2021.12.16,

Քննադատ

Ընտանեկան ու կուսակցական լրատվամիջոցների խաչը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնվել է լուրջ մեդիաարշավի կիզակետում։ Մեղադրանքները նրա հասցեին իրականում ոչ թե լուրջ են ու կոնկրետ, այլ կուսակցական խաղի կանոնները խախտելու մասին հայտարարություններ են։ 

Օրինակ, ձախողումների մասին փաստերը փոխարինվում են ավելի շուտ ՔՊ-ի հետ սոլիդարության խզման լուրերով (որ նա հանդիպել է գեներալների, չի սատարել իրեն առաջադրած կուսակցությանը, վաղուց էր ուզում հեռանալ պաշտոնից և այլն)։

Կուսակցական մեղադրանքները դարձան հիմք, որ Երևանի ավագանին ձեռնարկի Մարությանին պաշտոնից զրկելու քայլեր։

Բնական է, որ երբ չկան իրական հիմքեր, հարկավոր է որքան կարելի է ինտեսիվ կերպով փոքր հարվածներով հասարակությանը ընտելացնել, որ քաղաքապետ է փոխվելու, քանի որ նա վատն է։ Ընդ որում՝ ոչ թե վատ է աշխատել, այլ վատն է։ Ասենք, անշնորհակալ։

Մեդիա հարձակումները նրա հասցեին հենց այս կետում են․ Մարությանը չի գնահատում կուսակցական կապերը։ 

Օրինակ, կարող էին ասել, որ Մարությանը չի կատարել խոստումները (Օպերայի շրջակայքը այդպես էլ չմաքրվեց շինություններից, ապօրինի շինությունները չդադարեցին և այլն), բայց նրա դեմ սկսված մեդիաարշավը, որն անթաքույց կերպով ուղղորդում են կուսակցական ու պետական տարբեր պաշտոններ զբաղեցնող մարդկանց ընտանեկան լրատվամիջոցները, այնքան պարզունակ ու մակերեսային է, որ նույնիսկ կարելի է զարմանալ։

Ի վերջո, պետության կարևոր հենասյուները կոմպետենտ ու իրականում անկախ կազմակերպություններն են՝ համալսարան, լրատվամիջոց, դպրոց, թատրոն, ակադեմիա և այլն։ Եվ եթե կուսակցական քամիները հեշտությամբ քանդում են այդ կառույցները, ինչպես երեք խոզուկների տնակները, ուրեմն հեքիաթի լեզվով ասած՝ քանդողը քայլն է։

Ու նա էլ քանդում է ոչ միայն քաղաքապետի բավականին բարձր վարկանիշը, այլև հողին է հավասարեցնում իր թևի տակ աշխատող լրատվամիջոցների իմիջը։ 

Գրպանային մեդիա

Հայաստանի մեդիա տարածքում վաղուց արդեն կայուն տեղ ունեն գրպանային լրատվական հարթակները, որոնք տարբեր տեղեկատվական նետումներ են կատարում ի շահ իրենց գրպանի տիրոջ։ 

Սա սովորական ու գեղեցիկ ավանդույթ էր մինչև վերջերս, քանի որ հաճախ փող ու իշխանություն ունենալու ձգտող մարդը հասկանում էր, որ լավ է, երբ գրպանումդ ոչ միայն փողով լի քսակ է, այլև ինֆորմացիոն խողովակ։ Ու այդ խողովակը բացվում ու փակվում է, երբ պետք է։ Եվ այդտեղից թափվող լուրերն ունեն նպատակ՝ գովելու կամ փնովելու գրպանի տիրոջ նախասիրությունների համաձայն։

Ու թեև «գրապանային մեդիա» տերմինը գոյություն չունի, բայց լսարանը շատ լավ պատկերացնում է, որ հարցը, թե ու՞մն է գրպանը, թույլ է տալիս հասկանալ, թե ինչ տիպի ինֆորմացիա է այնտեղից դուրս գալու։  

Շատ լրատվական գրպան-հարթակներ մինչև վերջերս համարվում էին հաջող բիզնես մոդել։ Ինչու՞ ծախսել գումար համագործակցելու համար տարբեր լրագրողների ու լրատվամիջոցների հետ, եթե կարելի է սեփական տեղեկատվական խողովակը բացել ու պարբերաբար բանեցնել։ 

Բայց հիմա ժամանակն է ընդունելու, որ նման լրատվական հարթակները ավելորդ ծախս են ու չհիմնավորված ներդրում, քանի որ հարթակի իմիջը (գրպանի տիրոջ կերպարով պայմանավորված) այլևս թույլ չի տալիս լինել լուրջ գործոն մեդիա դաշտում։ 

Ու շատ ավելի արդյունավետ է ոչ թե մեկ խողովակով գովել կամ փնովել, այլ օգտագործել որքան կարելի է մեծ տեղեկատվական տարածք։ Կաթիլ առ կաթիլ, այլ ոչ թե շիթերով, հոսքերով ու գետերով։ 

Հիմա հակամարությանական տեղեկատվական գետը ավելի շատ վնասում է ՔՊ-ին, դա ուղղակի ամոթալի ու ծիծաղելի գետ է՝ վատ շարադրանքով ու դավադրական վարկածներով։ 

Եվ եթե մեդիաարշավ է ընդդեմ քաղաքապետի, կարելի էր գոնե մի քանի կոնկրետ չարաշահումների ու ստվերային պայմանավորվածությունների մասին փաստեր գտնել ու դրանք մատուցել ոչ թե երկու-երեք կուսակցական խողովակով, այլ վիրուսային տարբերակով՝ բազմաթիվ կաթիլների տեսքով։ 

Իսկ այսպես ստացվեց, որ կուսակցության հետ առնչվող մեդիան իբրև թե արտահոսք է անում և ինքն էլ պարծենում է, որ ճիշտ է գրում։  

Ընտանեկան մեդիա

Ավելի բարդ վիճակում են այն լրատվական հարթակները, որոնք կուսակցական լինելուց բացի, ընտանեկան բիզնես են։ Ընտանեկան շահերը մի տարօրինակ հատկություն ունեն՝ դրանք ամուր ու հավերժական են (իհարկե, բացառելով ապահարզանի դեպքերը)։ Ընտանիքը սրբություն է ու շահարկման լավ առիթ, բավական է հիշել հեղափոխությունից հետո շրջանառվող «պետությունն իմ օջախն է, ժողովուրդը՝ ընտանիքը» կարգախոսը։

Իշխող քաղաքական թիմը գտնում էր, որ պետության հիմքը «օջախը», «ընտանիքն» են և ուժեղ ընտանիք ունենալու պարագայում մենք կունենանք ուժեղ պետություն։ Հետաքրքիր է, որ վերջին երկու տարում տեղի ունեցավ լրիվ հակառակը՝ պետությունը ձախողվեց, իսկ միակ ամուր օղակը, որը շատ դեպքերում կատարում էր պետության գործառույթը (ասենք, միավորվելու ու արագ գործելու) բարեկամական, ընկերական ու ընտանեկան խմբերն էին։

Պետությունը պիտի լիներ ընտանիքների բարեկեցության երաշխավորը և ոչ թե նույնանար ընտանիքի հետ։ Մի պարզ պատճառով՝ պետության ու ընտանեկան շահերը նույնը լինել չեն կարող, քանի որ ընտանիքները տարբեր են ու բազմազան, իսկ պետությունը վերընտանեկան համակարգ է։ 

Ավելին՝ պետությունը անդեմ է ու հակադրվում է ընտանեկան հիերարխիկ կապերին (նորածնի իրավունքները նույն կարևորությունն ունեն, ինչ ասենք, թոշակառու նախագահինը)։

Հիմա հետևելով այդ տրամաբանությանը` կարելի է տալ հարց, թե ո՞ր դեպքում է ընտանեկան լրատվամիջոցը բախվում պետական շահի հետ և ո՞ր դեպքում է տապալում իր աշխատանքը՝ պաշտպանելով իր ընտանիքի անդամների դրական իմիջը։ Հատկապես եթե ընտանիքի անդամները կարևոր պետական դեմքեր են։

Հիմա Հայաստանում գործում են լրատվամիջոցներ, որոնք ուղիղ կապ ունեն պետական առաջին ու երկրորդ դեմքերի հետ՝ վարչապետի ու ԱԺ նախագահի։ Եթե նախկինում մեդիա թիկունքը (և գրպանը) երբեմն լավ թաքնված էր, հիմա ոչ մի գաղտնիք չկա, որ դրանք ընտանիքների բիզնես են ու ընտանիքների լրատվական խողովակ։

«Հայկական ժամանակ»-ն, օրինակ, պատկանում է վարչապետի ընտանիքին (գլխավոր խմբագիրն իր կինն է)։ Freenews.am-ը ղեկավարում է ԱԺ նախագահի կինը, իսկ նրա մայրը՝ «Հրապարակը»։

Freenews.am-ի մասին ոչինչ չի կարելի ասել, քանի որ դա նոր ու մեծ հաշվով անգույն լրատվամիջոց է, բայց փաստ է, որ հիմա թե՛ «Հայկական ժամանակ»-ը, թե՛ «Հրապարակը» շատ ծանր ու ոչ նախանձելի կացության մեջ են։ 

Երկուսն էլ ժամանակին եղել են գործոն՝ ընդդիմադիր կեցվածքով, սենսացիա որոնող, իսկ հիմա ակամայից դարձան պետական այրերի հետ նույնացվող հարթակներ ու ստիպված են խմբագրել իրենց թեմաներն ու ոճը։ Նրանք դատապարտված են հետևել ընտանիքի անդամներին՝ անգամ եթե նրանք կուսակցությունից դուրս գան ու չլինեն իշխանություն։ Ի վերջո, նրանց համար առաջնայինը միշտ կլինի ընտանիքը, հետո կուսակցությունը, և վերջում միայն պետությունը։

Այդ դեպքում կոմպետենտության ու պրոֆեսիոնալիզմի մասին լավ է լռել։

Կուսակցական ընտանիքի մեդիա

Շատ զավեշտալի է, որ երկու լրատվամիջոցներն էլ իրենց քլիքաբեր հոդվածներում հաճախ օգտագործում են՝ մեր տեղեկություններով, ըստ մեր հավաստի աղբյուրների իշխանական օղակներում, ըստ շրջանառվող լուրերի և այլն։ 

Եթե իշխանական շղթայի երկու առաջին օղակները այդ լրատվամիջոցների ընտանիքի անդամներն են, անգամ մեծ երևակայություն ունենալու դեպքում դժվար է համոզել լսարանին, որ իրենց աղբյուրները այդ օղակները չեն (ընդ որում՝ եթե անգամ դա այդպես չէ)։

Այդ լրատվամիջոցների համար իրենց ընտանիքի անդամները ոչ թե վահան են, այլ խաչ, որը կրելու են դեռևս այնքան ժամանակ, մինչ պետական այրն ու ընտանիքի անդամը չտարանջատվեն։

Խաչ է, իհարկե, լինել Նիկոլի կնոջ կամ Ալենի զոքանչի լրատվամիջոց։

Օրինակ, երբ «Հայկական ժամանակ»-ը սկսեց գրել, որ Երևանի քաղաքապետին «հեղափոխությունից շեղել են» ու ուզում են «նրա առաջնորդությամբ ուժեղ հարվածներ հասցնել գործող իշխանությանը», թե՛ այդ ինֆորմացիայի ոճը (պաթետիկ ու պարզունակ), թե՛ ուղերձը (կարծես զգուշացում է վարչապետից՝ քաղաքապետարանին), թե՛ ժամանակը (քաղաքապետարանը ի վերջո, կարողացավ լուծել տրանսպորտի հարցն ու ավտոբուսները թարմացնել), շատ հարցեր առաջացրեցին։

Ստացվեց, որ ընտանեկան մեդիան կատարեց պետական զգուշացում։ Թե՞ չստացվեց։ Ու ի՞նչ ստացվեց։ 

Եվ ինչ հուշեր էլ ունենանք նախկին «ՀԺ»-ի մասին, հիմա այն մեծ հաշվով՝ ոտքերը կապած վիճակում վազել փորձող մեդիա է։ Ու միշտ սայթաքելու է։

«Հրապարակ»-ի խաչը թերևս ավելի ծանր է։ Ամեն անգամ, երբ հայտնվում են հոդվածներ ու լուրեր, որտեղ խոսքը ապաշնորհ ու դավաճան իշխանությունների մասին է կամ պետության «դրակոնյան» ու ստալինյան քայլերի, որոնցով սահմանափակում են խոսքի ազատությունը, միամիտ հարցեր են առաջանում, թե ու՞մ նկատի ունի այդ լրատվամիջոցը։ Օրինակ, ո՞վ է իր կարծիքով Ստալինը և ո՞վ դրակոնը։ Կամ ո՞վ է Ստալին-դրակոնի թիմակիցը։

Նույն դեղին ու սենսացիոն ոճով աշխատելը այս մեդիայի դեմքում երկակի ցավալի է։ Ձեռքերը կապած վիճակում բարդ է անկախության ու կոմպետենտության դրոշ պահել։ Ավելի լավ է լուռ կրել խաչը, մինչև մի բան փոխվի կուսակցությունում, ընտանիքում կամ պետության մեջ։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *