակից են արգելելու, փակելու ու վեհ խոսքեր ասելու, և նորից ու նորից ապահով դաշտում մնալու՝ տարեկան արտադրելով սրտին ու մտքին ոչինչ չասող ներկայացումներ։ Նույն այդ սիմվոլիկ շրջանում մնալը իրենց համար ապահով է։ Իսկ ապահով թատրոններ ունեցող հասարակությունը ևս դառնում է փակելու ու արգելելու կողմնակից։
Անգամ եթե ներկայացումը աղբ է ու մաքուր քարոզչություն, այն արգելել սիմվոլների հետ ոչ հարգալից վերաբերմունքի հոդվածով, արդեն կատակերգություն է։ Այո, վատ պաստառ է, հետո՞։
Հարց՝ իսկ եթե մարմնի վրա լիներ ոչ թե լավաշ, այլ ծիրանի ջե՞մ։
Ասենք, Էդեմում Ադամն ու Եվան հանդիպում են ծիրանի ծառի տակ ու ծիրանով էլ պատվում են։ Դա կլինե՞ր սրբապղծություն։
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: