2021.09.23,

Քննադատ

Երկրորդ էշելոնի սոցիալական մեդիան Հայաստանում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Սովորաբար մենք քննարկում ենք համացանցային մեծ համայնքները, քանի որ դրանք ավելի ազդեցիկ են։ Եվ, բնականաբար, այնտեղ ավելի շատ մարդ կա։ Եվ այլն, և այլն։ Սակայն, այսօր քիչ հետաքրքիր չեն նաև այն սոցիալական հարթակները, որոնք այդքան մեծ չեն, ինչպես կարող է թվալ, բայց նույնպես ձևավորում են հանրային կարծիք։ 

Փոքրերից ամենամեծը, երևի Linkedin֊ն է։ (Իհարկե, մենք կարող էինք նաև խոսել Օդնոկլասնիկների մասին, այսօր դա բավականին մեծ, մոտ 300 հազարանոց լսարան ունեցող, սակայն բավականին ամորֆ հարթակ է)։ Linkedin-ն, իրականում, իրենից ներկայացնում է Հայաստանի այն տնտեսական, բիզնես միջավայրը, որը սկսել է ինտեգրվել միջազգային շուկա։ 

Եթե դիտարկենք, թե երբ տվյալ հարթակը սկսեց դերակատար լինել հայաստանյան սոցցանցային տիրությում, ապա կտեսնենք, որ դա տեղի ունենացավ մոտ երեք տարի առաջ։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում ակտիվացավ, օրինակ, հայաստանյան ՏՏ ոլորտը, միջազգային հիմնադրամները կատարեցին խոշոր ներդրումներ, իրար հետևից բացվեցին մեծ կազմակերպությունների նոր մասնաճյուղեր, տեղական արտադրանքը դուրս եկավ միջազգային շուկա։ Սա, իհարկե, վարկած է։ Բայց կենսունակ վարկած։ 

Թվիթերում շարունակվում է որոշակի աճ։ Այս հարթակում գրանցումներն արդեն ավելի կանոնավոր են։ Մինչև 2020-ը գրանցումները հիմնականում ալիքային էին։ Օրինակ, տեղի էր ունենում Բարքեմփ Երևանը, տասնյակ նոր գրանցումներ էին հայտնվում, մարդիկ այդ երկու օրը գրառումներ էին անում, ինչից հետո հաշիվը քնում էր մինչև հաջորդ տարվա նույն օրերը։ 

Արդեն կարելի է արձանագրել, որ Թվիթերում գոյություն ունեն մի քանի կայացած մեծ համայնքներ։ Համայնքները (ինչպես սովորաբար հատուկ է հայաստանյան սոցիալական ցանցերի համայնքներին) կազմված են համ Հայաստանի, համ Սփյուռքի ներկայացուցիչներից։ 

Սակայն, այստեղի համայքների տարբերությունն այլ սոցցանցային հարթակների խմբերից այն է, որ Թվիթերում շատ ավելի հստակ են տարբեր խմբերի միջև սահմանագծերը։ 

Եթե, օրինակ, Ֆեյսբուքում, օգտատերերի քլասթերները ձևավորվում են ավելի շուտ հարթակի ալգորիթմով, որը հիմնվում է մարդկանց հետաքրքրությունների և վարվելակերպի վրա, ապա Թվիթերում բաժանումներն ավելի գիտակցված են։ Թվիթերյան խմբերը շատ ավելի հստակ սահմանագծեր ունեն, ավելի են տարբերվում հետաքրքրություններով և նույնիսկ ավելի ցայտուն են լեզվական և ժարգոնային տարբերություններով։ Նաև հարկ է նշել, որ մասնագիտական, փորձագիտական համայնքները շատ ավելի ակտիվ են Թվիթերում, քանի որ այստեղ գտնում են ավելի գիտակից և միգուցե ավելի ադեկվատ լսարան, եթե համեմատենք Ֆեյսբուքի հետ։ 

Մեկ այլ թաքնված հարթակ է Pinterest-ը։ Այս հարթակը ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում, ունի բավականին մեծ լսարան։ Սակայն ի տարբերություն Ֆեյսբուքի կամ Ինստագրամի, այցելուների մեծ մասը նույնիսկ գրանցված չեն։ 

Մարդիկ գտնում են հարթակը որոնելիս, նույնիսկ չգիտակցելով, որ հայտնվել են Pinterest-ում։ Սակայն այստեղ կա բավականին մեծ համայնք Հայաստանից։ Հստակ թվերը դժվար է գնահատել, քանի որ վիճակագրություն Հայաստանի վերաբերյալ հարթակը չի տրամադրում։ Բայց այստեղ արտադրվում է բավականին շատ բովանդակություն Հայաստանից։ 

Մեծ մասը հարթակն օգտագործում է որպես պահուստային տիրույթ։ Օրինակ, բաղադրատոմսերի կամ նորաձևության նորությունների պահոց։ Հարթակը նաև օգտագործվում է որպես ձեռքի աշխատանքների կամ անհատական բիզնեսի առաջխաղացման գործիք։ Ամեն դեպքում, ողջ աշխարհում Pinterest-ը համարվում է ավելի շատ կանացի հարթակ է․ օգտվողների երեք քառորդը իգական սեռի ներկայացուցիչներ են։ Կարծում եմ՝ նման պատկեր է նաև Հայստանի դեպքում։ 

Քանի որ տվյալ պահին բավականին հեղհեղուկ իրավիճակ է սոցիալական մեդիայի տիրությում, և հարթակները կարող են արագորեն աճել և առաջնային դիրքեր գրավել, ապա կարևոր է ուշադրություն դարձնել նաև երկրորդ էշելոնի սոցցանցերի վրա։ 

Նաև հաշվի նստել Discord, Twitch հարթակների հետ, որոնք աշխարհում շատ արագ ներգրավում են ահռելի լսարաններ և արդեն Հայաստսնում էլ ունեն փոքրաթիվ, բայց աճող օգտատերերի զանգված։ 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *