2022.04.25,

Քննադատ

Հիբրիդային լրագրության զոհը ճշմարտությունն է

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Արդյո՞ք հնարավոր է ստանալ ամեն ինչի մասին օբյեկտիվ տեղեկատվություն։ Օբյեկտիվ, ճշգրիտ, օպերատիվ, և այս ամենը մեկ փաթեթում։ Ասում են, Էսքիլեսը ժամանակին ասել է, որ պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է։ Քանի որ մենք հիմա ապրում ենք չդադարող հիբրիդային պատերազմի ժամանակ, ստացվում է, որ ճշմարտությունը ոչ միայն առաջին, այլ մշտական զոհն է։ 

Դեռ մի քանի տարի առաջ, կարծում եմ, նման հարց շատերի մոտ ոչ էլ առաջանում էր։ Մարդկանց մեծ մասը պարզապես գոհ էր եղած իրավիճակից, լուրջ չէր էլ խորանում, թե որքանով է տեղեկատվությունը ճշգրիտ կամ օպերատիվ։ 

Այն կար, և հնարավորություն էր տալիս հետագայում խոհանոցներում քննարկել, ասենք, Ավստրիայի արտաքին քաղաքանության հետևանքները Բանգլադեշում։ Եվ ընդհանրապես, հանրային դիսկուրսում գոյություն չուներ ֆեյքերի շուրջ աղմուկ, ավելին, մարդիկ չէին ընկալում այդ կեղծիքների հետ կապված վտանգները։ 

Պատերազմները, համաճարակը, նորից պատերազմները, հետո քաղաքական քաոսը, հետո կրկին պատերազմները այս ամենը հանգեցրին ավելի ու ավելի սուր ընկալման, որ տեղեկատվությունը զենք է։ Առնվազն, պաշտպանողական։ Որ օբյեկտիվ, ճշգրիտ տեղեկատվությունը հաճախ կարող է որպես պատվաստանյութ գործել բազմաթիվ հասարակական չարիքների դեմ։ Եվ հակառակն էլ է ճիշտ այն կարող է դառնալ հարձակողական զենք և ունենալ կործանիչ հետևանքներ։ 

Եկեք համաձայնենք, որ մինչև ապրիլյան պատերազմը Հայաստանում շատ քչերն էին լուրջ ընդունում տեղեկատվական պատերազմը որպես լուրջ վտանգ։ Նույն 2016 թվականին ԱՄՆ-ում նորընտիր նախագահ Թրամփը ասպարեզ նետեց ֆեյքի գաղափարը, որն արդեն տարբեր տեսքով սկսեց շրջանառվել ամենուր։ 

Իհարկե, Թրամփը չէր, որ հորինեց այդ բառը կամ գաղափարը։ Բայց նա ֆեյքը դարձրեց հանրային, քաղաքական երևույթի հիմք, մեղադրանք, պիտակ։ Ու հիմա արդեն հասարակ մի երևանյան կամ հրազդանյան բակում մի քաղաքացի մյուսին կարող է ֆեյք անվանել, և այս մեղադրանքի մեջ բազմաթիվ իմաստային շերտերը կընկալեն բակում բոլոր հավաքվածները։ 

Հիմա մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ տեղեկատվական կամ հիբրիդային պատերազմն արդեն սովորական երևույթ է։ 

Եվ ինչպես լրագրողն է մասնագիտություն, այնպես էլ տեղեկատվական պատերազմ վարելն է դարձել մասնագիտություն, դուրս եկել նեղ, հատուկ ծառայությւոնների նկուղներից, դարձել տարածված մի երևույթ։ 

Փաստացի, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ իրար դեմ պայքարում են մի կողմից պրոֆեսիոնալ լրագրողները, փաստեր ստուգող կազմակերպությունները և անհատները, մյուս կողմից՝ անբարեխիղճ լրագրողները, պրոֆեսիոնալ քարոզիչներն ու կեղծարարները, հատուկ ծառայությունները և այս ամենը ֆինանսավորող քաղաքական և տնտեսական տարբեր շրջանակները։ 

Ռուս-ուկրաինական պատերազմը, կարծես թե, վերջնականորեն լուծում տվեց այս վերջին տարիներ գրեթե ամենուր իրականացվող հակամարտությանը։ 

Լրագրությունը պարտվեց քարոզչությանը։ 

Աշխարհում գրեթե չի մնացել լրատվամիջոց, որը երանգավորված չներկայացնի լրահոսը։ Վերնագրերից սկսած մինչև բովանդակություն ամեն ինչից ներծծված քարոզչության հոտ է գալիս։ Անկողմնապահության, անկողմնակալության բացակայությունը ստեղծում է վախի մթնոլորտ լրատվական դաշտում։ 

Մի տեղ դա արվում է պարզապես կոպիտ, բռնապետական օրենքի ուժով, մյուս տեղ՝ հանրային ճնշման տակ։ Բայց ի՞նչ կապ ունի տվյալ դեպքում պատճառը, եթե հետևանքը մոտավորապես նույնն է։ 

Փաստեր ստուգողների ձայնը այլևս կորչում է ահռելի քանակի կեղծիքի մեջ։ Բայց ամենակարևորը կեղծիքը չէ, այլ այն, որ հանրային ընկալումն այնքան բևեռացված է, որ չի էլ պահանջում ստուգված փաստեր։ Մարդկանց հարկավոր են այն փաստերը, որոնք հարմարվում են ստեղծված պատկերացումների մեջ։ Ճիշտ են, թե սխալ այդքան էլ կարևոր չէ։ 

Իսկ ամենաողբալին այս ամենի մեջ մեր հայաստանյան հասարակության վիճակն է։ Մեզ նույնիսկ մեր մասին հասնում են չորս-հինգ ձեռքով անցած աղավաղված նորություններ։ 

Ու մեզ պարացնում են անհայտ անկյուններից դուրս պրծած տելեգրամյան ալիքների ադմինները։ Քանի որ մենք արդեն պոստմոդերնն ու post-truth-ը  տրորելով անցել ենք, հայտնվել ենք բոլոր պոստերից այն կողմ։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Հիբրիդային լրագրության զոհը ճշմարտությունն է”
  1. anahit says:

    I laik play games

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *