2021.04.20,

Քննադատ

Վերադարձ Մարկոնիի և Պոպովի գյուտին

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Ռադիոն, թվում է, թե անցյալ դար է արդեն։ Նույնիսկ մի քիչ էլ նախանցյալին է անցնում։ Եվ թվում էր, թե տարբեր ելևէջներով անցած ձայնային բովանդակությունն անհետանալու ճանապարհին է։ Բայց արի ու տես, որ ամեն ինչ արագ փոխվում է, և մենք կրկին վերադառնում ենք ռադիոյին, պարզապես նոր ֆորմատներով։ 

Վերջին տասը տարում եղավ մի քանի փորձ ռադիոն բերելու դեպի ցանց։ Ստեղծվում էին վեբ ռադիոներ։ Դրանք հիմա էլ կան, ունեն լսարան, բայց համեմատած այլ ֆորմատների հետ, միանշանակ այն չեն, ինչ կուզեին տեսնել, ավելի շուտ՝ լսել, ռադիոյի սիրահարները։ Դրանց քանակն էլ մնում է կայուն զուտ այն պատճառով, որ մարդիկ ստիպված են երկար ժամանակ անցկացնել մեքենաներում և պարզապես մեծ այլընտրանք չունեն խցանումներում։ 

Չնայած՝ եղած այլընտրանքներն արդեն իսկ հարվածում են ավանդական ռադիո բովանդակությանը, քանի որ անհատականացված երաժշտական սթրիմինգային ծառայութնունները, օրինակ Spotify, Apple Music, Yandex Music լուրջ հարված են ռադիոյին, որը չունի հնարավորություն ամեն մեկի համար առաջարկել իր սիրած երաժշտությունը։ Նաև մրցակցություն է առաջացնում աուդիոգրքերի արագ աճող շուկան։ 

Նման մի փորձ էր փոդքասթների առաջացումը։ 2000-ականնների կեսերին դրանք հայտնվեցին, մի քանի տարի որոշակի, ոչ շատ մեծ լսարան հավաքեցին (այդ ժամանակ ցանցում ընդհանրապես շատ մարդ չկար) ու կարծես թե դուրս եկան ասպարեզից։ 

Բայց մեկ էլ ամեն ինչ սկսեց փոխվել, աշխարհը կրկին դեմքով շուռ եկավ դեպի ձայնայինը։ Ու հենց բովանդակային ձայնայինը։ 

Հանկարծ հետաքրքրությունը փոդքասթներով միանգամից այնքան արագ բռնկվեց, որ Գուգլը 2018-ի երկրորդ կեսին ասպարեզ հանեց Google Podcasts-ը. իսկ հիմա արդեն որոնման մեջ փորձնականորեն սկսել է բլոկներով ներկայացնել ոչ միայն առանձնացված տեսանյութերը և լուսանկարները, այլ նաև փոդքասթները։ 

Հաջորդ փուլը սկսվեց արդեն այս տարի, երբ գրեթե անհայտ ClubHouse աուդիո չաթերի հարթակը, ինչպես ասում են հայաստանյան ինտելեկտուալ մամուլում՝ պայթեցրեց ողջ համացանցը։ 

Քլաբհաուսի լսարանի պայթյունային աճը, ըստ backlinko.com-ի

Ու գնաց։ Ինչպես հայտնի է, ինտերնետի զարգացման մի քանի հիմնարար գործոն կա։ Մեկը մարդկային ծուլությունն է։ Բայց սա այնքան էլ այսօրվա թեմա չէ։ 

Մյուսը՝ նախանձը։ Հենց Քլաբհաուսը սկսեց աճել, ցանցի ջոջերը միանգամից կորցրեցին առողջ մանկական քունը։ Անցավ ընդամենը մեկ ամիս, և Տելեգրամի խմբերում և ալիքներում ավելացան ձայնային չաթերը, որոնք ինչ-որ հարցերում նույնիսկ գերազանցում են Քլաբհաուսին։ Թեկուզ շատ պարզ մի հարցում․ Տելեգրամը աշխատում է նաև Անդրոյիդ համակարգի վրա, ինչով չի կարող դեռ պարծենալ Քլաբհաուսը։ Նաև այստեղ կարելի է պահպանել ձայնագրությունները, դրանք չեն անհետանում եթերի ավարտից հետո։

Հիմա էլ Ֆեյսբուքն է աուդիոն բերում առաջին պլան՝ մեծ փոփոխություններ առաջարկելով մոտ ապագայում։ 

Անպես որ, հայաստանյան լրատվամիջոցների համար ժամանակն է մտածելու փոդքասթինգի մասին։ Իսկ բիզնեսի համար՝ գովազդային բյուջեները ձայնային տիրույթ տեղափոխելու։ 

Վերջում էլ խորհուրդ տամ հայաստանյան փոդքասթերի հավաքածուն և «Լսիր ինձ հիմա» փոդքասթների հարթակը։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *