Ներքաղաքական պայքարը Հայաստանում վերջին տարիներին հանդիսանում է տնտեսական, հասարակական և այլ տիպի ակտիվությունների հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Խոսքը ոչ միայն ֆինանսական մեծ հոսքերի, մարդկային ռեսուրների աննպատակ վատնման մասին է։
Ներքաղաքական խժդժանքն է թելադրում հիմնական ուղղությունները, որոնցով առաջնորդվում են, օրինակ, քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները, մամուլը։
Վերջին տարիների գործընթացները ցույց տվեցին մի քանի կարևոր խնդիրներ, որոնք կապ ունեն հենց մեդիադաշտի զարգացման, իսկ ինչ-որ դեպքերում նաև դեգրադացման հետ։
Դիտարկենք այն մի քանի կարևոր թեմաները, որոնք կապված են տվյալ ոլորտի ու ներքաղաքական պայքարի հանդեպ գերուշադրության հետ։
ա․ Հայաստանյան մամուլը միշտ թերանում էր արտաքին աշխարհին տեղեկացնելու հարցում․ հոսքերը հիմնականում ձևավորվում էին զուտ Հայաստանի բնակչությանը վերաբերող և, կարևորը, միայն նրանց հասկանալի ու հասանելի տեղեկատվության միջոցով։
Մի կողմից՝ «գլխով» բոլորը հասկանում են, որ Հայաստան տուրիստներ կամ ներդրումներ բերելու համար պետք է Հայաստանում տեղի ունեցածը ներկայացնել արտասահմանում գտնվողներին՝ այլ լեզուներով ու կարևորը՝ այլ ոճով։
Բոլորը, կարծես, հասկանում են, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ անդադար հիբրիդային պատերազմի վիճակում դեպի դուրս գնացող տեղեկատվական հոսքերը խիստ, անգամ կենսական նշանակություն ունեն։ Այս ամենը բոլորը մտքում հստակ պահում են։
Բայց միևնույն է հայաստանյան տեղեկատվական հոսքերը մնում են խիստ հայաստանյան։ Քաղաքական ուժերը, որոնք կարող են անվերջ խոսել արտաքին ներդրումների ու արտաքին վտանգների մասին, միևնույն է, ձևավորում են միայն մեկ հիմնական պատվեր՝ լցոնելով հոսքերը իրենց նեղ, ես կասեի՝ նեղագույն, ներքաղաքական օրակարգով։
Ձևավորվում է այնպիսի քաղաքական օրակարգ, որի դեպքում պարզապես անիմաստ է դառնում «դեպի դուրսով» լրահոսը։ Մենք թաթախվում ենք մեր գավառական մտքի մեջ, սպասարկում նեղ շահերը, ընդամենը մի քանի տասնյակ մարդու հետաքրքրությունները։
Որպես հետևանք, տուժում է երկիրը։ Բայց դա էլ չի ընկալվում, քանի որ այս ամենի շուրջ քննարկումները նույնպես ունեն ներքաղաքական երանգներ, և դրանք ուղղված են միայն կոնկրետ անձանց կամ կառույցները վարկաբեկելուն, բայց ոչ՝ տվյալ խնդիրները լուծելուն։
Սա, անկասկած, նոր խնդիր չէ։ Սակայն այն այնքան է խորացել պատերազմից հետո, որ մենք հայտնվել ենք իմաստային փոսում, որից դուրս գալը շատ ավելի մեծ ժամանակ ու ռեսուրսներ է պահանջելու, քան այնտեղ հայտվելը։
Տեղեկատվական դաշտում այնքան խորն է ճգնաժամը, որ մենք վերածվում ենք սև խոռոչի։ Ոչ միայն Հայաստանի ներսից տեղեկատվություն դուրս չի գնում, այլև այն կամայական կեղծիքը Հայաստանի մասին, որը ստեղծվում է այլ երկների տեղեկատվական հոսքերում, անմիջապես ներծծվում է հայաստանյան մեդիա դաշտ։
Մենք կամաց-կամաց դադադրում ենք դերակատար լինել միջազգային լրահոսներում, միայն պասիվ դերում ենք գտնվում, երբ մեզ անդրադառնում են արտասահմանյան լրատվամիջոցները։ Մենք տապակվում ենք մեր յուղի մեջ։
բ․ Խորացող բացասական երևույթ է նաև մամուլի ֆինանսական կախվածությունը։ Այն միշտ է եղել մեծ պրոբլեմ։ Կախվածությունը ակնհայտորեն ունեցել է թե՜ քաղաքական բաղադրիչ, թե՜ տնտեսական․ փոքր շուկա, շատ խմբագիրերի բիզնես պասիվություն (ինչու՞ փնտրենք նոր ժամանակակից ֆինանսավորման միջոցներ, եթե միշտ կա քաղաքական պատվերը)։
Բայց 2018֊ից հետո շատ կտրուկ փոփոխություններ եղան, ինչի շնորհիվ քաղաքական և ֆինանսական վերաբաշխումները բերեցին մեդիա շուկայի վերաբաշխմանը, որն այն դարձրեց շատ ավելի ոչ կայուն։ Կայուն քաղաքական վերահսկումը փոխարինվեց քաոսային ճամբարային ֆինանսավորմամբ, որը ապակայունացրեց շատ լրատվականների ստվերային ֆինանսական հիմքերը։
Նոր, զուտ բիզնես ֆինանսավորման ճանապարհներ, կարծես թե, խմբագրություններից քչերը փորձեցին որոնել։ Շատերի համար կատաղի քաղաքական պայքարը դարձավ հիանալի միջոց՝ նոր գումարներ ստանալու զանազան հովանավորներից։
Բայց այս ամենը իմաստալից էր մինչև հունիսյան ԱԺ ընտրությունները։ Դրանից հետո բացահայտ մեդիա ակտիվությունը ընկել է։ Պարզ չէ, թե երբ կհայտնվեն նոր խոշոր պատվերները հովանավորներից։ Նաև պարզ չէ, թե քանի հովանավոր դիմացավ մինչև վերջ ու ունակ է հետագայում մտնել նոր փիառ պատերմազմների մեջ։
Ամեն դեպքում, վերջին տարիների ու հատկապես վերջին տարվա քաղաքական պատերազմները քայքայեցին մեդիադաշտի ֆինանսական հիմքերը։
Փոխանակ տարիների ընթացքում ձևավորվեին հստակ բիզնես գործընթացներ, որոնք թույլ կտային խմբագրություններին ֆինանսական անկախություն ստանալ, ամեն ինչը շարժվեց դեպի ավելի մեծ կախվածություն քաղաքական հովանավորներից։
Իհարկե, նման երևույթները դժվար է գնահատել, քանի որ դրանք կրում են ստվերային բնույթ, սակայն, իմ կարծիքով, շատ չեն այն խմբագրությունները, որոնց հաջողվում է ստեղծել ֆինանսական, գովազդային մոդելներ, որոնք թույլ են տալիս շարունակել մնալ անկախ, ինքնուրույն բովանդակություն արտադրող։
գ․ Մեդիա տիրույթի ոչ պակաս կարևոր հատված է հանրությունը, հանրային տեղեկատվության սպառումը։ Այս առումով ևս գոյություն ունի շատ հստակ հետընթաց՝ պայմանավորված ներքաղաքական տեղեկատվական պատերազմներով։
Փաստացի, քաղաքական ուժերին սպասարկող քաղտեխնոլոգները մեդիադաշտը վերածել են ամենացածր որակի տեղեկատվական արտադրանք տարածող խողովակի։ Հանրությանը ամիս առ ամիս սովորեցնում են սպառել բացարձակապես անորակ բովանդակություն։
Ընդ որում՝ հիմնական դինամիկան տանում է դեպի ավելի ու ավելի ցածր որակի տեղեկատվություն։ Եվ հանրությունը պարզապես սովորում է, որ լրագրությունը դա նաև չստուգված լուրերն են, բամբասանքները, զգացմունաքյին ու հիստերիկ շարադրանքը և այլն։
Եվ մենք ընկնում ենք անվերջ շրջապտույտի մեջ․ արտադրվում է վատ որակի բովանդակություն, հանրությունը դրան սովորում է, շարունակում է դա սպառել, չի մերժում նման տեղեկատվությունը, մամուլը շարունակում է իջեցնել որակը։
Քանի դեռ հասարակությունը սպառում է անորակ բովանդակություն, այն շարունակում է արտադրվել։
Քանի դեռ դա արտադրվում է, դրա որակը շարոնակում է ընկնել։ Եվ այլն, և այլն։
Այս ամենի վատն այն է, որ անկումը շատ ավելի հեշտ է կատարվում, քան հնարավոր բարելավումը։ Եթե առողջ հոսքեր չմտնեն մեր տեղեկատվական դաշտ, մենք շարունակելու ենք սահուն կերպով իջնել վատից դեպի ավելի վատը։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: