2022.03.21,

Քննադատ

Լրագրության անցյալից․ Պողոս Պողոսյանի սպանության հերքումը

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

2004-ի դեկտեմբերի 11-ին լույս տեսավ «Տարեգիր» էլեկտրոնային օրաթերթի 4 էջանոց ներդիրը «Առավոտում»: Հայ մամուլի պատմության մեջ չտեսնված դեպք, երբ «գրավոր» լրատվամիջոցը հիմնադրումից երեք տարի անց է ներկայանում տպագիր տարբերակով: Առաջին էջերում աչքի էին զարնում տարբեր օրերի խոսուն վերնագրերով մի քանի խմբագրականներ, որոնց հեղինակը Արմեն Շեկոյանն էր: 

«Տարեգիրի» խմբագրակազմը 

«Տարեգիրի» համեստ տարեդարձը նշեցինք «Երևան» հյուրանոցի նախասրահում: Հրավիրել էինք մեր գործընկերներին այլ լրատվամիջոցներից: Քաղաքական դեմքեր գրեթե չկային՝ միայն իմ մի քանի ընկերներն էին, որոնք առհասարակ կապ չունեին «Տարեգիրի» հրատարակման հետ: Ամենքի համար հաճելի անակնկալ էր տպագիր «Տարեգիրը», որի մեջ զետեղված էր ծաղկաքաղ վերջին մի քանի օրերի նյութերից, նաև՝ ընթացիկ լուրեր, ռեպորտաժներ, մեկնաբանություններ և այլն: Այստեղ ևս իր պատվավոր տեղն ուներ իմ «Վարկածը»: 

Մեկանգամյա այդ ներդիրը չէր ազդարարում լրատվամիջոցի տպագիր տարբերակի հայտնությունը: Դա տեղի էր ունենալու հաջորդ տարվա աշնանը, երբ միջոցներ հայթայթեինք խմբագրությունն ընդլայնելու, տպագրության ծախսերը հոգալու համար: 

Բայց մինչև տպագրվելը taregir.am կայքը հասցրել էր հայտնվել սկանդալային պատմության մեջ:

Խիստ հավաստի աղբյուրներից տեղեկություն էր փոխանցվել մեր լրագրողներից Լիլիթ Սեյրանյանին, թե Պողոս Պողոսյանի եղբորը՝ Անդրանիկ Պողոսյանին, իշխանությունը կաշառել է, որ չաղմկի ու չբողոքի եղբոր սպանության գործի դատաքննությունից: 

Կայքում հրապարակեցինք այդ տեղեկությունը, բնականաբար՝ առանց նշելու աղբյուրը: Խոսքը, որքան հիշում եմ, 90 կամ 100 հազար դոլար կաշառքի մասին էր, որը, ըստ մեր լրագրողին հասած լուրի, նախագահականից ուղարկվել էր Անդրանիկ Պողոսյանին, որ նա փակի սպանված եղբոր պարտքերը: Լուրը, ընդ որում, փոխանցվել էր մերձիշխանական շրջանակներից: 

Անդրանիկ Պողոսյանը, ծանոթանալով այդ հրապարակմանը,  դատական հայց էր ներկայացրել «Տարեգիրի» դեմ, որով պահանջում էր բացահայտել տեղեկատվության աղբյուրը և հերքել լուրը:

Դատական նիստերը վերածվեցին գրեթե մասխարության: Նիստերից առաջ և հետո Պողոս Պողոսյանի եղբայրը երկար զրուցում էր լրագրողների հետ, բերում փաստարկներ, խոսում իր ապրումներից, արդարանում և ընդվզում, թե ինքը չի վաճառել իր եղբոր արյունը… Բավականին մութ ու խորհրդավոր այդ պատմությունն ավարտվեց կոմպրոմիսային լուծումով՝ մենք ոչ մի աղբյուր էլ չբացահայտեցինք, բայց պարտավորվեցինք հրապարակել հերքում… 

Այդ «հերքում» ասվածը, սակայն, չափազանց օրիգինալ ստացվեց. ելնելով դատական իշխանության հանդեպ անհուն պատկառանքից՝ մենք հերքեցինք ոչ միայն կաշառքի մասին մեր հրապարակած տեղեկությունը, այլև սպանության ամբողջ պատմությունը՝ ծայրեիծայր, ամենայն մանրամասնությամբ… Հերքեցինք, որ չարաբաստիկ այդ օրը «Պապլավոկում» նման միջադեպ է եղել, թե ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանը, տեսնելով Ռոբերտ Քոչարյանին, ասել է՝ «Պրիվետ Ռոբ», և Պողոս Պողոսյանին Քոչարյանի թիկնապահները տարել են զուգարան ու ծեծելով սպանել… 

Ես արդեն հրաժեշտ էի տվել «Այբ-ֆե»-ին, որը ամենօրյա հրատարակման ռեսուրսներ չունենալով՝ սկսել էր լույս տեսնել շաբաթական պարբերականությամբ: «Այբ- ֆե»-ի ռիթմից այս նահանջը տրամաբանական հակասության մեջ էր նախ և առաջ թերթի անվանման հետ. որը հասարակության ընկալումներում աղերսվում էր այդ օրերի ամենաօպերատիվ լրատվությանը, և շաբաթական «Այբ-ֆե»-ն ինձ համար այնքան էլ հասկանալի չէր: 

Այդ տարիներին ներքաղաքական վիճակը պակաս լարված չէր, իշխանության և ընդդիմության հակասություններն էլ պակաս սուր չէին, բայց լրագրողների ու իշխանավորների, լրագրողների ու քաղաքական գործիչների փոխհարաբերությունները բավական բարեկիրթ էին: Պատճառը թերևս այն էր, որ լրագրողները առիթներ չէին փնտրում կոնֆլիկտներ հրահրելու, իշխանավորներին կամ քաղաքական գործիչներին վերջին բառերով «նախշելու», պիտակավորելու կամ ծաղրելու: Բողոքի բոլոր արտահայտություններն ընթանում էին քաղաքակիրթ ցույցերի ու ակցիաների միջոցով:

Դժգոհության և բողոքի մեծ ալիք էր առաջացրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքը, որը ընդունվեց 2003-ի վերջին և որտեղ տարընթերցումների տեղիք էին տալիս, մասնավորապես, տեղեկատվության աղբյուրի բացահայտման պահանջի ձևակերպումը, տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության տարածման խիստ սահմանափակումը, նաև պատկառելի ծավալ էր զբաղեցնում  հերքման պահանջի վերաբերյալ հոդվածը: Բոլոր հիմքերը կային՝ ենթադրելու, որ իշխանությունը օրենքը կարող է գործածել որպես մահակ՝ անցանկալի լրատվամիջոցներին հարկ եղած պահին սաստելու:

Այսուհանդերձ՝ որքան զուսպ էին լրագրողները իշխանավորների հետ փոխհարաբերություններում ու բողոքի ակցիաների ժամանակ, նույնքան անթաքույց էր իշխանական շրջանակների քամահրանքը կամ հակակրանքը չորրորդ իշխանության հանդեպ: Ի դեմս ոչ յուրային լրագրողների՝ իշխանությունը տեսնում էր չարակամների և իրենց անդորրը խանգարողների: Ու պատահական չէ, որ 2004-ին՝ ապրիլի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում ոստիկանական ուժերը նույն այդ իշխանության հրահանգով իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողներին մահակներով ծեծեցին արյունլվա անելու աստիճան: Պարզապես ահաբեկելու, հնազանդեցնելու, գուցե դուրները չեկած մի տողի կամ բառի համար մուռ հանելու նպատակով: 

«Հայկական Ժամանակ»-ի լրագրող Հայկ Գևորգյանը, որը ծեծի էր ենթարկվել 2004թ․ ապրիլի 13-ին Երևանի Բաղրամյան պողոտայում։ Լուսանկարը՝ «Հետք»-ի կայքից

Առհասարակ, 2004-ի ապրիլի 12-13-ի իրադարձությունները՝ «Վստահության հանրաքվեի» (որի պարտավորությությունն, ի դեպ, Սահմանադրական դատարանի որոշմամբ ստանձնել էր իշխանությունը) պահանջով խաղաղ ցույցի մասնակիցների վրա բարբարոսական գրոհը, դրան հաջորդած հաշվեհարդարները ընդդիմադիրների նկատմամբ, բռնությունները, ձերբակալություններն ու խոշտանգումները կարելի է համարել բռնապետական իշխանության գլխավոր զորավարժությունը առաջիկա մեծ «ճակատամարտին» ընդառաջ: Առայժմ գերխնդիրը այդ «ճակատամարտը» հնարավորին չափ հետաձգելն էր, բայց որ դա անխուսափելի էր՝ ոչ ոք չէր կարող ժխտել… 

Եվ հնարավոր եղավ հետաձգել այն մինչև 2008-ի մարտի 1-ը: 

Ընդդիմությանը ճիշտ այդքան ժամանակ էր պետք ապրիլյան ծեծուջարդից ուշքի գալու, նոր ռազմավարություն մշակելու, կորցրած դիրքն ու հեղինակությունը վերականգնելու, ի վերջո՝ որակական արմատական փոփոխություններ կրելու և այլ դեմքով ներկայանալու համար: Մինչ այդ ամենքն էին հասկանում, որ հասարակության վստահությունը կորցրել է ոչ միայն իշխանությունը, այլև այդ իշխանության սահմանած կանոններով դեպի անէացում գնացող և սահմանադրական ճանապարհով որևէ փոփոխութուն անելու անընդունակ ընդդիմությունը: 

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *