2021.04.09,

Քննադատ

Հույսը լրագրողական ժանր չէ, ինչպես փորձում է համոզել freenews.am-ի հետ փոխկապակցված պաշտոնյան

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Երբ ապրիլի 8-ի երեկոյան տեղեկություն տարածվեց, որ Բաքվից Հայաստան է վերադառնալու գերիների խումբը, դժվար էր ենթադրել, որ դա կարող է լինել ոչ ստույգ տեղեկություն: Մանավանդ, որ այն հաստատել էր վարչապետի մամուլի քարտուղարը։

Սակայն ինքնաթիռը վայրէջք կատարեց առանց գերիների։

Այդ լուրը հայտնվեց շատ ցավոտ համատեքստում։ Նախ՝ գերեվարված անձանց հարազատները լրջագույն հոգեբանական հարված ստացան, բացի դրանից՝ տեղեկատվական ալիքն էր այնքան մեծ ու զգացմունքային, որ կարելի է խոսել տեղեկատվական լիակատար անպաշտպանության մասին։ 

Լուրերի շղթան պարզապես խեղդեց հայաստանցիներին, որոնք փորձում էին հասկանալ, թե ինչպես է հնարավոր, որ լուրերը մեծ հաշվով, տեր չունենան։ Ավելին, հայտնվեն ու հերքվեն հենց իրադարձության հետ զուգահեռ և ոչ ոք հայտարարության ու հերքումի պատասխանատու չդառնա։

Գերիների վերադարձի լուրը առաջինը հայտնեց freenews.am-ը, գրելով, թե երբ և որտեղ է վայրէջք կատարելու Բաքվից Երևան ժամանող ինքնաթիռը՝ ռազմագերիներով։ 

Բնականաբար, այդ լուրը վերատպեցին տարբեր լրատվամիջոցներ ու սոցցանցային բնակիչներ որպես լավատեսություն ներշնչող առիթ, որին բոլորը երկար էին սպասում։ Հատկապես կարևոր էր, որ սկզբնաղբյուրի՝ freenews.am-ի, տնօրենը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կինն է։ 

Արատավոր ավանդույթի համաձայն՝ լրատվամիջոցի պատկանելիությունը (իր ստվերային կամ աչք ծակող կապերով) մեզ մոտ համարվում է չափանիշ, որով ստուգվում է այս կամ այն տեղեկատվության արժանահավատությունը։ Եվ շատերը մտածեցին, որ եթե ԱԺ փոխնախագահի հետ փոխկապացված լրատվամիջոցը դա գրում է, ուրեմն ինչ-որ բան գիտի հաստատ՝ հաշվի առնելով նոր ավարտված Փաշինյան-Պուտին հանդիպումը։ 

Ավելին, վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը դեռ ապրիլի 7-ին գրել էր, որ Փաշինյանը «գերիների հետ վերադարձի ապահովման հարցում լիարժեք ըմբռնում ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և այս ուղղությամբ ևս պայմանավորվածությունն անմնացորդ իրականացնելու կարծիքները համընկնում են»։

Ինքնաթիռը դիմավորելու համար օդանավակայան շտապեցին ոչ միայն ռազմագերիների հարազատները, այլև լրատվամիջոցները, սպասելով թեժ ինֆոառիթների։ Հետո, երբ պարզ դարձավ, որ առիթը միայն դատարկ ինքնաթիռն է, մարդիկ շարժվեցին դեպի ՊՆ՝ հանդիպում պահանջելով պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի հետ։ Փոխվարչապետի գրասենյակը տարածեց պարզաբանում, թե «գերիների վերադարձը հետաձգվում է»։

Տեղակատվական ալիքը իրոք շատ մեծ էր ու դիպել էր բոլորի նյարդերին, սրտերին, ուղեղին։

Եվ ամենաքիչը այս պատմության մեջ կարելի է մեղադրել լրատվականներին, որոնք վերահրապարակեցին արդեն իսկ շրջանառվող այդ նորությունը (թերևս միակ կշտամբանքը գերեվարված անձանց ծնողներին հարցազրույցների դրդելն էր, անգամ երբ նրանք դրան չէին ձգտում)։ 

Բայց շատ հարցեր են առաջանում freenews.am-ի և հատկապես այդ լրատվամիջոցի տնօրենի ամուսնու, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դերակատարման շուրջ։

Բոլոր լրագրողներն էլ, եթե իմանան, որ գերիներով ինքնաթիռ է ժամանում, չեն վարանի դա հրապարակել ու առավելագույն քանակի նյութեր քամել այդ նորությունից։ Դա ոչ լավ է, ոչ վատ, մեդիա դաշտն այդպես է գործում։ 

Եվ առավել տարօրինակ է, որ իմանալով մեր լրատվական դաշտի նման պայթյունավտանգ կառուցվածքն ու թեմայի հույժ լարված ճյուղավորումները, մեկ լրատվական իր վրա է վերցնում առաջինը հաճելի լուր (ապատեղակատվություն) հայտնելու հաճույքը։ Ինչու՞։

Ինչու՞ չսպասել, հատկապես, որ նման խանդավառությունը ոչ մի իրական հիմք չունի։ Որ դա անվտանգության հարց է, որ դեռևս չկա հաստատում, որ գործ ունենք մարդկային ցավի ու նաև անձնական տվյալների պաշտպանության հետ։ 

Ապրիլի 9-ին Ալեն Սիմոնյանը հարցազրույց տվեց ու ասաց, որ գերիների վերադարձը ոչ թե պայմանավորվածություն էր, այլ «հույս»։ 

«Հույս, որ ինքնաթիռի թռիչքը իր հետ լավ լուր կբերի»,- այսպես նա բացատրեց լուր-հույսի ծնունդը։ Նա ներողություն խնդրեց, որ նման ցնցումի է ենթարկել հասարակությանը։ Ըստ նրա՝ դա ադրբեջանական ապատեղեկատվություն էր, որի նպատակը վրդովմունք տարածելն ու խորացնելն է։

Տպավորություն էր, որ մինչ ինքնաթիռի ժամանումը ոչ ոք իրականում չգիտեր, կա՞ն այնտեղ ռազմագերիներ, թե՞ ոչ։ Եթե լինեին, առաջինը լուրը հայտնած լրատվականը ձեռք կբերեր լսարան ու կշիռ, իսկ եթե ոչ՝ Ալեն Սիմոնյանը ներողություն կխնդրի ու ամեն ինչ կհանդարտվի։

Նման բան հիմա ակնկալելը ոչ միայն միամտություն է, այլև ծաղր։ Ծաղրվում է պետական պաշտոնյանի ասածը։

Գումարած դրան, այն ծայրաստիճան անվստահությունը, որը ձևավորվել է Հայաստանի պետական աղբյուրների հանդեպ, արդեն հնարավոր չէ վերականգնել։

Իսկ եթե պետական պաշտոնյաների հետ փոխկապակցված լրատվամիջոցներն են դառնում հույս արտադրող գործարաններ, ուրեմն հաստատ ժամանակն է հույսը կտրել, որ ինֆորմացիան տեր ունի։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *