Այսօր հետաքրիր մեդիա բովանդակությունը մի կողմից քիչ չէ։ Մյուս կողմից՝ այն թաղված է չափից շատ անիմաստ, կեղտոտ, անհեթեթ նյութերի մեջ։ Գտնել հետաքրքիր աղբյուր, այն էլ՝ անընդհատ թարմացվող և չհիասթափեցնող, այսօր թանկ արժե։
Հայաստանում սա առավելևս կենսական հարց է, քանի որ ներկա տեղեկատվական մեդիա տխրության մեջ մենք հոգեկան առողջության խնդիր ունենք, բացի զուտ իրազեկված լինելուց։
Այսօր հանդիպում ենք մի քանի տեսակի հետաքրիր, կշտացնող բովանդակություն (իհարկե, տեսակները անհամեմատ շատ են, բայց մի կողմ թողնենք փոքր լսարան ունեցողներին, շատ նեղ մասնագիտականներին և փողոցային լուսանկարչությունը)։
Լոնգրիդներ։ Որոնք Հայաստանում, համաձայնեք, քիչ են։ Իսկ հետաքրքիրները էլ ավելի սակավաթիվ են։ Իսկ լոնգրիդ ընթերցողներին արդեն հարկավոր է Կարմիր գրքից էլ դուրս մի տեղ գրանցել՝ վերացման եզրին հայտնվելու պատճառով։
Բլոգային հետաքրքիր գրառումներ։ Որոնք լոնգրիդների հեռավոր բարեկամներն են։ Գրեթե ոչնչացված Հայաստանում։
Տիկտոկային անսպասելի լավ տեսանյութեր։ Այո, լինում են, հանդիպում են։ Քիչ, բայց կան։ Ավելին, կարող է թվամ անհաջողակ լավատես, բայց, կարծում եմ, թիվը աճելու է։
Փոդքասթներ (հանդիպում են նաև պոդկաստներ, փոդկաստներ, պոդքաստներ)։ Այստեղ կանգ առնենք մի քիչ երկար։
Առաջինը, նշենք, որ փոդքասթ ասելիս այլևս անպայման չէ պատկերացնել զուտ աուդիո ֆորմատով թողարկումներ։ Այս ամենը շատ սիրուն տեղավորվում է նաև տեսանյութային տարբերակում։ Արդեն ով ոնց կուզենա կսպառի։ Փոդքասթների հարցում (և ավելի լայն, վիդեոբլոգների) Հայաստանում իրավիճակը շատ հետաքրքիր և տարօրինակ է միաժամանակ։
Ինչու՞։
Ասեմ։ Մի քանի դիտարկումներ բերեմ, որ պարզ լինի։ Մի կողմից, Յություբում, որը շատ լավ աճում է Հայաստանում, վերջին մեկ տարում դիտվում է ընդհանուր ընկճվածություն, դիտումների անկում, բոլոր հնարավոր տեմպերի նվազում։ Խոսքը հայաստանյան լրատվականների ալիքների մասին է։ Նույնը հիմնականում դիտվում է յություբյան հայտնի վլոգերների մոտ։ Չնայած, որ լսարանը աճում է, դիտումները մեծամասամբ կամ չեն աճում, կամ նույնիսկ նվազում են։
Պատճառներից մեկն ակնհայտ է․ ՏիկՏոկը գողանում է Յություբի լսարանը։ Իսկ բովանդակություն արտադրողները ստիպված գնում են ՏիկՏոկ ու բնականաբար Ինստագրամի ռիլսեր։
Բայց հարցն այն է, որ յություբյան և տիկտոկյան բովադակությունները տարբերվում են նույն վլոգերների մոտ։ Երկու հասկանալի պատճառով․ տեսանյութերի կարճության և լսարանի պահանջների տարբերության։
Իսկ հասարակության մոտ կա պահանջ ստանալու հետքրքիր, ոչ զուտ լրատվական բովանդակություն։ Իհարկե, հնարավոր է եզրափակվել Փերֆեքթ TV-ով կամ նմանատիպ սյուռեալիստական բովանդակությամբ։ Բայց հասարակության զգալի հատվածը այդքան էլ անմխիթար չէ։
Մեծ հաշվով հիմա մենք ունենք իրավիճակ, որտեղ
- Գոյություն ունեն հետաքրքիր փոդքաթներ և բլոգներ։ Բայց դրանք հաճախ ամիսներով չեն թարմացվում։
- Կան մի քանի հաջողված օնլայն հարցազրույցների ծրագրեր։ Բայց Հայաստանի խնդիրն այն է, որ բնակչությունը սակավաթիվ է, հետաքրքիր զրուցակիցների քանակը մեղմ ասած վերջանալի է։ Քանի որ նման երկխոսությունները հիմնականում կյանքից խոսակցություններ են, այլ ոչ մասնագիտական, թեմաները արագ սպառվում են։
- Որպես հետևանք մարդիկ գնում են դեպի արտասահմանյան բովանդակություն, հիմնականում ռուսալեզու։
Կարող է թվալ, որ իրավիճակը վատթարանում է։ Բայց այն նաև մեծ հնարավորություններ է ստեղծում, կարծես, լինի իրական լայֆքոուչինգ հեքիաթում։
Հասարակության մեջ կա հետաքրքիր բովանդակության հստակ պահանջ։ Խնդիրը միայն այն է, որ բովանդակություն ստեղծողները պետք է մի քիչ եռանդ ունենան արտադրելու այն ու հաշվի նստել այսօրվա լսարանի պահանջների հետ։
Եվ, իհարկե, հարկավոր է, որ վերաբաշխվեն գովազդային բյուջեները։ Սա ավելի բարդ խնդիր է, քանի որ գովազդատուները Հայասանում կա՛մ նստել են հին ավանդական թերթերում խաչբառի և լողազգեստով աղջնակի նկարի կողքին հայտարարություն տեղադրելու վրա, կա՛մ անցել են ինֆլյուենսեր մարքեթինգի «ֆայլա-բազարային» տարբերակի։ Ինչը քիչ տեղ է տալիս լավ, որակյալ բովանդակությանը։
Մխիթարում է այն, որ Հայաստանում ձևավորվում է հետաքրքիր թվային մարքեթինգի երիտասարդ մասնագետների շերտ, որը ունակ կլինի վերաբաշխել գովազդային բյուջեները դեպի որակյալ բովանդակության արդարություն։ Ունակ կլինի, բայց կցանկանա, թե ոչ, շուտով կտեսնենք։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: