2022.04.05,

Քննադատ

Ինչպես կողմորոշվել Տելեգրամով տարածվող տեղեկատվական հոսքում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Տելեգրամը Հայաստանում շարունաում է մնալ ամենաակտիվ ներբեռնվող հավելվածների շարքում Հայաստանում։ Անցյալ տարի այն արդեն դարձավ ամենատարածված մեսենջերը Հայաստանում։ Իսկ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով հետաքրքրքությունը դեպի Տելեգրամ էլ ավելի աճեց։ Ու այս անգամ ավելի շուտ որպես տեղեկատվական հարթակ և սոցիալական ցանց, քան որպես բուն մեսենջեր։ 

Այս հետաքրքրության աճն էլ իր յուրահատուկ վտանգներն ունի։ Որպես սպառող մենք պետք է հասկանանք, թե ինչպես օգտվենք հենց այդ հարթակից, ինչով է այն տարբերվում մնացած սոցիալական մեդիա ցանցերից։ Որո՞նք են այդ յուրահատկությունները որոնց հետ պետք է հաշվի նստենք․ 

ա․ Տելեգրամը գրեթե չի մոդեռացվում։ Շատ տեսանյութեր, որոնք այլ սոցցանցերում իրենց դաժանության պատճառով մեծ հավանականությամբ կարգեափակվեին, այստեղ ազատ տարածվում են։ Եվ մարդ պետք է գիտակցի, որ ինքը Տելեգրամում կարող է հանդիպել չմոդերացված, չֆիլտրված լուսանկարների և տեսանյութերի։ Սա նաև հարկավոր է հասկանալ անչափահասների կողմից Տելեգրամի օգտագործան դեպքում։ Այս մեսենջերը երեխաների շրջանում այդքան էլ տարածված չէ, սակայն հարկավոր է հասկանալ, որ ցանկության դեպքում Տելեգրամում անչափահասները կարող են հանդիպել կամայական վտանգավոր բովանդակության։ 

բ․ Տելեգրամում անանուն լինելը ավանդական խրախուսվող երևույթ է։ Բազմաթիվ ալիքների ադմիները թաքնված են։ Այնպես որ հարկավոր է հասկանալ, որ կամայական տեղեկատվական ալիքի հետևում կարող է կանգնած լինել դպրոցական, հատուկ ծառայությունների գործակալ կամ անառողջ աշխարհայացքի կրող մեկը, որի իսկությունը գրեթե անհնարին է պարզել։ Նշենք, որ Տելեգրամում արդեն գոյություն ունեն ստուգված ալիքներ, որոնց ադմինների իսկությունը հենց մեսենջերի տնօրինությունը ստուգել է։ Դրանք, ինչպես այլ սոցցանցերում պիտակավորվում են երկնագույն նշանով։ 

գ․ Տելեգրամում գործում են բազմաթիվ քարոզչական ցանցեր, որոնք աշխատում են տարբեր երկների շահերի համար։ Օրինակ, հայկական անվանումով, կամ ազգանունով ալիքը շատ հեշտ կարող է լինել Հայաստանի անվտանգության դեմ աշխատող աղբյուր՝ սպասարկող այլ երկրի շահերը։ Պետք չէ կամայական ծանոթ անվանում ունեցող ալիքի միջոցով տարածվող տեղեկատվությունը ընդունել որպես փաստ կամ օբյեկտիվ կարծիք։ 

դ․ Որպեսզի ինքնուրույն կարծիք կազմեք, թե այս կամ այն տելեգրամյան ալիքը որքանով է ինքնուրույն, կամ թե հանդիսանում է ինչ-որ մի մեծ տեղեկատվական ցանցի մաս, կարելի է օգտվել մի շարք գործիքներից։ 

Այսպես, TGStat կայքի միջոցով հնարավոր է տեսնել, թե տվյալ ալիքի վրա որ ալիքներն են հիմնականում հղում տալիս, որ գրառումներն են տարածում։ Նաև հնարավոր է տեսնել, թե հիմնականում, որ այլ ալիքներին է հղում տալիս այս աղբյուրը։ Սա հաճախ թույլ է տալիս հասկանալ, որ տվյալ ալիքի ադմինները, մի շարք այլ ալիքների հետ միասին, ներգրավված են տեղեկատվական, քարոզչական գործողությունների մեջ ։ 

Մեկ այլ հարթակ, Telemetr, ունի ավելի մանրամասն բովանդակային բաժանումներ, օրինակ, այստեղ կարելի է գտնել հիմնական այն ալիքները, որոնք ներկայանում են որպես հայկական կամ ադրբեջանական։ 

Ամեն դեպքում, հիմա Տելեգրամը մի կողմից լավագույն տեղեկատվական աղբյուրներից մեկն է: Մյուս կողմից, հարկավոր է շատ լուրջ մոտենալ այնտեղ աղբյուրների ստուման հարցին։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *