2022.05.17,

Քննադատ

Լքված քաղաքական Թվիթերը

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Սոցիալական ցանցերն այսօր Հայաստանի քաղաքական դիր և ընդդիմադիր վերնախավի համար հիմնական գործիքներից են։ Երևի թե այս նախադասությունը կարելի էր նույնիսկ չգրել, քանի որ այն պարզից էլ պարզ է։ 

Անկասկած Ֆեյսբուքը մնում է ամենասիրված հարթակը։ Չնայած՝ որտեղ ասես, չես գտնի հայաստանյան քաղաքական բովանդակությունը, TikTok-ից մինչև Clubhouse (չնայած, Clubhouse-ի պահով, միգուցե, շատ չափազանցրեցի)։ 

Վերջին տարիներին քաղաքական գործիչներն աստիճանաբար սկսեցին նվաճել Թվիթերը։ Մի կողմից այստեղ հայաստանյան լսարանն էր աճում։ Մյուս կողմից, սա ամենահարմար հարթակն է աշխարհին երևալու համար։ Համ էլ միջազգային քաղաքականության տեսանկյունից Թվիթերն ավելի ոճային է, եթե կարելի է այստեղ այսպիսի եզրույթ կիրառել։ 

Դիտարկենք մեր քաղաքական թվիթերյան լանդշաֆթը։ Ու հաշվի առնենք, որ էջերը շատ տարբեր ոճերի են։ Այսօրվա մեր պատմության մեջ նշենք մի քանի սոցցանցային կանոններ, որոնք հատկապես թվային քաղաքականության մեջ ազդեցություն ունեն․ 

ա․ Սոցցանցերը շախմատի պես են․ կպել ես, պետք է խաղաս։ Եթե սկսել ես էջ վարել, չարժե այն ամիսը մեկ թարմացնել։ Առավելևս, այն լքված թողնել տարիներով։ 

բ․ Պաշտոնական հանդիպումների մասին կայքից կլոնավորված տեղեկատվությունը, երկար-բարակ հայտարարությունները Թվիթերում այդքան մեծ ազդեցություն չեն ունենում, որքան ավելի «կենդանի» և անմիջական խոսքը։ 

գ․ Առավել ազդեցիկ են այն հաշիվները, որոնք վարում են հենց քաղաքական գործիչները, այլ ոչ թե մամլո դիվանի սոցցանցային մարքեթինգի վեզիրի օգնականները։ 

Իսկ այժմ անցնեք մեր քաղաքական թվիթերյան էջերով (ցանկը ամբողջական չէ, այլ պատկերացում կազմելու համար է։ Ցանկը նաև կազմված է քաոտիկ դասակարգմամբ, ըստ հեղինակի ինտերնետային դիտարկչում բացվելու հերթականության)։

«Քաղաքացիական պայմանագիրը» 2019 թվականի ավարտից չի թարմացնում էջը։ Թե ինչ է փոխվել այդ պահից, հասկանալի չէ։ Իմիջիայլոց, նույն ժամանակ էլ դադարել է ակտիվ լինել «Իմ քայլը» դաշինքի էջը։ 

«Հայաստան» դաշինքի էջը բավականին ակտիվ է։ Այստեղ հետևորդների թիվը շատ մեծ չէ, 800-ից մի քիչ ավել։ Սակայն, և էջն է ակտիվ լուսաբանում ընթացիկ բողոքի ակցիաները, և հետևորդների կողմից կա որոշ ակտիվություն։ 

«Պատիվ ունեմ» դաշինքն ունի 14 ընթերցող ունեցող, անցյալ ամառվանից հետո չթարմացվող մի էջ։ 

ՀՅԴ պաշտոնական էջն ունի 1600-ից ավելին հետևորդ։ Ինչը ինքնին մեծ թիվ չէ, հաշվի առնելով այն, որ սփյուռքը շատ երկրներում ավելի մեծ ներկայություն ունի Թվիթերում։ Բացի դրանից, լսարանը շատ պասիվ է, ամեն գրառում ունենում է մի քանի ներգրավում, այն էլ հիմնականում նույն մարդկանց կողմից։ 

Ռոբերտ Քոչարյանը ունի բավականին ակտիվ անգլալեզու էջ։ Բայց անհասկանալի պատճառով ինչ Հայաստանում սկսել են բողոքի ակցիաները, էջը չի թարմացվում։ 

Արթուր Վանեցյանը դադարել է թարմացնել հաշիվը պատերազմից հետո։ 

Նիկոլ Փաշինյանը ունի շատ ակտիվ, մեծ լսարանով, խիստ պաշտոնական բնույթի էջ։ Որն ամբողջությամբ աշխատում է դրսի լսարանի համար և անդրադառնում է միայն արտաքին հարաբերություններին։ 

Աննա Հակոբյանը 2020 թվականի վերջից էջը չի թարմացնում։ 

Ալեն Սիմոնյանի էջը ակտիվ է։ Բայց վերջին տարվա ընթացքում ինքնուրույն վարվողից վերածվել է մամլո հաղորդագրությունների ու հայտարարությունների տարածման հարթակի։ 

Հակոբ Արշակյանի էջը, կարծես, վարում է ինքը։ Ու թարմացումներն անում է այնպես, որ հանկարծակի մեկ ամսվա մեջ երկու գրառում չլինի։ 

Էդմոն Մարուքյանը ունի ակտիվ թարմացվող, ամենայն հավանականությամբ, ինքնուրույն վարվող էջ։  

Նախագահ Վահագն Խաչատրյանի էջը, որի վրա հղումը տեղադրված է պաշտոնական կայքի վրա, ընդհանրապես գոյություն չունի։

Սերժ Սարգսյանը թվիթերյան հաշիվ չունի։ Առնվազն իր պաշտոնական կայքում չկա նման հղում։ Մնացած էջերը, այսպիսով, չենք կարող ընկալել որպես իր անձի հետ կապված։ 

Ընդհանրացնելով, կարելի է ասել, որ շատ, շատ խառն է քաղաքական էլիտար Թվիթերը Հայաստանում։ Ստաբիլ, կայուն պաշտոնական ոլորտում արդեն տարիներ շարունակ, անկախ կառավարության կազմից, Թվիթերում ներկայացված է մնում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ոլորտը։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *