2022.06.01,

Քննադատ

Հայաստանում կիբեր անվտանգությունը այլևս հետաքրքիր է նաև մեծ խաղացողներին

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Մինչև վերջերս Հայաստանում կիբեր հանցագործությունները յուրահատուկ էին։ Դրանք կամ միջազգային մեծ ալիքների հետևանք էին, այսինք, պարզապես մի հարյուր միլիոն մարդու փորձում էին վարակել, ձեռքի հետ էլ թիրախում էին հայտնվում հայաստանցիները։ Կամ դրսից թիմեր էին աշխատում, բայց ոչ կոնկրետ Հայաստանի դեմ։ Կամ էլ ադրբեջանցի, հազվադեպ էլ թուրք հաքերները զբաղված էին վնաս տալով։ 

Դե նաև ներքին շուկայում էին մանր կիբեր ժուլիկություններ, որոնք կային ու կլինեն՝ բարեկամի փոխարեն Ֆեյսբուքով գումար ուզել, էլեկտրոնային դրամապանակի տվյալ փոխանցել և այլն։ 

2020-ին, դեռ մինչև պատերազմը, իրավիճակը սկսեց փոխվել։ Իսկ պատերազմի ժամանակ և դրանից հետո իրականությունն արդեն որակապես այլ էր։ 

Առաջին դիտարկումն այն է, որ փոխվեց ադրբեջանական հաքերային հարձակումների որակը։ Ամենայն հավանականությամբ, դրանց հետևում կանգնած են այլ երկրների մասնագետները, քանի որ փոփոխությունները սահուն չէին։ Չնայած, որ տվյալ պահին ադրբեջանական հաքերային լուրջ հարձակումներ չեն երևում, հարկավոր է հասկանալ, որ վնաս տալու իրենց ունակությունը կտրուկ աճել է։ Ավելի շատ է աճել, քան մեր պաշտպանողական ունակությունները։ 

Երկրորդն այն է, որ պետական համակարգին սկսել է հետաքրքրել տեխնիկական հետախուզությունը, և այս ուղղությամբ իրականացվում են ֆինանսական և տեխնիկական ներդրումներ։ 

Առաջին անգամ է, ինչ մենք ունենք հաստատում, որ Հայաստանը որպես պետություն կիրառում է լրտեսական ծրագրեր (spyware): Խոսքը Predator ծրագրի մասին է, որի կիրառումը երկրի ներսում հաստատել են անկախ երրորդ կողմի կազմակերպություններ։ 

Մինչ այդ գոյություն ունեին ապացուցված դեպքեր Pegasus լրտեսական ծրագրի կիրառման վերաբերյալ։ Եվ այս պարագայում հնարավոր է, որ կիրառվել է ոչ միայն Ադրբեջանի կամ Թուրքիայի, այլ նաև Հայաստանի կողմից (այս հարցում չկան ապացույցներ, միայն կասկածներ՝ կապված թիրախների հետ)։ Ամեն դեպքում, եթե կիրառվում է մեկ ծրագիր, դա արդեն նշանակում է, որ փոխվել է քաղաքականությունը, ինչն էլ նշանակում է, որ այլևս մենք պետք է գիտակցենք, որ ապրում ենք երկրում, որտեղ պետական կառույցների կողմից հնարավոր են հաքերային գործողություններ, նաև՝ երկրի քաղաքացիների, ոչ միայն արտաքին թշնամու դեմ։ 

Երրորդն էլ այն է, որ վերջին երկու տարվա ընթացքում կտրուկ աճել են Հայաստանի դեմ իրականացվող պետական հաքերային (state-sponsored) հարձակումները, որոնց ընթացքում կիրառվում են խիստ խորացված և թանկարժեք մեթոդներ։ Ինչը նշանակում է, որ Հայաստանը դարձել է շատ ավելի կարևոր թիրախ, և խոսքը միայն ադրբեջանական, թուրքական հաքերային խմբերի, այլ հավանական է՝ ավելի լուրջ դերակատարների մասին է։ Բերեմ երկու օրինակ, որտեղ ակընհայտ երևում է, որ Հայաստանում գոյություն ունեն թիրախներ, որոնց դեմ կիրառվում են լուրջ գործիքներ։ 

Մի դեպք հայտնաբերվել է 2020-ի մարտին, երբ պարզվել է, որ ամենահայտնի հաքերային թիմերից մեկը, Turla-ն, որը կապում են Ռուսաստանի Դաշնության հետ, հարձակում է իրականացրել մի քանի կայքերի յուրահատուկ այցելուների դեմ։ Վարակվել են չորս կայք, որոնցից ուշագրավ են ՌԴ-ում Հայաստանի  հյուպատոսությունն ու Արցախի բնապահպանության կոմիտեն։ Հայտնի չէ, թե ում էին կոնկրետ թիրախավորել հաքերները, բայց ակնհայտ է, որ սա լուրջ լրտեսական խաղի մի հատված է։ 

Մեկ այլ դեպքում Գուգլն է հայտնաբերել հարձակումներ կոնկրետ հայաստանյան թիրախների դեմ։ Այս անգամ օգտագործվել են Գուգլի Քրոմ դիտարկչի մեջ անհայտ խոցելիություններ (որոնք, բնականաբար, հայտնաբերումից հետո վնասազերծվել են)։ 

Ըստ Գուգլի, գործել է պետական հաքերային խումբ, որի պատկանելությունը չի նշվում։ Սակայն, պարզ է, որ տվյալ դեպքում նույնպես գործ ունենք խորացված հարձակման հետ, որը դժվար թե ունակ լինեին իրականացնել ադրբեջանական կամ նույնիսկ թուրքական հաքերային թիմերը։ 

Այս բոլոր գործոնները դարձել են պատճառ, որ միջազգային անվտանգության հետ կապ ունեցող կազմակերպությունները սկսել են ավելի շատ անդրադառնալ Հայաստանին։ 

Եվ ուշադրությունը գնալով աճելու է երկու պատճառով։ Մի շարք կազմակերպություններ ուսումնասիրում են տվյալ ոլորտը մարդու իրավունքների խախտման տեսանկյունից։ Մյոսւների համար նման թիրախները կարևոր են անհայտ տիպի վտանգները բացահայտելու տեսանկյունից։ 

Այս երկու կետերով էլ Հայաստանը սկսել է դառնալ ավելի ու ավելի հետաքրքիր երկիր։ 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *