2021.09.17,

Քննադատ

Լրագրության անցյալից. Ա1+. հայկական հեռուստաեթերի զարկերակը

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

«Արմենիա» հեռուստաընկերությունից շատ քաղաքակիրթ կերպով վտարվելուց անմիջապես հետո մեր ստեղծագործական համեստ, բայց չափազանց հավակնոտ կազմը մտադիր չէր թաղել հաջողված նախագիծը ու գնալ տուն:

Պայծառատեսության մի պահի մեզնից մեկի գլխում առկայծեց միտքը՝ իսկ ինչո՞ւ նույն հաղորդումը չհեռարձակել Ա1+-ով:

Հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի հետ հանդիպման պայմանավորվածությունը կայացավ անհապաղ` բջջային հեռախոսը, որ արդեն հասու էր նաև մեզ, ըստ երևույթին հենց նման դեպքերի համար էին հորինել:

Մեսրոպի միակ պայմանն էր, որ հաղորդումը կոչվի «Ա1+ մամուլ» և տևի 10-12 րոպե: Ոչ մի այլ սահմանափակում: Մնացածը՝ խոսքի ազատության, լրագրողական էթիկայի և կոռեկտության սահմաններում: Ֆինանսավորումը՝ մեր ներգրաված գովազդների միջոցով: (Սա միակ արգելակն էր, բայց հասկանալի էր, որ այլ տարբերակ չկար): Գովազդատուների հետ փոխհարաբերությունները պիտի կարգավորվեին շատ հստակ՝ նրանց հոլովակները դուրս պիտի լինեին լրատվական թողարկման ու մեր հաղորդման շրջանակներից, եթերում ոչ մի բովանդակային միջամտություն նրանք պիտի չունենային: 

Այդ շրջանում՝ հոկտեմբերի 27-ի ողբերգությունից մի քանի ամիս անց, մամուլը գերհագեցած էր հետաքրքիր հրապարակումներով, որոնցից ընտրություն անելը, մեկնաբանություններով դրանք կապակցելը և մեկ սյուժեով մատուցելը որոշակի «հոտառություն» էր պահանջում: Ամենատանջալին, սակայն, ընտրված մեջբերումները նախապես մոնտաժելն էր, որը Ա1+-ի համեստ ստուդիայում վերածվում էր գրեթե տաժանակրության: Նաև հասցնում էինք օրվա ամենահրատապ թեմայով հրապարակման հեղինակի հետ կարճ հարցազրույց անել՝ բացահայտելով թեմային առնչվող հետաքրքիր մանրամասներ:

Շնորհիվ անկողմնակալության, սրության, կոռեկտության և պրոֆեսիոնալիզմի՝ հաղորդաշարը այս եթերում նույնպես դարձավ ամենախայտաղբետ հեռուստադիտողների տեղեկատվության գերհագեցած աղբյուր, քննարկումների և զանազան խոսակցությունների առատ նյութ մատակարարելով այն դիտողներին:

«Ա1+ մամուլը» լիովին տեղավորվում էր այն ժամանակվա «Ա1+»-ի «Դիտեք մեզ՝ ճանաչեք ձեզ» կարգախոսի տրամաբանության մեջ: Իհարկե, ոմանց կարող էր թվալ, թե գույները խտացնում ենք, ոմանք կարող էին զարմանալ, թե ամեն օր ինչ բացահայտումներ են լինում մամուլում, բայց անխախտելի կանոն էր, որ երբեք պիտի տուրք չտայինք էժանագին սենսացիաներին ու բամբասանքներին:

Այդ հաղորդումը լավագույնս բնորոշող մի դրվագ մնացել է հիշողությանս մեջ: Նույն այդ «Առագաստ» սրճարանի տակ՝ առաջին հարկում, որն այն ժամանակ «Պապլավոկ» անունն էր կրում, հանրահայտ ջազմեններից մեկը, հայտնվելով մեր սեղանի մոտ ու տեղեկանալով, թե ում հետ է նստած՝ աչքերը չռեց ու առժամանակ չէր կարողանում խոսել: Ի վերջո հավաքեց իրեն, թուքը կուլ տվեց ու ասաց. «Ես որ ձեր հաղորդումը նայում եմ, ձեր տեքստերը լսում եմ՝ գլուխս բռնում եմ ու ասում. բոժե մոյ, նիուժե՞լի յա զձես ժիվու»:

Դա կարող էր անչափ ծիծաղելի լինել, եթե այդքան տխուր չլիներ:

Ավագ և միջին սերունդները կհիշեն, որ 98-ի իշխանափոխությունից հետո Հայաստան էին վերադարձել ու աստիճանաբար ամրապնդվում էին մամուլի հանդեպ խորհրդային տարիների կարծրատիպերը. գերխնդիրը սա էր՝ ամեն ինչ պահել վերահսկելիության դաշտում: Ընդ որում՝ բառի բացասական իմաստով. լրատվությունն ու լրագրությունը վերահսկվում էին ոչ թե պետական գաղտնիքներ չհրապարակելու, մամուլի մասին օրենքով սահմանված կարգավորումները չշրջանցելու, պետության շահերը չոտնահարելու նպատակով, այլ օրվա իշխանության քիմքին անհաճո հրապարակումները «մինչև քոքը մաշեցնելու» և ի վերջո՝ հնարավորինս բացառելու: Ահա այս խնդրին էր ծառայելում ավելի ուշ ձևակերպված ու մամուլին ներկայացված պահանջը՝ լինել «ազատ և պատասխանատու»: Թե ինչ ենթատեքստ կար այս երկու՝ կողք կողքի դրված և ուս ուսի տված բառերի տակ՝ կարելի է մի ամբողջ դիսերտացիա գրել, բայց այդպես էլ չսպառել թեման:

Զարմանալի քիչ՝ առավելագույնը մի քանի հազար տպաքանակներով լույս տեսնող հայկական թերթերի լրագրողները երբեմն առիթներ ունենում էին այցելել արտասահման, իբրև ապացույց, թե իբր ինտեգրվում ենք զարգացած երկրներին, հավասարը հավասարի պես ոտք ենք մեկնում նրանց հետ և այլն: Ու գործընկերներս վերադառնում էին ապշած, մի քիչ էլ բարդույթավորված. ինչպե՞ս է հնարավոր, որ Հայաստանից քիչ բնակչություն ունեցող երկրների որոշ թերթեր մի քանի տասնյակ հազար տպաքանակ ունեն,- կենսամակարդակների տարբերությունը մի կողմ՝ մի՞թե մենք այդքան զիջում ենք նրանց պրոֆեսիոնալիզմով, որ մեզ քիչ են կարդում, նրանց՝ շատ, մեր թերթերի պահանջարկը փոքր է, նրանցը՝ մեծ…

Լրատվամիջոցների սանձերը քաշելու, նրանց պատասխանատվության զգացումը մշտաբորբոք պահելու, նրանց վերահսկելու համար իշխանությունն առժամանակ «փափուկ ուժ» էր կիրառում: Գործում էր երբեմն բացահայտ, երբեմն՝ անտեսանելի «կարգավորող մարմին», որը իր առաջադրանքը կատարում էր ամենայն նվիրվածությամբ առ իշխանություն: Ու գրեթե ոչ մի լրատվամիջոց չէր կարողանում դուրս գալ այս սարդոստայնից, երբեմն անգամ չզգալով դրա գոյությունը: Եթե հնարավոր էր՝ հարցերը քննարկվում էին  անձնական շփումներով, եթե ոչ՝ կանոններ սահմանողը գերադասում էր մնալ չբացահայտված թելադրողի դերում, կիրառելով այլ կապեր կամ խմբագրություններ գործուղելով «յուրայինների»: Իսկ եթե այս գործիքակազմերը հնարավոր չէր կիրառել՝ պարզապես գործադրվում էին տնտեսական բնույթի ճնշումներ:

Ամեն ինչ այնքան հմտորեն էր ղեկավարվում, որ ամենաազատամիտ, ամենաըմբոստ գործընկերներս անգամ գլուխ չէին հանում, թե, օրինակ, ինչու պիտի իրենց անկաշառ, ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ թերթի տպաքանակի, ասենք, 20, 30 կամ 40 ու ավելի տոկոսը ամսվա վերջին կրպակներից «վազվրատ» արվի «Հայմամուլ»՝ պահեստներ, այնտեղից էլ՝ խմբագրություն: Սա հոգեբանական ուժեղ հարված էր ցանկացած անհնազանդի, սա նվաստացուցիչ էր թե՛ նյութական, թե՛ մասնագիտական  առումներով:

Ահա այս պայմաններում, ազատության այս կաղապարված շրջանակներում Ա1+-ի եթերը բացառիկ տիրույթ էր, որտեղ այդ շրջանում անհնար էր վերահսկողություն սահմանել: Ու եթե թերթերը չէին հասնում ընթերցողին, ընթերցողը հնարավորություն էր ստանում դրանց ծանոթանալ եթերում:

Մենք հասկանում էինք, որ հաղորդման պահանջարկը մեծ է, ընդ որում՝ նյութը, նյութի ընտրանին պոտենցիալ ընթերցողը ստանում էր միանգամայն անվճար, և դա բավարարում էր անգամ ամենախստապահանջ ու ամենաինտելեկտուալ ընթերցող- ունկնդրին:

Ա1+-ի՝ իշխանական ազդեցության գոտում չգտնվելը մի կողմից հսկայական հնարավորություն էր հեռուստաընկերությունը հասարակությանը սիրելի դարձնելու, մյուս կողմից՝ իշխանության աչքի փուշը լինելու:

Չհաշված հատուկենտ ազատ, ոչ իշխանամետ թերթերը, որոնք իրենք իրենցով քիչ ազդեցություն ունեին հասարակական կարծիքի ձևավորման վրա, Ա1+-ը փաստորեն միակ անվերահսկելի լրատվամիջոցն էր այդ տարիներին: Ճիշտ է՝ այն սփռվում էր մայրաքաղաքային կապուղիով՝ հասանելի չէր հանրապետության շատ մարզերում, բայց իրական գլխացավանք էր իր անդորրը մեկուսի վայելող իշխանության համար:

Պատկերացրեք՝ մեկ տասնյակ ալիքներով՝ ծանր հրետանիներ Հ1-ի և հ2-ի գլխավորությամբ, անդադար պատմում էին Հայաստանի ազգանվեր իշխանությունների մեծագործությունների մասին, փառաբանում նրանց սովետական ագիտպրոպի արհեստավարժությամբ, փնովում «նախկին հանցավոր ու ապազգային» իշխանությանը, իսկ ահա ինչ-որ Ա1+ թունավորում է ներկա իշխանությունների կյանքը, չի ենթարկվում նախագահականի սահմանած կանոններին, պատմում է բոլորովին այլ Հայաստանի մասին, որի մասին պատկերացում չունեն ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև հանրության սերուցքը՝ գրողները, դերասանները, երաժիշտները… բոժե մոյ. նեուժե՞լի յա զձես ժիվու:

Եվ մինչ «ազատ և պատասխանատու» լրատվամիջոցները գունազարդում էին իրականությունը կամ խեղաթյուրում այն ըստ տրված հանձնարարականների, շրջանցում էին մի կողմից՝ Հայաստանում ծայր առած խրախճանքը հոկտեմբերի 27-ից հետո, մյուս կողմից՝ թշվառության եզրին հայտնված մարդկանց կարիքները,  ճանապարհ էին հարթում կեղծիքի ու երեսպաշտության համար,- ահա այդ պայմաններում  Ա1+-ը, հատկապես «Այբ-ֆե» լրատվական ծրագիրը ներկայացնում էր զուգահեռ իրականությունը. պատմում էր, ասենք, բժիշկների, երթուղային վարորդների գործադուլների, ամիսներով թոշակների ու աշխատավարձերի չվճարման, բենզին չլինելու պատճառաբանությամբ շտապօգնության մեքենաների անգործության, տարածքների կամ կառույցների կամայական սեփականաշնորհման պատճառով գործազուրկ դարձած քաղաքացիների վրդովմունքի և ըմբոստության, ոռոգման ջրի թանկացումից և հազարումի կարիքից բողոքող, բախտի քմահաճույքին մատնված գյուղացիների, ապրելու միջոց չունենալու պատճառով նոր թափ հավաքած արտագաղթի, ավելի ուշ՝ նաև վայրենաբար ու բռնությամբ իրենց տներից վտարվող քաղաքացիների, սրճարանում Ռոբերտ Քոչարյանին բարևել համարձակվելու պատճառով ծեծվելով սպանված Պողոս Պողոսյանի և բազմաթիվ այլ՝ իշխանությանը  ոչ հաճելի բաների մասին: Ընդ որում՝ առանց քաղաքական ուղղորդումների, առանց չարախոսության, առանց գույները խտացնելու:

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *