2021.07.29,

Քննադատ

Արմեն Շեկոյանի հիշատակին

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Արմեն Շեկոյանը պատմեց իր ժամանակի մասին այնպես, որ այդ ժամանակը ինքն իրեն տեսավ, գտավ ու գոհ մնաց։ Հենց այդպես՝ գոհ մնաց, քանի որ Արմեն Շեկոյանը արեց ամենաարժեքավոր քայլը՝ վերաիմաստավորեց լեզուն, որով պատմում ենք ժամանակի մասին, ազատականացրեց այն ու հերթական անգամ դարձրեց կենդանի։ Լեզվի հետ միասին՝ մեզ բոլորիս։ Հատկապես երևանցիներին ու հատկապես թերթ կարդացող երևանցիներին։

Դա այն կենդանի ազատականացումն էր, որը միշտ սկիզբ է առնում մեծ գրողների շնորհիվ։

Շեկոյանի համար լեզուն գործիք էր, որով կարելի է լիքը բան անել՝ կառուցել, քանդել, հեգնել, սադրել, ոգևորել, հուզել, շփոթեցնել։ Կարելի է գրել ձոն, հոդված, պատմվածք, մանկական հաղորդման սցենար, բյուրոկրատական իմիտացիա կամ վերջ չունեցող մտորումներ։ Ոչ մի նշանակություն չունի, թե ինչ գրել, կարևորը գրելն էր այնպես, որ շիտակությունը աչք ծակի, դառնա մկան։ 

Եվ Արմեն Շեկոյանն այդպես իսկական լեզվով էլ գրում էր՝ քաղաքային ժարգոնը, վայելչագրությունն ու նուրբ ինքնահեգնանքը հասցնելով առավելագույն պարզեցման։

«Հիմա բոլորն ասում են` պահպանենք մեր լեզուն` չհասկանալով, որ դա շատ վատ կարգախոս է: Փոխանակ ասենք`զարգացնենք մեր լեզուն, ասում ենք` պահպանենք:  Ախր միայն մեռած բանն է զմռսվում ու պահպանվում»,- ասել էր նա հարցազրույցի ժամանակ, որն առանց չափազանցնելու հիսուն անգամ խմբագրել է։ Կարդում էր, տպում, խմբագրում, նորից կարդում։ 

«Բա կարծում ես պարզ գրելը հե՞շտ է»,- զարմանում էր։  

Արմեն Շեկոյանի տեքստերը միշտ այն ժամանակի մասին են, երբ գրվել են՝ լինեն արձակ (պատմվածքներից մինչև անվերջանալի «Հայկական ժամանակ» վեպ-հոսքը, պոեզիա («Երևան» հյուրանոց» ու «Անտիպոեզիա» ժողովածուներով սկսած, թերթերում տպագրված հանգավորված էքսպրոմտներով վերջացրած), լրագրողական սյունակներ կամ էսսեներ (վերջին շարքերից է նրա հեղինակային սյունակը media.am -ում)։

Վավերագրողի դերը նա մեծ հավեսով համադրում էր կողքից դիտորդի ու միջամտողի դերի հետ։ 

Նա հնարում էր վավերագրությունը (օրինակ, իրական մարդկանց վերագրում գործողություններ, որոնք նրանք երբեք չեն արել, բայց ըստ Շեկոյանի՝ լավ կլինի, որ անեին)։

Երևի դա այն ունակությունն է, որն ամենից ցայտուն կերպով երևում է մեծերի մոտ, ասենք, Փարաջանովի։ Երկուսն էլ հորինում էին ներկան այնպես, որ կասկած չէր մնում, որ ներկան հենց այդպիսին էլ պիտի լինի։

Արմեն Շեկոյանը ամենից շատ սարսափում էր, որ կարող է դառնալ պատվանդան ու կորցրել իր բնազդային հոտառությունը՝ իսկական լինելու։ «Ես միշտ համարել եմ ինձ ավելի գնահատված, քան պետք է»,- ասում էր նա։ Իհարկե, մի քիչ սեթևեթում էր, բայց՝ մի քիչ։ 

Իհարկե, ուզում էր ավելին անել։

Օրինակ, դառնալ երգ։ Պարզապես երազում էր, որ իր բանաստեղծությունը դառնա երգ ու մտնի կյանք՝ լսվի սրճարաններից ու ավտոմեքենաներից։ Եվ որպես կիզակետ՝ զրկվի հեղինակից։ Այսինքն, մտնի ժողովրդի մեջ արդեն անանուն։ 

Վստահ էր, որ գրական մրցանակները պիտի հասարակ ընթերցողները տան։ Թեկուզև՝ սխալ։ Ասում էր՝ պրոֆեսիոնալներն ավելի սխալ են գնահատում, քան սիրողները: Եթե սիրողները չլինեին, լավ գրողներ էլ չէին լինի: 

Հաճախ էր ասում՝ պետք է քվեարկել այն մարդու օգտին, ում սիրում ես։ Ձայն տալ այն գրողին, երգչին, քաղաքական գործչին, որին սիրում ես։ Եվ առանց երկյուղի, թե կարող ես համարվել ոչ շատ հեռատես, նրբաճաշակ կամ խելացի։

Միշտ հորդորում էր լրագրողներին գնալ որևէ քաղաքական գործչի ասուլիս ու թերթում գրել լուր, որտեղ ասուլիսում ասվածը կհանգավորվի ու կստանա բանաստեղծության ֆորմա։ Ասում էր՝ գոնե էդպես ձանրձալի չի լինի։

Նա ձգտում էր, որ հանկարծ չստացվի, թե պոեզիան լուրջ առաքելություն է, իսկ լրագրությունը՝ ցածր ժանր։ Ասում էր՝ ինչ նշանակություն, թե ինչ ես գրում, կարևորը լավ գրես։ Եվ երբ հազար անգամ հարցնում էի, թե լավը ո՞րն է, նա հազար անգամ էլ ասում էր՝ ֆալշ չլինի։

Արմեն Շեկոյանին կարդալը, և առավելևս նրա հետ շփվելը այն մեծ հաճույքներից է, որը շատերն են հիշելու:

Միտումնավոր անհավակնոտ ու ինքնահեգնական նրա հնչերանգն ու միաժամանակ՝ խիստ կարգապահությունը (օրական գրելու որոշակի քանակի տեքստ, որպեսզի լեզու-գործիքը հանկարծ չժանգոտի կամ չբթանա) շատ թանկ ժառանգություն է։

Նրա հումորը սահում է բոլոր տեքստերի միջով ու սրում մեր ապրած ժամանակի դիմագծերը այնպես, որ միշտ նոր մի շերտ ես բացահայտում։ Նոր մի կնճիռ կամ նոր մի սպի։ Մի պտույտ ու մի նոր սքանչելի ձևակերպում։

Երբ նա ունենում էր հնարավորություն հրապարակելու իր տեքստերը, նախընտրում էր օրվա մեդիան, այլ ոչ թե գրական հանդեսները։ Ասում էր՝ ուզում եմ, որ իմ գրածի կողքին տարբեր բաներ լինեն՝ սպորտ, արվեստ, քաղաքականություն, եղանակի տեսություն։

Ցանցային մարդ էր Արմեն Շեկոյանը, ավելի ճիշտ, ուզում էր լինել հորիզոնական ցանց, ձգվել, ճյուղավորվել, շարունակվել ու, ի վերջո, այդպես ապրել։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *