2021.07.22,

Քննադատ

Մեր մեդիան ու ռուսական դիմակահանդեսը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանի համար Ռուսաստանի դիրքորոշումն ու քայլերը ճակատագրական են։ Եվ այժմ ավելին, քան երբեևէ։ Այն, ինչը ուղիղ կերպով, ենթատեքստով կամ փոխարաբերականորեն փոխանցում է Մոսկվան, հաճախ պահանջում է վերծանման, Կրեմլի քարոչական փոշուց մաքրելու ու կապեր տեսնելու ունակություն։

Բավականին թույլ հեղինակություն ունեցող հայաստանյան լրատվամիջոցներն այս պարագայում հաճախ դիտվում են զուտ որպես ռետրանսլյատորներ, այսինքն, ուղղակի վերատպողներ, առանց ինֆորմացիան տեղայնացնելու։ Արդյունքում, ինչ մոլախոտ ասես չի լցվում մեդիա դաշտ, արմատակալում ու բարգավաճում:

Մանավանդ հաշվի առնելով այն փաստը, որ մեր հանրապետությունում աշխատող շատ մեդիա հարթակներ ուղղակիորեն ոչ մի շանս բաց չեն թողնում դրսից եկող հարվածներին գումարել նաև թիկունքից հարվածները։ 

Իրենց հերթին էլ՝ շատ ռուսաստանյան լրատվամիջոցներ անթաքույց կերպով հիմնվում են հայաստանյան ապակառուցող ուժերի ու մարդկանց կարծիքների վրա։

Դա դառնում է ազգային անվտանգության հարց, որին կարծես մեծ ուշադրություն չենք դարձնում։ Եվ շատ իզուր։ 

Ընդհանրապես Ռուսաստանի դերի, դիրքի, դիմակների մասին մեր պատկերացումներն արդեն իսկ լրջորեն փոխվել են (ավելի շատ խորքեր ենք տեսնում, քան զուտ մշտական պաշտպան համարելը), բայց փոփոխությունները լրատվական դաշտի դերի ու դիմակների մասին, դեռևս՝ ոչ։

Երբ հանդիպում ենք նման հոդվածներին ու դրանք լուրջ ազդակ համարում (թարգմանում հայերեն, մեկնաբանում, հույս դնում կամ բարկանում բովանդակությունից), արժի ընդունել, որ դառնում ենք ռուսաստանյան ինֆորմացիոն քաղաքականության սպառող, առանց որևէ ֆիլտրերի։ 

Այն միտքը, որ Ֆրանսիան ոչ միայն պատրաստվում է զորք մտցնել Հարավային Կովկաս ու Արցախ, այդպիսով փորձելով «առաջին ջութակի» դեր խաղալ, այլև ճանապարհ բացել «միջազգային ինտերվենցիայի» համար, այն ուղերձներից է, որն արժի դիտարկել միայն ռուսաստանյան համատեքստում։ (Ստացվում է, որ ըստ Մոսկվայի՝ ռուսաստանյան զորքը միջազգային չէ։ Միգուցե տեղակա՞ն է)։ 

Եվ ոչ մի տարօրինակ բան այս ռուսաստանյան մեդիան չի տեսնում՝ Մակրոնին, Միշելին ու Փաշինյանին անվանելով «պոպուլիստների դաշինք»։ Եվ վերջում ուղիղ սպառնալով Հայաստանին հաշվեհարդարով։

Ռուսաստանյան քաղաքականությունն ունի կարևոր նպատակ՝ սպառնալ ու վախեցնել, որ այլ պետության ցանկացած ինքնուրույն քայլեր պատժվելու են։ Կամ ծաղրվելու։ Բայց բոլոր դեպքերում՝ միտված են հոգեբանորեն ահաբեկելու։

Այն, ինչը կատարվում է Երասխում, որը կրակահերթի թիրախում է ռուսական զորամիավորումներից ընդամենը կես կիլոմետր հեռավորության վրա, ոչ մի կերպ չի մեկնաբանվում Ռուսաստանի կողմից։ Իսկ Հայաստանի ներկայությունը ռուսաստանյան մեդիա տարածքում գրեթե զրոյական է։ 

Կան հարցեր, որոնք լավ կլինի հնչեն հենց ռուսական մամուլում՝ մեր նախաձեռնությամբ։

Բայց մենք չենք կարողանում որևէ ձևով կարգավորել մեր ձայնը ռուսաստանյան մեդիա տարածքում։ Ի տարբերություն ադրբեջանցիների, որոնց համար բաց են ու ցանկալի շատ ռուսաստանյան լրատվամիջոցներ։ 

Իհարկե, մենք շատ բան չենք կարողանում կարգավորել՝ բանակից ու դիվանագիտությունից սկած, մեդիա նետումների ինտենսիվությանը հակազդելու գործիքներով վերջացրած։ Բայց, ի վերջո, եթե չանենք, դա կանեն մեր փոխարեն։

Հանրային ներքին դիմադրողականությունը սնունդ է պահանջում։ 

Ռուսաստայան զորքի տեղակայումը Արցախում ու Հայաստանի սահմաններում և դրա իրական դերը այն հարցներն են, որոնց պատասխաններն ու վարկածները Հայաստանը կարող է ինքը խթանել ռուսալեզու մեդիա տարածքում։

Սկսած հարցերից՝ ի՞նչ կլինի, եթե ռուսական զորքը չգնա ու ի՞նչ կլինի, եթե գնա, վերջացրած՝ զորքի լիազորությունների ու պարտականությունների մասին քննարկումներով։ 

Պարզ է, որ պատերազմից հետո ռուսական զորքի ներկայությունը տարածաշրջանում ու Ռուսաստանի փրկիչի իմիջը հաստատելը գլխավոր նպատակն էր։ Բայց ինչպե՞ս է այդ նպատակը ձևակերպվելու մոտ ապագայում, երբ հայ-ադրբեջանական սահմանի միջադեպերը ավարտվելու միտում չունեն։

«Հետպատերազմյա կարգավորում» օպերացիան, որն այժմ տեղի է ունենում Ռուսաստանի հովանու ներքո, չի կարող բացարձակապես թողնվել ռուսաստանյան աղբյուրի կամ դրանց հայաստանյան արբանյակների մեկնաբանությունների հույսին։ 

Օտարերկրյա լրատվական նետումներին դիմադրելը մաս է նաև այն մեծ օպերացիայի, որը կարելի է անվանել կիսասովետական, կիսակրիմինալ համակարգի ապակառուցում։

Եթե ստացվի ինֆորմացիայի ազատության հետ մեկտեղ մտածել նաև ինֆորմացիայի որակի մասին, ապա մեր ուշագնաց վիճակում գտնվող պետական համակարգը գոնե պիտի փորձի շատ չուշանալ մեկնաբանելու ու հիմնավորելու օրվա իրադարձությունները (հրաժարականներին ու նշանակումներից սկսած, պաշտպանության հարցերով վերջացրած) ու, ի վերջո, չդառնա ռուսաստանյան (կամ ադրբեջանական) քարոզչության հայելային արտացոլումը։ 

Այլապես տեղեկատվական դաշտը կշարունակի համտեսել կասկածելի իմիջ ունեցող ռուսալեզու բլոգերների գրառումները կամ պետական կայսերական քարոզչությունը ու դրանց վրա շարել սեփական շահերը։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *