Քաղաքական լարված իրավիճակը Հայաստանում նպաստեց բևառացմանը ոչ միայն մարդկանց, այլև մեդիայի միջև։ Կան մարդիկ, որոնք ատում են իրար՝ քաղաքական դիրքորոշման պատճառնով, բայց քիչ չեն նաև մարդիկ, որոնք ատում են կոնկրետ լրատվամիջոցներին։
Լրատվամիջոցին ատելը երբեմն իրոք նման է կենդանի մարդու հանդեպ տածած խոր ու համապարփակ զգացմունքի։
Շատ բան կախված է այն բանից, թե ինչ քաղաքական խողովակներից են լրատվամիջոցները ստանում սնունդ՝ թե՛ դրամական, թե՛ ներշնչանքային։ Եվ ըստ դրա էլ կառուցում են իրենց բովանդակությունը։ Առավելևս, որ շատերը հիմա իրենց դրամի ու ներշնչանքի աղբյուրները չեն թաքցնում ու ջանք չեն թափում խաղալու անաչառ հարթակի դեր։
Հիմա քաղաքական դաշտում բարձր խաղաքարտը ատելությունն է, որին գումարվում են ազգայնական հռետորաբանությունն ու հայհոյանքը։ Եվ նման պայթուցիկ խառնուրդը դուրս է թափվում լրատվական դաշտ։ Դառնում կեցվածք, ծրագիր, ինքնահիացմունքի առիթ, դիտումներով գումար վաստակելու միջոց։
Օրինակ, ապրիլի 21-ին վարչապետի այցը Սյունիք իր բոլոր հակասական առիթներով ու տրամադրությամբ հանդերձ՝ լրատվամիջոցները հանգիստ խղճով ու շատ արագ վերածեցին շուկայական ռեալիթի շոուի։ Պարզապես այդ շուկայում թեև իրադարձությունը նույնն էր, սակայն ապրանքն էր տարբեր։
Ավելի ճիշտ լրատվական ապրանքը ոչ թե այցն էր, այլ այցի փոքր դրվագները։
Yerkir.am-ը ինֆորմացիայի միավոր սարքեց անգամ մի դրվագի միկրոմասնիկն ու այն մատուցեց որպես լուր՝ հայհոյախառն վերնագրով։
News.am-ը նույն այցից կտրատեց մեկ այլ միկրոհատված ու վերնագրեց «Փաշինյանի խոսնակը քաշում է լրագրողի ձեռքից»: Մեկ րոպեից էլ պակաս տևող այս դրվագը հանգիստ սրտով կարելի էր անվանել՝ լրագրողական բեյջով կինը վազվզում է ու գոռգոռում։ Դա ավելի ճիշտ կլիներ։ Բայց լրատվամիջոցին պետք էր ընդգծել լարումն ու ատելությունը առավել մատչելի ու ցայտուն կերպով։
Ատելությունն ապրանք է, որն ունի պահանջարկ ու մեդիան հաճախ այն սարքում է՝ բզկտելով համատեքստն ու կտոր-կտոր անելով իմաստը։
Ընդհանուր պատկերը հոսքում ճանաչելի չէ
Ընդունված է համարել, որ տեղակատվության միավորը լուրն է։ Որ լուրի հետքերով են կառուցվում լրագրողական տարբեր ժանրերը՝ հետաքննությունները, վերլուծությունները։ Որ լուրերի համագումարն է ստեղծում այն, ինչ կոչվում է օրվա (ներկայի) տեղեկատվական պատկեր, թույլ տալիս լսարանին տեղյակ լինել առնվազն օրվա իրադարձությունների մասին։
Լուրերը՝ կողք կողքի շարվելով, տալիս են պատկերացում, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջը։ Ասենք, հեռուստալուրերը դեռ շարունակում են լուրերը շարել կողք կողքի, փորձելով մի քիչ սա, մի քիչ նա ցույց տալով, տեղեկատվության միավորները դասավորել մեկ թողարկման մեջ որպես օրվա համայնապատկեր։ Այսինքն, տեղեկատվությունը մատուցել մեծ չափաբաժնով։
Բայց տեղեկատվությունը մեծ չափաբաժիններով (տարբեր խորագրերով, ոլորտներով ներկայացված) այլևս ոչ մեկին պետք չէ։ Ինչպես պետք չեն թերթերը՝ տարբեր ու շատ էջերով, ամսագրերը՝ էլ ավելի շատ էջերով։ Անգամ մեկ լրատվական թողարկումը պետք չէ։ Այն ոչ ոք չի նայի։ Պատրաստ չէ։
Նայում են կարճը, փոքրը, արագ սքրոլ լինողը։
Սոցիալական մեդիան և ընդհանրապես ինտերնետը՝ իրենց ալգորիթմներով ու վիրուսային խմբագրման տրամաբանությամբ (տարրերայնորեն, ինչպես տարածվում է վիրուսը, հավաքելով հանրային կարևոր ինֆորմացիան) տեղեկատվական միավոր են դարձնում նվազագույն չափաբաժինը։ Մեկ պիքսելը, մեկ ֆրագմենտը։
Անգամ մեկ տողը, մի քանի վայրկյանը, ու ամենակարևորը՝ վերնագրման գրավիչ կառուցումը, փաթեթավորումը։
Փոքր, ավելի փոքր, էլ ավելի փոքր է դառնում տեղեկատվական մեկ միավորը։ Կարդում ենք նույնիսկ ոչ թե վերնագիրը, այլ վերնագրի առաջին երեք բառերը։
Եվ այս պայմաններում լրատվամիջոցները այլևս չեն կարող հավակնել օրվա պատկեր ցույց տվողների դերին։
Լրատվամիջոցները հարմարվում են ու իրենք խաղում հակիրճի ու գրավիչի ագրեգատորի դեր։ Ուզում են, որ իրենց նյութերը տարածվեն վարակի նման։
Իսկ եթե կա քաղաքական նախապատվություն ու քաղաքական ուժերի փող (իսկ դրանք գրեթե միշտ կան), այդ մանր միավորը դառնում է գերիշխող ու թելադրում է իր տրամաբանությունը լրատվամիջոցի ողջ բովանդակությանը՝ կոնկրետ թիրախներով։
Օրինակ, եթե ուզում են շատ դիտումներ ունենալ ու զուգահեռաբար լինել քաղաքապես «ճիշտ», բնակաբար ընտրում են սկանդալի, ատելության, հայհոյանքի ֆորմատը, քանի որ տեղեկատվության ամենամանր միավորը ատելության լիցքն է։ Հիմա, այս պահին, մեկ վայրկյանանոց լիցքեր են շպրտվում լսարանին։
Հայաստանում հիմա այնքան փխրուն իրավիճակ է, որ թվում է, թե լսարանի պիրկ նյարդերն ամեն առիթից էլ կարող են պայթել։ Այդ առիթը բաց չթողնելն է դառնում լուր-լուրիկների հոսքի նպատակը։ Ցանկացած մասնիկ գալիս-կպնում է այն հոսքին։
Օրինակ, Հայաստանում ամենախոշոր լրատվամիջոցներից մեկը՝ News.am-ը, Սյունիքի այցը մասնատել է որքան հնարավոր է շատ մասնիկների ու հերթով հրապարակում է։ Մեկ ռակուրսը բազմապատկվում է ու լրիվ կտրվում համատեքստից։ Մեկ, երկու, երեք ու ավելի անգամներ բեկորացված կտորներ են դուրս գալիս։
ա. «Արա, դավայ, ս…ր եղար». Փաշինյանը հեռացավ սյունեցիների հայհոյանքների ու սուլոցների ներքո,
բ. «Արա, սիկ…ր եղի, Նիկոլ». Փաշինյանը հեռացավ սյունեցիների հայհոյանքների ու սուլոցների ներքո
Լսելի լինելու ձգտող լրատվամիջոցը ձգտում է որքան կարելի է շատ հայհոյանք ու ատելության դրսևորում գտնել ու դրանք նանոմասնիկների վերածել։ Իսկ գտնել միշտ կարելի է։ Ու առանց սպասելու արագ լցնել ցանց։
Լրատվամիջոցները նանոմասնիկների լցնող են դառնում։
Իմաստավորելու ու ամբողջացնելու, առնվազն ավելի մեծ չափաբաժնով ու ավելի լայն համատեքստով բովանդակություն ստեղծելու գործառույթ, այլևս չեն կատարում, եթե մտածում են, որ ժամանակ չունեն հոսքից հետ մնալու։ Իսկ քաղաքական հովանավորները կամ ներշնչանքի ֆինանսովորողները նրանցից պահանջում են արագ ռմբակոծում փոքր տրամաչափի տեղեկատվական զենքով։
Այդ իրավիճակում մեծ հաշվով՝ լրագրողներն էլ պետք չեն, լրատվամիջոցներին բավական է հում նյութը անցկացնել մսաղացով, մանրացնել տեղեկատվությունը մի քանի կադրերի կամ բառերի (որքան հնարավոր է էքստրեմալ բառապաշարով, հրմշտոցով, վազքով, բախումի տպավորությամբ) ու միանալ հոսքին՝ հույսով, որ կլինեն լսելի, նկատելի, դիտելի։
Խնդիրն այն է, որ այդպես է լինելու այսուհետ։ Մեդիա դաշտում իշխելու է ծայրահեղն ու իր շուրջն է հավաքելու հասարակության ուշադրությունը։
Իսկ ծայրահեղ լարված Հայաստանում լսարանի քննադատական ու ինքնաքննադատական ունակությունը ձեռք է բերելու ոսկու գին։ Փոքր լուրիկների միջև կապեր հյուսելը թանկ ունակություն է։ Որ չստացվի, թե իրադարձությունը այլևս ճանաչելի չէ՝ տատանվելով ջերմորեն ընդունելության ու անպարկեշտ բառերով ատելության դրսևորման։
Որ հնարավոր լինի ինֆորմացիայի փշրանքներով հավաքել քիչ թե շատ իրական պատկեր։
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: